Մեյձիի հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեյձի հեղափոխությունից)
Մեյձիի հեղափոխություն
Թվական {{{թվական}}}
Վայր {{{վայր}}}
Արդյունք {{{արդյունք}}}
Յոսիցունե Մինամոտո Յորիմոտոյի` Ճապոնիայի առաջին սյոգունի, հերոսապատումը` "Գիկեյ Կի"

Մեյձիի հեղափոխություն (ճապ.՝ 明治維新 Meiji Ishin), 1868 թվականին Ճապոնիայում կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացված բարեփոխումների համակարգ։ Չնայած որ Ճապոնիայում կայսրերը կառավարում էին նաև Մեյձիից առաջ, իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր Տոկուգավայի Սյոգունատի ձեռքում, որը կայսեր անունից երկրի փաստացի կառավարիչն էր 1603-1867 թվականներին։ Բարեփոխումների հիմնական դրույթները ամփոփվում են Երդման կանոնադրությունում։ Հեղափոխությունը առաջ բերեց հսկայական փոփոխություններ երկրի ներքին կյանքում՝ ընդգրկելով ինչպես Էդոյի ժամանակաշրջանը (հաճախ անվանվում է նաև Տոկուգավայի Սյոգունի ուշ ժամանակաշրջան), այնպես էլ Մեյձիի կառավարման սկզբնական շրջանը։

Արտաքին ազդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնացիները քաջ գիտակցում էին, որ զիջում են Արևմտյան աշխարհին, նամանավանդ այն բանից հետո, երբ ամերիկյան կոմմոդոր Մեթյու Ս. Փերրին Սև նավերով (ճապ.՝ 黒船, kurofune)՝ զինված նորագույն զենքերով և տեխնոլոգիաներով, որոնք մի քանի գլուխ գերազանցում էին ճապոնական ռազմանավերին, ժամանեց Ճապոնիա համաձայնագիր կնքելու համար, որն ամերիկացիներին հնարավորություն կտար ազատ մուտք գործել ճապոնական նավահանգիստներ՝ առևտուր իրականացնելու համար[1]։ Շիմաձու Նարիակիրայի նման անհատներ եկան այն եզրահանգման, որ նախաձեռնող լինելու դեպքում իրենք կարող են գերակայություն ապահովել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սեփական դռները բացել արտասահամանյան տեխնոլոգիաների առջև։ Չինացի գեներալ Լի Հոնգժանգը, հետևելով Արևմտյան տերությունների և Ճապոնիայի միջև հարաբերություններին, վերջինիս դեռևս 1863 թվականին համարում էր «Չինաստանի հիմնական ախոյանը», երբ վաղ էր խոսել Մեյձիի բարեփոխումների մասին[2]։ Մեյձիի հեղափոխության ղեկավարները գործում էին հանուն կայսերական իշխանության վերականգնման, միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել Ճապոնիան՝ գաղութային տերությունների կողմից սպառնացող վտանգին դիմագրավելու համար։ Դրանով ավարտին է հասցվում Սակոկույի դարաշրջանը, որը տևել էր շուրջ 250 տարի և նշանավորվել էր օտարերկրացիներին երկիր մուտք գործելու, իսկ ճապոնացիներին երկիրը լքելու դեպքում մահապատժի կիրառմամբ։ «Մեյձի» բառն նշանակում է «լուսավորյալ օրենք»։ Նպատակն էր «ժամանակակից նվաճումները» համադրել «արևելյան արժեհամակարգին[3]։ Նման քաղաքականության հիմնական ջատագովներն էին Իտո Հիրոբումին, Մացուկատա Մասայոշին, Կիդո Տակայոշին, Իտագակի Տայցուկեն, Յամագատա Արիտոմոն, Մորի Արինորին, Օկուբո Տոշիմիչին և Յամագուչի Նաոյոշին։

