Միլտոն Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միլտոն Էրիկսոն (անգլ.՝ Milton Erickson; դեկտեմբերի 5 1901, Աուրում, Նևադա  - մարտի 25 1980, Ֆինիքս, Արիզոնա), ամերիկյան հոգեբույժ՝ մասնագիտացած բժշկական հիպնոսի մեջ։ Նրա մոտեցումը փոփոխված գիտակցությանը ընկավ մի ամբողջ ուղղության՝ էրիկսոնյան հիպնոսի հիմքում։ Նրա հոգեվերլուծական մոդելը դարձավ նյարդալեզվաբանական ծրագրավորման հիմքերից մեկը։ Միլտոն Էրիկսոնը Ամերիակայի կլինիկական հիպնոսի ասոցիացիայի հիմնադիրն ու առաջին նախագահն է։ Անդամակցել է Հոգեբուժության ամերիկյան ասսոցիացիային (American Psychiatric Association), Հոգեբանության ամերիկյան ասսոցիացիային (American Psychological Association), Հոգեպաթոլոգիայի ամերիկյան ասսոցիացիային։

Կենսագրություն[խմբագրել]

Նա մանկուց հիվանդ էր պոլիոմելիտով (ողնուղեղի ախտահարում), երկար տարիներ զրկված էր շարժվելու հնարավորությունից, չէր տարբերում ձայնի բարձրությունը և ուներ դալտոնիզմ։ Միլտոն Էրիկսոնը ծնվել է 1901 թ. ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ֆերմերների ընտանիքին պատկանող փոքրիկ տնակում։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 17 տարեկան հասակում, պոլիոմելիտ հիվանդության արդյունքում Էրիկսոնը ամբողջությամբ պարալիզացվում է և գամվում անկողնուն։ Նա հիշում է, որ այդ ժամանակ գրեթե ոչ մի զբաղմունք չուներ, քանի որ այն ամենը, ինչ տեսնում էր՝ իր հայրը, մայրն ու բուժքույր էին, որոնց հետ կոնտակտը միակողմանի էր՝ հոգատարություն վերջիններիս կողմից։ Նույնիսկ այդ պայմաններում Էրիկսոնը գտնում է իր զբաղմունքը, որն էլ ինչպես կպարզվի հետագայում՝ իր համաշխարհային ճանաչման առաջին քայլերն էին։ Հստակ կարողանալով օգտվել միայն տեսողությունից՝ նա սկսում է ուսումնասիրել ծնողների և բուժքրոջ շարժումները. «Ես սկսեցի ավելի սուր ընկալել մարդկանց ֆիզիկական գործողությունները և դա անչափ օգատակար էր։ Մարդիկ երբեմն կատարում են իրենց հակասող և դավաճանող շարժումներ, որոնցից փորձառու դիտողը շատ օգտակար ինֆորմացիա կարող է քաղել։ Շրջապատի հետ մեր կապերը մեծ մասամբ արտացոլվում են մարմնի շարժումների մեջ, այլ ոչ թե խոսքի»։ Սակայն Էրիկսոնը չսահմանափակվեց այդ ձեռքբերումով։ Իրեն բուժող բժիշկներն այս շրջանում պնդում էին, որ նա այլևս երբեք չի կարողանա քայլել։ Այս մտքին դեմ է դուրս գալիս Էրիկսոնը։ Օգտագործելով իր սահմանափակ հնարավորությունները՝ նա սկսում է ժամերով կենտրոնանալ իր մարմնում առաջացած նույնիսկ նվազագույն ազդակի վրա և փորձում զարգացնել դրանք։ Երկարատև քրտնաջան աշխատանքներից հետո՝ մեկ տարի անց, նա արդեն կաողանում է քայլել ձեռնափայտի օգնությամբ և աշխատանք է գտնում պահածոներ արտադրող գործարանում՝ ուսման փող հավաքելու համար։ Ամառային արձակուրդների համար իր բուժող բժիշկը խորհուրդ է տալիս Էրիկսոնին ամառը անցկացնել արևի տակ և ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածությամբ։ Այդպես Էրիկսոնը ուղևորվում է դեպի Միսիսիպի, և հունիսից մինչև օգոստոս