Մյուռոնօրհնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուռոնի կաթսա, որի մեջ օրհնվում է մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում յոթ տարին մեկ։

«Մյուռոն» բառի ծագումնաբանությունը «Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»։ Այն ծագում է հնախոսական օծել արմատից։ Իբրև այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը։ Այն լայնորեն գործածել են արևելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6)։ Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրև հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3)։ Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլևայլ համեմունքների և ծաղիկների միախառնումով։ Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3)։

Բաղադրամասեր Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ «Մաշտոց»Մյուռոնօրհնության կանոնում ասվում է, թե «գլխաւոր նիւթ սրբոյ Մեռոնին համարի ձէթ ի ձիթենեաց և իւղ պալասանի»։

Բալասանը փշատենու նման մի մշտադալար ծառի կեղևից ծորող անուշահոտ հեղուկն է։ Բալասանը նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետև եթե չփափկի, ապա կնստի Մյուռոնի կաթսայի հատակին և ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը և Մյուռոնում բալասանի պակասություն կլինի։ Այնինչ կանոնում ասվում է. «Որքան շատ իցէ պալասանն, այնքան գովելի է»։ Ահա այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով և մյուսում՝ ձիթենու յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի և միավորվի վերջինիս հետ, և այսպես առանձին պահում մինչև Մյուռոնի օրհնության օրը։

Մյուռոնօրհնության օր Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի։ Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որևէ մեկ այլ օր։ Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս և նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները և համանման մի շարք գործոններ՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը։

Ավագ Խորանի վրա Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով։ Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։