Կայսերականության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյձիի բարեփոխումների համար հիմք հանդիսացավ 1866 թվականի Սացումա-Չոշյու դաշինքը՝ կնքված Սաիգո Տակամորիի և Կիդո Տակայոշիի միջև, ովքեր Սացումա և Չոշյու տների բարեփոխումների ուղղվածության առաջնորդներն էին։ Վերոնշյալ երկու առաջնորդները աջակցեցին կայսր Կոմեիին (կայսր Մեյձիի հայրը) և միավորվեցին Սակամոտո Ռյոմայի հետ՝ նպատակ ունենալով վիճարկել Տոկագավայի սյոգունատի կառավարումը և վերականգնել կայսեր իշխանությունը։ Կայսր Կոմեիի մահվանից (1867 թվականի հունվարի 30) հետո՝ 1867 թվականի փետրվարի 3-ին կայսր Մեյձին բազմեց ճապոնական գահին։ Այդ ժամանակահատվածը Ճապոնիայում նաև աչքի ընկավ ֆեոդալական (ավատատիրական) կարգերից դեպի շուկայական տնտեսություն անցմամբ, ինչն էլ իր հերթին ճապոնական տնտեսությունը խորը կախվածության մեջ գցեց Արևմտյան տերություններից։ Պատմաբանները 19-րդ դարի 60-70-ական թվականների դեպքերը Ճապոնիայում գնահատում են որպես բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը, սակայն, մինչև վերջ չհասցվեց։ Երիտասարդ բուրժուազիան ցանկանում էր վերացնել ֆեոդալական սահմանափակումները վերափոխումների միջոցով, պահպանել իր հողային սեփականությունը և շահագործման կիսաֆեոդալական ձևերը։ Նա համաձայնության եկավ խոշոր հողատերերի հետ` ստեղծելով միապետական բուրժուա-կալվածատիրական ռեակցիոն դաշինք, և անավարտ թողեց հեղափոխությունը[4]։

Սյոգունատի կառավարման ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկուգավայի Սյոգունատը պաշտոնապես իր կառավարումն ավարտեց 1867 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Տոկուգավայի 15-րդ սյոգուն Տոկուգավա Յոշինոբուն «իր լիազորությունները փոխանցեց Կայսրին» և 10 օր անց հրաժարական տվեց։ 1868 թվականի հունվարի 3-ին պաշտոնապես վերականգնվում է կայսեր գերագույն իշխանությունը և կայսեր գլխավորությամբ ստեղծվում է նոր կառավարություն[5]։ Հենց այս ժամանակ էլ Յոշինոբուն զրկվում է նաև փաստացի իշխանությունից, և ավարտվում է կայսերական իշխանության ամբողջական վերականգնումը[6]։ Քիչ անց՝ 1868 թվականի հունվարին Տոբա-Ֆուշիմիի ճակատամարտով սկսվեց Բոշինի պատերազմը (Վիշապի տարվա պատերազմ), որտեղ Սացումայի և Չոշյույի ուժերը հաղթեցին նախկին սյոգունի ուժերին։ Դա կայսրին ստիպեց (կամ էլ թույլատրեց) Յոշինոբուին լիովին զրկել իշխանությունից՝ բեմահարթական կառուցելով սեփական իշխանության վերականգնման համար։ 1868 թվականի փետրվարի 3-ին կայսրը ձևական հրովարտակ ստորագրեց՝ հայտարարելով սեփական իշխանության վերականգման վերաբերյալ։

Ճապոնիայի կայսրը բոլոր օտար երկրների սուվերեններին և նրանց հպատակներին հայտարարում է, որ այս թույլտվությունը տրամադրվել է Տոկուգավայի սյոգուն Յոշինոբուին՝ իր դիմումի համաձայն կառավարելու իրավասությունը վերադարձնելու համար։ Հետագայում մնեք ենք տնօրինելու ներքին և արտաքին հարաբերությունները։ Հետևաբար կայսեր տիտղոսը պետք է փոխարինվի Տայկունի տիտղոսով, որտեղ էլ կնքվել են համաձայնագրերը։ Արտաքին քաղաքականություն իրականաղնող պաշտոնյաները նշանակվելու են մեր կողմից։ Ցանկալի է, որ դաշնագրի տերությունների ներկայացուցիչները նույնպես ճանաչեն այս հայտարարությունը։
- Մուցուհիտո, Հունվարի 3, 1868[7]

