Միջբջջային տարածություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջբջջային տարածություններ, միջբջջային խոռոչներ, բուսական հյուսվածքներում օդով կամ շրջապատող բջիջներից արտադրված խեժերով, եթերայուղերով, լորձով լցված խոռոչներ։ Ըստ առաջացման եղանակի տարբերում են 3 տիպի միջբջջային տարածություններ՝

  • Սխիզոգեն միջբջջային տարածությունները առաջանում են աճման և տարբերակման ընթացքում՝ հարևան բջիջների հեռացման հետևանքով։ Հաճախ անջատումը տեղի է ունենում մի քանի բջիջների միացման տեղում՝ առաջացնելով 3-4 անկյունանի (լայնական կտրվածքում), երկար ու նեղ խոռոչներ։ Բջիջների հետագա հեռացման շնորհիվ միջբջջային տարածություններ մեծանում են։ Այդպես են առաջանում հերձանցքերի ճեղքերը, ջրային բույսերի օդային խոռոչները, փշատերև բույսերի խեժային խողովակները, բարդածաղկավորների և հովանոցազգիների արտազատական խողովակները և այլն։
  • Լիզիգեն միջբջջային տարածությունները գոյանում են մի խումբ բջիջների լուծման հետևանքով, օրինակ՝ էվկալիպտի և ցիտրուսների պտղապատյանների արտաքին շերտում գտնվող արտազատական զետեղարանները։
  • Ռեքսիգեն միջբջջային տարածությունները բջիջների պատռման և հետագա մահացման արդյունքն են։ Այդպես են առաջանում բազմաթիվ հացազգիների և շրթնածաղկավորների միջհանգույցների խոշոր խոռոչները։

Երբեմն միջբջջային տարածությունները, սխիզոգեն առաջանալով, մեծանում են լիզիգեն կամ ռեքսիգեն ճանապարհով։ Միջբջջային տարածությունները նպատակահարմար գոյացություններ են, ապահովում են գազափոխանակությունը և գոլորշիացումը, ինչպես նաև ծառայում են որպես բույսերի նյութերի փոխանակության արգասիքների զետեղարան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 587