Մետանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետանյութերը (անգլերեն՝ Metamaterial) այն արհեստական միջավայրերն են, որոնք ունեն այնպիսի արտասովոր և օգտակար հատկություններ, որ բնական բյուրեղները չունեն։ Այդիպիսի միջավայրերի կիրառությունն այսօր խիստ ընդարձակ է, օրինակ, կատարյալ հայելիները, անտեսանելի ծածկույթները, կատարյալ կլանիչները և այլն։ Իզոտրոպ մետանյութերի, մասնավորապես, բացասական բեկման ցուցիչով միջավայրերի տեսական հետազոտությունները սկսվել են դեռևս անցած դարի կեսերից։ Մասնավորապես Վեսելագոն ցույց տվեց, որ այդպիսի միջավայրում ալիքային վեկտորը հակառակ է ուղղված Պոյնտինգի վեկտորին։ Ի տարբերություն իզոտրոպ մետանյութերի, անիզոտրոպ մետանյութերում բացասական բեկման համար անհրաժեշտ չէ, որ վերջինների դիէլեկտրիկական և մագնիսական թափանցելիությունների թենզորների բոլոր էլեմենտները միաժամանակ բացասական լինեն։

Անիզոտրոպ մետամատերիալները օժտված են անհամեմատ ավելի հարուստ օպտիկական հատկություններով։ Գիտական գրականութան մեջ հիմնականում հետևյալ դեպքերն են քննարկվել. երբ դիէլեկտրիկական և մագնիսական թափանցելիությունների թենզորների գլխավոր առանցքները կա´մ զուգահեռ, կա´մ ուղղահայաց են միջավայրերի բաժանման սահմանին, այսինքն, այն միջավայրերը, որոնց օպտիկական առանցքի դիրքը կամայական է, դեռևս մանրամասնորեն չեն քննարկվել։