Տոկուգավայի բոլոր հողերը բռնագրավվեցին և հանձնվեցին «կայսեր հսկողությանը», ինչն նրանց արտոնյալ կարգավիճակ տրամադրեց Մեյձիի նոր կառավարության կողմից։ Ֆուհանքենի սանչիշեի հետ մեկտեղ՝ այս տարածքները բաժանվեցին 3 տիպի՝ քաղաքային պրեֆեկտուրաներ (府 fu), գյուղական պրեֆեկտուրաներ (県 ken) և արդեղ գոյություն ունեցող վարչական միավորները։ 1869 թվականին Տոսա, Հիզեն, Սացումա, Չոշու տիրույթների դայմյոները, ովքեր առավել վճռական հանդես եկան սյոգունատի դեմ, համոզվեցին «իրենց տարածքները հանձնել կայսերը»։ Արդյունքում մյուս դայմյոները նույնպես համոզվեցին՝ հնարավոր է, որ անդրանիկ անգամ Ճապոնիայում ստեղծելով կենտրոնացված կառավարոււթյուն, որն իրականացնում էր ուղղակի կառավարում բոլոր տիանքսիաների նկատմամբ։ Սյոգունատի որոշ ուժեր փախան Հոկայդո, որտեղ նրանք փորձեցին ստեղծել Էզոյի Հանրապետությունը, սակայն կայսրին հավատարիմ ուժերը 1869 թվականի մայիսին Հոկայդոյում Հակոդատեի ճակատամարտում վերջ դրեցին այդ փորձերին։ Նախկին սյոգունի զորաբանակի (Էնոմոտո Տակակիի և Հիջիկատա Տոշիձոյի գլխավորությամբ) ջախջախումը ազդարարեց Տոկուգավայի սյոգունատի վերջնական ավարտը՝ ամբողջովին վերականգնելով կայսեր իշխանությունը։ Ի վերջո, 1871 թվականին նախկին և ներկա դայմյոները կանչվեցին կայսեր մոտ, որտեղ հայտարարվեց, որ այժմ բոլոր տիրույթները վերդարձվում են կայսրին։ Դրանով վերանում է տիրութային կառավարման համակարգը։ Շուրջ 300 տիրույթներ (藩 han) վերածվեցին պրեֆեկտուրաների, որոնց յուրաքանչյուրը կառավարվում էր պետության կողմից նշանակված նահանգապետերի կողմից։ 1888 թվականին մի քանի պրեֆեկտուրաներ միավորվեցին, ինչի արդյունքում վերջիններիս թիվը կրճատվեց հասնելով 75-ի։ Դայմյոներին խոստացվեց իրենց ֆեոդալների եկամուտների 1/10-ը՝ իբրև մասնավոր եկամուտ։ Ավելի ուշ, նրանց պարտքերը և սամուրայների վճարները պետք է ընդունվեին պետության կողմից։

Ռազմական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի կայսր Մուցուհիտոն օտար տերությունների ներկայացուցիչչների հետ Բոշինի պատերազմի ավարտին, 1868-1870 թվականներ

