Մենդելիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենդելիզմ, ուսմունք ժառանգականության օրինաչափությունների մասին, որը գենետիկայի հիմքը հանդիսացավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդելիզմի առաջացումը կապում են 1900 թվականին Խ. դե Ֆրիզի, Կ․ Կորենսի և Է․ Չերմակի կողմից Գ․ Մենդելի «Փորձեր բուսական հիբրիդների հետ» (1866) մոռացված աշխատանքի հայտնաբերման և հաստատման հետ։ Եթե Մենդելի հայտնագործությունները կատարվել էին բուսական հիբրիդների երկարատև հետազոտությունների հիման վրա, ապա այդ օրինաչափությունների «երկրորդ» հայտնագործումը և ճանաչումը պայմանավորված էր բջջի բաժանման, բեղմնավորման և զարգացման ուսումնասիրման հաջողություններով։

Մենդելիզմը և 20-րդ դարի սկզբին ստեղծված մուտացիաների տեսությունը սկզբում հակասություն առաջացրին «խիստ հետևողական» դարվինիստների և մենդելիստների միջև։

Խ. դե Ֆրիզը ենթադրում էր (1901-1903), որ մեկ «պրոգրեսիվ» մուտացիան բավական է նոր տեսակ ստեղծելու համար։

Յա․ Լոտսին (1912-1913) առաջ քաշեց գեների քանակի հաստատունության և անփոփոխելիության չհիմնավորված տեսություն։ Նշված տեսությունները հաշվի չէին առնում, որ միայն ժառանգականության օրինաչափություններով հնարավոր չէր բացատրել էվոլյուցիայի պրոցեսը։

Միաժամանակ շատ դարվինիստներ սխալմամբ ենթադրում էին, որ էվոլյուցիան կարող է ընթանալ միայն զանգվածային բնույթ կրող անընդհատ, աննշան փոփոխությունների հիման վրա։ Նրանք թշնամաբար էին ընդունում մենդելիզմը և մուտացիաների տեսությունը՝ աշխատելով ժխտել դրանով բացահայտված օրինաչափությունների համընդհանրությունը։

Ժառանգականության տեսության գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև մենդելիզմը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, որի համաձայն խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և որևէ նոր, եզակի հատկանիշ հնարավորություն չի ունենում պահպանվել։ Այդ պատճառով ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել նման հատկանիշը, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում։ Մենդելիզմը կարողացավ հերքել նշված տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։

Խաչասերման ժամանակ ամեն մի նոր ի հայտ եկող ժառանգական հատկանիշ կարող է մոտ սերունդներում չդրսևորվել, սակայն դա չի նշանակում, որ ժառանգականությունը որոշող գործոնը «միաձուլվել» կամ «կլանվել» է պոպուլյացիայում։ Ռեցեսիվ գեներով որոշվող հատկանիշները կարող են կրկին ի հայտ գալ հետագա սերունդներում։ Միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։

Մենդելիզմը հեղաշրջող դեր կատարեց կենսաբանության մեջ, ապացուցեց, որ ժառանգական գործոններն ունեն կորպուսկուլային (մասնիկային) դիսկրետ բնույթ, և սերնդից սերունդ դրանց անցումը կատարվում է վարիացիոն-վիճակագրական օրինաչափություններով։ Այդ նոր սկզբունքները թույլ տվեցին վճռել դարվինիզմի առաջ կանգնած դժվարությունները և մշակել ժամանակակից ուսմունք միկրոէվոլյուցիայի պրոցեսների մասին։ Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակովի բույսերի և ընտանի կենդանիների սելեկցիայի այժմյան մեթոդների տեսական հիմքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 460