Մենդելե Մոյխեր-Սֆորիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենդելե Մոյխեր-Սֆորիմ (իսկական ազգանունը՝ Բրոյդե, ըստ անձնագրի՝ Շոլոմ-Յակով Աբրամովիչ, 1835-1917), հրեա գրող։

Նախապես գրել է իվրիտով։ 1860 թվականին լույս է տեսել նրա «Աշխարհի դատաստանը» բանաստեղծությունների և հոդվածների ժողովածուն՝ ուղղված կրոնական մոլեռանդության և կահալների (հրեական համայնքի ժողով) պարագլուխների բռնությունների դեմ։ Գրողն այդ ժամանակ կանգնած էր լուսավորականության դիրքերում։ Պրոպագանդել է բնական գիտությունները, կազմել եռահատոր «Բնության պատմություն»-ը (1862-1867)։ 1862 թվականին գրել է «Լավ սովորեք» (2-րդ, ընդլայնված խմբագրությամբ՝ «Հայրեր և որդիներ», 1868) վիպակը։ 1860-ական թվականներին նրա հայացքները լուսավորական-նարոդնիկականից դարձել են հեղափոխական-դեմոկրատական։ Այդ շրջանում Մենդելե Մոյխեր-Սֆորիմն սկսել է գրել իդիշով՝ ժողովրդի խոսակցական լեզվով։ «Փոքրիկ մարդուկը» (1864) վիպակում ծաղրել է հարստության ձգտող խարդախներին։ Նույն ոգով է գրված նաև «Գորշուկաշուն կամ Քաղաքային բարերարների հրոսակ» (1869) դրամատիկական պամֆլետը, որտեղ պատկերված են հրեական միջավայրի դասակարգային բախումները։ Աշխատավորների նկատմամբ սիրով է տոգորված «Կաղ Ֆիշկան» (1869) վիպակը։ 1870-ական թվականների իր ստեղծագործության մեջ Մենդելե Մոյխեր-Սֆորիմը շարունակել է երգիծանքը («Յաբու», 1873, «Բենիամին Երրորդի ճանապարհորդությունը», 1878)։ «Երդմնադրյալ մատանի» (մաս 1-2, 1888), «Շլոյմե րեբ Հայիմ» (1894-1917, «Հայրեր և որդիներ»-ի վերամշակված տարբերակը) երկերում պատկերված է հրեա ժողովրդի կյանքը։ Մենդելե Մոյխեր-Սֆորիմը հրեական նոր գրականության առաջին դասականը, գրական լեզվի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել հրեական գրականության զարգացման վրա, թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png