Կայսր Մեյձին 1868 թվականին իր Երդման կանոնադրությունում հայտատարարեց. «Գիտելիքը կփնտրվի աշխարհով մեկ, և դրանով կայսերական իշխանության հիմքերը կամրապնդվեն»[2]։ Մորի Արինորիի ղեկավարությամբ՝ Ճապոնիայի մի խումբ առաջատար մտավորականներ 1873 թվականին հիմնեցին «Մեյձիի 6-րդ տարվա հասարակությունը» (明六社 Meirokusha)՝ նպատակ ունենալով տարածել «քաղաքակրթություն և լուսավորականություն»՝ ժամանակակից գաղափարների և բարոյագիտության միջոցով։ Սակայն իշխանության վերականգնման ժամանակ, քաղաքական իշխանությունը սյոգուններից ուղղակիորեն անցավ օլիգարխիային։ Հիմնական առաջնորդներն էին Օկուբո Տոշիմիչին և Սայգո Տակամորին Սացումա պրովինցիայից և Իտո Հիրոբումին, Յամագատա Արիտոմոն ու Կիդո Տակայոշին Չշոշու պրովինցիայից։ Դա ցույց էր տալիս նրանց հավատն առ կայսերական կառավարման ավանդական գործելաոճը՝ համաձայն որի, Ճապոնիայի կայսրը հանդես էր գալիս լոկ իբրև ազգի հոգևոր հեղինակություն, իսկ նրա նախարարները երկիրը կառավարում էին նրա անունից։

Մեյձիի օլիգարխիան, որն կայսեր իշխանության ներքո կառավարություն էր ձևավորել, առաջինը քայլեր ձեռնարկեց իշխանության ամրապնդման համար։ Այդ քայլերն հիմնականում ուղղված էին Էդոյի դարաշրջանի կառավարության, սյոգունատի, դայմյոների և սամուրայների դասի մնացուկների դեմ։ Օլիգարխները նաև ձգտում էին չեղարկել հասարակության չորս դասերը (մտավորականներ, գյուղացիներ, արհեստավորներ, առևտրականներ)[8]։ Այդ ժամանակ ողջ Ճապոնիայի տարածքում հաշվվում էր շուրջ, 1,9 միլիոն սամուրայ։ Համեմատության համար նշենք, որ դա 10 անագամ ավելի էր 1789 թվականի ֆրանսիական հեղափոխության ժամանակ արտոնյալ դասի թվաքանակից։ Ավելին, սամուրայաները Ճապոնիայում ոչ միայն իրենց զգում էին «լորդերի» նման, այլև նրանցից շատերը անգամ ստրուկներ ունեին։ Քանի որ սամուրայները պետականորեն ամրագրված թոշակ էին ստանում, նրանց ապահովումը կառավարության համար մեծ բեռ էր ներկայանցնում։ Հենց դա էլ օլիգարխիային ստիպեց անցնել կտրուկ քայլերի։ Ազդարարվում է մի երկարատև գործընթացի սկիզբ, որն ի վերջո պետք է հանգեցներ սամուրայների դասի վերանալուն։ Նախ 1873 թվականի հայտարարվեց, որ սամուրայների թոշակները պետք է հարկվեին սահմանված կարգով։ Հաջորդ տարում սամուրայներին թույլատրվեց իրենց թոշակները ներդնել պետական պարտատոմսերում։ Ի վերջո, 1876 թվականին այս փոփոխությունը դարձավ պարտադիր։ 1873 թվականին զինված ուժերի բարեփոխման համար կառավարությունը հրապարակում է զինապարտության հատուկ որոշում, որի համաձայն բոլոր տղամարդիկ 21 տարին լրանալու պես պետք է 4 տարի ծառայեին բանակում, իսկ դրանից հետո ևս 3 տարի պահեստազորում։ Սամուրայաների և գյուղացիների միջև հիմնական տարբերությոընը այն էր, որ գյուղացիներին արգելվում էր զենք կրել։ Իսկ այժմ սամուրայները զրկվում էին այդ «առավելությունից»։ Ավելին, նրանց արգելվում էր զենքով զբոսնել քաղաքում, ինչն ընդգծում էր նրանց կարգավիճակը։ Այս ամենը խռովություններ առաջացրեց դժգոհ սամուրայների շրջանում։ Նշանավոր էր Սայգո Տակամորիի ղեկավարած