Մնացական Նահապետյան
Մնացական Հովհաննեսի Նահապետյան (1910, դեկտեմբերի 1 - 1983, հուլիսի 18) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956-ից։ Կրել է նաև Արճեշենց Քաջբերունի գրական անունը։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Արճեշ քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ Մեծ եղեռնի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղում։ 1931-ին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, 1940-ին` Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1931-36-ին Գորիսում, Հոկտեմբերյանում և Երևանում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ 1937-ին եղել է «Ավանգարդ» թերթի խմբագիրը, 1938-39-ին` ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-ից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1948-ին «Նաիրի Զարյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ 1959-61-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, 1961-65-ին` Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1966-71-ին` ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկտորի տեղակալը, 1971-74-ին «Լույս» հրատարակչության տնօրենը, 1974-77-ին` ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտորը։ Մահացել է Երևանում։[1]
[խմբագրել] Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն
- Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 411.