Միջին Դանուբյան դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին Դանուբյան դաշտավայի տոպոգրաֆիական քարտեզ

Միջին Դանուբյան դաշտավայր (խորվ.՝ Panonska nizina, չեխ.՝ Panonská pánev, հունգ.՝ Kárpát-medence, գերմ.՝ Pannonische Tiefebene, ռում.՝ Câmpia Panonică, ուկրաիներեն՝ Тисо-Дунайська низовина, սերբ.՝ Панонска низија, սլովեն.՝ Panonska nižina, բոսն.՝ Panonska nizija), տարածվում է Կենտրոնական Եվրոպայում` Ալպերի և Կարպատներ միջև, Դանուբ գետի միջին հոսանքում:

Միջին Դանուբյան դաշտավայը Սերբիայում

Միջին Դանուբյան դաշտավայրը տարածվում է Հունգարիայում (մեծ մասը), Սլովակիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Ավստրիայում, իսկ նրա հյուսիս-արևելյան մասը անցնում է Ուկրաինայի արևմտյան սահմանը:

Դաշտավայրը հիմնականում ծածկված է ծովային, լճային նստվածքներով և գետաբերուկներով: Նրա արևելյան մասի մակերևույթը հարթ է, արևմտյան մասում, առանձին վայրերում, կան ոչ բարձր լեռներ: Այստեղ կան նավթի, բնական գազի և ածխի հանքավայրեր, ինչպես նաև բոքսիտների խոշոր պաշարներ:

Միջին Դանուբյան դաշտավայրն ունի մեղմ կլիմա (հունվարի միջին ջերմաստիճանը մոտ -2°C է, իսկ հուլիսինը` մոտ +22°C, տարեկան տեղումների քանակը` 600 մմ.):

Դաշտավայրում գերակշռում են սևահողերը: Նրա բուսականությունը այսպիսին է. արևմուտքում տարածված է անտառատափաստանը, արևելքում` տափաստանը (պուշտան):

Դաշտավայրի մեծ մասը վերածված է վարելահողերի. մշակում են հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, բլուրների լանջերին տարածված են խաղողի և այլ պտղատու այգիներ: