Մետաղի կարծրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծրությունը մետաղի դիմադրությունն է իր մեջ խրվող, իրենցի կարծր մարմնի նկատմամբ։ Ըստ կարծրության մեծության կարելի է գաղափար կազմել կարծրության հետ կապ ունեցող մի շարք հատկությունների մասին։ Կարծրության փորձարկումը չի պահանջում հատուկ ձևի նմուշների կիրառում և կարող է իրագործվել անմիջապես, ինչպես նախապատրաստվածքների այնպես էլ պատրաստի արտադրանքների նկատմամբ, առանց դրանք քայքայելու և փչացնելու։ Փորձարկումը իրագործվում է շատ պարզ եղանակով և արագ։ Նշված առավելությունների շնորհիվ մեքենաշինության պրակտիկայում մետաղի կարծրությունը ամենատարածված ցուցանիշն է։ Առավել տարածված են կարծրության չափման Բրինելի, Ռոկվելի և Վիկերսի մեթոդները։ Բրինելի մեթոդի կիրառման դեպքում մխված պողպատից պատրաստված գնդիկը որոշակի բեռնվածության ազդեցությամբ խրում են մետաղի մեջ։ Ըստ Բրինելի կարծրության թիվը՝ HB-ն որոշում են ինչպես բեռնվածության (կգ) հարաբերությունը ստացված գնդաձև սեգմենտի ձև ունեցող դրոշմահետքի մակերեսին (մմ²)։ 450 HB միավորից ավելի կարծրության դեպքում Բրինելի մեթոդը կիրառելի չէ, քանի որ դեֆորմացվում է ինքը՝ գնդիկը։ Վիկերսի մեթոդի կիրառման դեպքում մետաղի մեջ խրում են հանդիպակաց նիստերի միջև 136º անկյուն ունեցող կանոնավոր քառանիստ բուրգի ձև ունեցող ալմաստե ծայրդիրը՝ ինդենտորը։ Վիկերսի կարծրության HV թիվը որոշվում է P բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի F մակերեսի (որը չափվում է նրա անկյունագծի մեծությամբ ) հարաբերությամբ՝ HV = P/F կգ/մմ² = 1.8544 P/a² կգ/մմ² ։ Վիկերսի մեթոդով կարելի է փորձարկել ցանկացած կարծրության (մինչև 1000 HV) և հաստության մետաղներ. հետևապես այն հանդիսանում է ունիվերսալ եղանակ։ Բրինելի և Վիկերսի կարծրության թվերը մինչև 450 միավոր պրակտիկորեն համընկնում են։ Ռոկվելի մեթոդը կիրառելիս մետաղի մեջ խրում են 120º գագաթի անկյուն ունեցող ալմաստե կոն։ Կարծրության թիվը որոշվում է ըստ կոնի խրման աստիճանի Ռոկվելի պայմանական միավորներով։ 150 կգ բեռնվածքի դեպքում կարծրությունը ըստ Ռոկվելի նշանակում են HRC (չափման սահմաններն են 20-67 HRC )։ Ավելի բարձր կարծրությամբ և փոքր հաստությամբ մետաղները չափվուն են 60 կգ բեռնվացքի տակ, այդ դեպքում Ռոկվելի կարծրությունը նշանակում են HRA։ 20-ից ցածր կարծրություն ունեցող մետաղները Ռոկվելի մեթոդով փորձարկելու համար ալմաստե կոնի փոխարեն կիրառվում է 1, 588 մմ տրամագիծ ունեցող մխված պողպատյա գնդիկ՝ 100 կգ բեռնվածքի տակ, այս եղանակով որոշված կարծրությունը նշանակվում է HRB։ Սա առավելապես օգտագործվում է բարակ մետաղաթերթերի փորձարկման ժամանակ։ Ըստ կարծրության հաճախ կարելի է դատել մետաղի այնպիսի հատկությունների մասին, որոնց փորձնական որոշումը շատ դժվար է։ Այսպես, ըստ Բրինելի կարծրությունը, որը պողպատի համար կապված է ժամանակավոր դիմադրության հետ σв=0.36, HB հարաբերակցությամբ, կողմնակիորեն ծառայում է պողպատի մշակվելիության ցուցանիշ։ Ըստ Ռոկվելի կամ Վիկերսի բարձր կարծրությունը ծառայում է մաշակայունության ցուցանիշ։ Կարծրության փորձարկումը լայն կիրառւմ են ինչպես պատրաստի արտադրանքի, այնպես էլ տեխնոլոգիական պրոցեսի տարբեր փուլերում մետաղի հսկման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png