Միներալիզատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բերիլիում
լիթիում

Միներալիզատորներ, մագմայում և հիդրոթերմալ լուծույթներում լուծված դյուրացնդող ու քիմիապես բավական ակտիվ, հատկապես բարձր ջերմաստիճաններում, նյութեր։ Պնևմատոգեն լուծույթները հիմնականում կազմված են Միներալիզատորներից։ Հավանաբար, Li, Be, W և այլ մի շարք չցնդող միացություններ մագմայի բյուրեղացման դեպքում նույնպես Միներալիզատորների դեր են կատարում։ Միներալիզատորների առկայությունը մագմայում նվազեցնում է նրա մածուցիկությունը և բյուրեղացման ջերմաստիճանը, կարող է փոխել մագմայից միներալների անջատման կարգը և նպաստել խոշոր բյուրեղների աճին։ Միներալիզատորների ներկայությունը լուծույթներում խիստ մեծացնում է նրանց մետասոմատիկ քիմիական ակտիվությունը և առաջացնում բազմազան միներալային հանքավայրեր, որոնք տարբերվում են շրջապատող ապարների միներալներից։ Միներալիզատորները հաճախ չեն մտնում առաջացող միներալների բաղադրության մեջ, մասամբ էլ լոկ նպաստում են միներալների առաջացմանը՝ կատարելով կատալիզատորների դեր, որտեղից և ծագել է նրանց անվանումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 558