Միջազգային Բակալավրիատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային Բակալավրիատ (անգլ.՝ International Baccalaureate, IB), նախկինում Միջազգային Բակալավրիատ Կազմակերպություն (IBO), միջազգային կրթական հիմնադրամ հիմնադրված 1968 թ. գլխավոր գրասենյակը` Ժնևում, Շվեյցարիա[1][2]։ Առաջարկում է չորս կրթական ծրագրեր 3–19 տարեկան երեխաների համար[3]։ Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 146 երկրի 3668 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:

Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական քառաստիճան ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ) և ԿՍ (Կարիերայի սերտիֆիկատ):

Այս համակարգի կազմում գտնվող դպրոցներին ներկայացվում են շատ խիստ պահանջներ ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ բովանդակային հարցերում: Բոլոր աստիճաններում կիրառվող կենտրոնացված վերահսկողությունը, հետևողականությունը, մշտապես կատարվող բարեփոխումները, ուսումնական ծրագրերի մշտական վերանայումները, համակարգի բոլոր օղակներում աշխատող մասնագետների պարբերական պարտադիր վերապատրաստումները ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որ համակարգում սովորող աշակերտները գերազանց ու խոր գիտելիքներ ստանան: 2011 թ. Հայաստանը միացավ Միջազգային բակալավրիատի ծրագրեր իրականացնող երկրներին: «Քվանտ» վարժարանն առաջինն էր, որ դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով:

2013 թ.-ին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող վարժարանի 12 շրջանավարտներն ավարտական գնահատականներով՝ առանց քննության ընդունվեցին արտասահմանյան առաջատար բուհեր: «Դիպլոմա»-ն Միջազգային բակալավրիատի ամենաբարձր աստիճանի երկամյա ծրագիրն է, որն իրականացվում է 11-րդ և 12-րդ դասարաններում (նախատեսված է 16-19 տարիքային խմբի համար): Այն ավարտվում է երկրորդ տարվա վերջում՝ մայիս ամսին` Միջազգային բակալավրիատի կողմից իրականացվող քննություններով:

Ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Դրան հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Ամեն բան արվում է աշակերտի աշխարհայացքի ձևավորման, մտահորիզոնի ընդլայնման, վերլուծական մտածողության ձևավորման ու զարգացման համար:

«Դիպլոմա» ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները կարողանան համագործակցել խմբային աշխատանքի ժամանակ, ոչ միայն կարծիք հայտնեն, այլև կարողանան լսել ուրիշների ասածը, խմբի կարծիքը ներկայացնեն ու հիմնավորեն:

Թե՜ անհատական, թե՜ խմբային աշխատանքի ընթացքում ուսուցիչը ունի միայն ուղղորդող դեր: Այսինքն` ծրագիրը աշակերտակենտրոն է:

Դասերի ժամանակ մեծ կարևորություն է տրվում միջառարկայական կապերին: Տրված թեմաները դիտարկվում են տարբեր հարթություններում, տարբեր տեսանկյուններից, տարբեր գիտությունների ուսումնասիրության դիտակետից: Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ են դառնում, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում աշխարհի առաջատար համալսարաններում:

Հենց այս ամենի շնորհիվ ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ընդունելի է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություններ: Բոլոր այդ համալսարանները միանշանակոր ընդունում են, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտները ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ:

Ծրագիրն ընդգրկում է առարկաների վեց խումբ, ինչպես նաև միջուկը կազմող բաժինները՝ ընդլայնված ակնարկ (Extended Essay), իմացության տեսություն (TOK-theory of knowledge), ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում (CAS - creativity, action, service):

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "IB headquarters." International Baccalaureate. Retrieved on 25 September 2009.
  2. «Overview of the International Baccalaureate Organization»։ http://www.ibo.org/who/։ Վերցված է 2006-12-07։ 
  3. «Three Programmes at a Glance»։ http://www.ibo.org/programmes/։ Վերցված է July 15, 2009։