անցկացնում այնտեղ։ Երեք ամիս շարունակ նա միայնակ թիավարում է՝ ունենալով միայն իր նավակը և սնունդի չնչին պաշարներ, այն դեպքում, երբ նա նույնիսկ ի վիճակի չէր երկու մետր ինքնուրույն լողալ։ Ձայնի բարձրությունը տարբերելու անկարողությունը հոգեբանի համար համարվում է բացասական կողմ, քանի որ այն նվազեցնում է այցելուի հուզական վիճակը զգալու հնարավորությունը, սակայն դա նույնպես չի կանգնեցնում Էրիկսոնին։ Ընդհակառակը, ձայնի տոները չտարբերելու պատճառով նա սկսում է ուշադրություն դարձնել ձայնի մոդուլյացիաներին և չշեղվել բովանդակության վրա։ Այսպիսով, նա բացահայտում է հուզական վիճակը ընկալելու լիովին այլ ոլորտ, որը լրացնում է մինչ այդ արդեն հայտնի խոսքի ընկալումը։ Բացահայտումը կայանում է հետևյալում՝ վարքի բազմաթիվ մոդելներ ավելի շուտ արտահայտվում են ոչ թե նրանով, թե ինչ ենք խոսում, այլ՝ թե ինչպես ենք խոսում։ Այս բացահայտումը պատկերավոր ներկայացնում է հենց ինքը Էրիկսոնը. «Ես հասկացա, որ կարող եմ ճանաչել դաշնակահարի տաղանդը ոչ թե իր նվագած երաժշտության ձայներից, այլ`թե ինչպես են նրա մատները դիպչում դաշնամուրի ստեղներին` վստահ, նուրբ, ուժեղ և միաժամանակ դիպուկ հպումներով։ Իրական արվեստը ենթադրում է շքեղ ֆիզիկական շարժումներ»: 1952 թ. պատահեց այն, ինչ բժշկական պրակտիկայում համարվում է բացառիկ դեպք։ Էրիկսոնը երկրորդ անգամ է հիվանդանում պոլիոմելիտով, և մարմնի աջ մասը լիովին պարալիզացվում է։ Սակայն Էրիկսոնը ընտրել էր պայքարի ճանապարհը, և արդեն մի տարի անց նա մասնակցում է բարդագույն ճանապարհորդության` ոտքով դեպի Ալպեր, որպես հենարան օգտագործելով միայն երկու փայտ։ Էրիկսոնը դարձել է բժշկական հիպնոսի աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, և հարստացնելով դասական հիպնոսը՝ դուրս է եկել նրա սահմաններից, մշակելով լիովին այլ մոտեցումներ տրանսի միջոցով բուժման համար, որը հետագայում անվանվել է էրիկսոնյան հիպնոս և առանց որի արդեն իսկ անհնար է պատկերացնել հիպնոսը։ Իր կյանքի վերջին տասնամյակում նա ծանր առողջական վիճակում է լինում։ Անհետ չկորած հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում, որի արդյունքում նա նորից պարալիզացվում է։ Անընդհատ տանջող գլխացավեր և խոսքի կորուստ։ Սակայն Միլտոն Էրկսոնին տեսնողները միշտ զարմանք ու հիացմունք են ապրել։ Իր կյանքի համար պայքարելու ցանկությամբ լի, կյանքը հաստատող դիրքորոշումով, միշտ կենսուրախ և ներկայով ապրող այս մարդը նույնիսկ կարողանում է վերականգնել իր խոսքը և շարունակել աշխատել։ 1980 թվականին Էրիկսոնը մահանում է։ Կյանքի վերջում նա ստանում է միջազգային ճանաչում՝ որպես հիպնոսի և կարճատև հոգեթերապիայի լավագույն մասնագետնեից մեկը։ Դոկտոր Միլտոն Էրիկսոնը 140 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է։ Նա համարվում է իր դարի լավագույն հոգեբաններից մեկը։ Բարդ և դժվարին անձնական և մասնագիտական կյանք անցնելով՝ Միլտոն Էրիկսոնը գրել է իր անունը հոգեբանության և մարդկության պատմության մեջոսկետառերով։