Միհայիլ Կոգըլնիչեանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհայիլ Կոգըլնիչեանու

Միհայիլ Կոգըլնիչեանու (Kogalniceanu) [6.9.1817, Յաշի (Ռումինիայում)— 20.6.1891, Փարիզ, թաղված է Յաշիում], ռումին պետական-քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակագիր, գրող։

Կենսագրություն[խմբագրել]

Սովորել է (18341838) Յաշում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Դասախոսել է (18431844) Միխայլովյան ակադեմիայում (Մոլդովա)։ Մոլդովայում հեղափոխական շարժման ճնշումից (1848-ի մայիս) հետո տարագրվել է և Մոլդովայի հեղափոխական կոմիտեի հանձնարարությամբ գրել ու հրապարակել է (1848) «Մոլդովայի ազգային կուսակցության ցանկությունները» ծրագրային գործը, որում առաջ է քաշել Մոլդովայի ու Վալաքիայի միավորումը ռումինական միասնական պետության մեջ։ 1859-ին մեծ դեր է կատարել ռումին, երկրների միավորման գործում, 18601861-ին գլխավորել է Մոլդովայի կառավարությունը, այնուհետև՝ դարձել Ռումինիայի մինիստր (1862) և պրեմիեր մինիստր (18631865)։ Նպաստել է մի շարք բուրժուա-դեմոկրատական օրենքների ընդունմանը (վանքապատկան հողերի պետականացում, հողային ռեֆորմ և այլն)։ Որպես երկրի արտաքին գործերի մինիստր (1876, 18771878) կարևոր դեր է խաղացել ռուս-թուրքական պատերազմին Ռումինիայի մասնակցության և անկախության հռչակման (9.5.1877) գործում։ Աշխատակցել է մի շարք պարբերականներում։ Տպագրել ու հրատարակել ռուսական «Dacia literara» (1840), «Arhiva roma-neasca» (18401841, 1845), «Steana Dunatrii» (18551860) պարբերականները, հրատարակել «Մոլդովական երկրի տարեգրությունները» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն (18451852), «Ռումինիայի ժամանակագրությունները» (հ. 1 — 3, 18721874), գրել «Վալաքիայի, Մոլդովայի և անդրդանուբյան վալաքների պատմություն» (1837), «Երեք օր Մոլդովայի պատմությունից» (1851) աշխատությունները, «Երկու կին ընդդեմ մեկ տղամարդու» (1840) պիեսը, «Կորած պատրանքներ» (1841), «Գավառացու վարքախոսությունը Յաշում» (1844) կենցաղային ակնարկները, «Սրտի խորհուրդները» (1850) անավարտ վեպը և այլն։ 1869-ին ընտրվել է ռումինիայի ակադեմիական ընկերության անդամ, 1887—1890-ին եղել Ռումինիայի ԳԱ պրեզիդենտ։ Միհայիլ Կոգըլնիչեանուն հայ ժողովրդի բարեկամն էր։ Իր աշխատություններում և քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Ռումինիայում ապրող հայերին։ «Մոլդովական երկրի տարեգրություններ»-ում և «Ռումինիայի ժամանակագրություններում հրատարակել է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնք արտացոլում են հայերի վաղեմությունը Ռումինիայում, նրանց խաղացած տնտեսական, քաղաքական ու մշակութային նշանակալի դերը երկրի կյանքում։ Սերտ հարաբերություններ ու նամակագրական կապեր է ունեցել ռումինահայ նշանավոր գործիչների հետ, եղել հայերի իրավունքների վերականգնման ջերմ պաշտպան։ Երկրի բարձրադիր ժողովում ռումինահայերի քաղաքական իրավունքների հարցը քննարկելու ժամանակ (12.11.1857) հանդես է եկել ի պաշտպանություն հայերի և Ռումինիայում ապրող բոլոր ազգությունների հետ հավասար քաղաքական իրավունքներ պահանջել նրանց համար (իրավահավասարությունը հռչակվել է 19.8.1858)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png