Սացումայի ապստամբությունը, որն վերաճեց քաղաքացիական պատերազմի։ Այս ապստամբության ժամանակ իրենց մարտական մկրտությունը ստացան Ճապոնիայի նորակազմյալ զինված ուժերը, որոնք մարզվել էին արևմտյան զենքերով և մարտավարությամբ։ Թեպետ բանակի միջուկը հիմնականում կազմված էր Տոկիոյի ոստիկանությունից, որի անդամները առավելապես նախկին սամուրայներն էին։ Սա մեծ ազդակ էր ապստամբ սամուրայների համար՝ մատնանշելով, որ նրանց դարաշրջանն անցել է։ Գնալով սամուրայների ապստամբությունները նվազում էին, և նրանք դանդաղ քայլերով ինտեգրվում էին հասարակության կազմում։ Սամուրայների ոգու մասին պատկերացումները մնացել էին ռոմանտիկ հիշողություններում, և հաճախ Ճապոնական կայսրության կողմից կիրառվում էին իբրև քարոզչական գործիք 20-րդ դարասկզբի պատերազմներում։ Դրա հետ մեկտեղ սամուրայների մեծագույն մասը գոհ էր իրենց նոր կարգավիճակից։ Մեծ մասը աշխատանք գտավ կառավարական բյուրոկրատական ապարատում, որն իրենից ներկայացնում էր էլիտար դաս։ Սամուրայները, ժողովրդի մեծագույն մասից ավելի լավ կրթված լինելով, դարձան ուսուցիչներ, զինագործներ, պետական չինովնիկներ կամ զինվորականներ։ Թեպետ սամուրայների պաշտոնական կոչումը վերացվել էր, սակայն էլիտար ոգին դեռևս պահպանվում էր։ Միաժամանակ, 1873 թվականին օլիգարխները ձեռնամուխ եղան նաև ագրարային բարեփոխումների իրականացմանը։ Մասնավորապես, օրինականցվեց հողի վարձակալությունը, որն ավանդաբար կիրառվում էր դեռևս Տոկուգավայի ժամանակաշրջանից։ Չնայած սյոգունների քայլերին ուղղված 4 խավերի պահպանմանը՝ նրանց կառավարման ժամանակ գյուղացիները սկսում են իրենց հողերը տրամադրել ֆերմերներին՝ միաժամանակ հարստություն կուտակելով այդ ժամանակահատվածում։ Դրա պատճառով հիմնովին խախտվեց նախկին դասային համակարգը, որն էլ հանգեցրեց սյոգունների և բակուֆուների դերակատարման անկմանը։ Ճապոնիայի զինվորականությունը, որոնք ամրապնդվել էին համազգային զորահավաքով և սամուրայական ոգով, համաձարկվում էր իրեն համարել բարգավաճող գերտերություն, քանի որ Ճապոնիան հաղթել էր չին-ճապոնական և ռուս-ճապոնական պատերազմներում։

Իշխանության կենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ կենտրոնաձիգ պետության ստեղծման ճանապարհին, հասարակական դաշտում ռադիկալ փոփոխություններից բացի, կառավարությունը ընտրեց գերակայող ազգային բարբառը, որն անվանվում էր «ստանդարտ լեզու», որն եկավ փոխարինելու բազմաթիվ տեղական բարբառները։ Այն հիմնված էր Տոկիոյի սամուրայական դասերի նմուշների վրա։ Վերջիվերջո այս բարբառը ընդունելի դարձավ կրթական, ԶԼՄ-ների, տեղեկատվության, բիզնեսի և պաշտոնական գրագրության ոլորտներում[9]։ Մեյձիի հեղափոխությունը և նրան հաջորդող Ճապոնական արդիականացումը մեծապես ազդեցին նաև ազգային ինքնության փոխակերպման և ասիակքան հարևանների հետ հարաբերությունների հաստատման վրա, քանի որ Ճապոնիան առաջին երկիրն էր, որն ընտրեց արդիականացման եվրոպական ուղին։ Արդյունքում՝ փոխվեց նախկինում չինական ազդեցությամբ գործող կոնֆուցիական աստիճանակարգությունը[10]։

Արդյունաբերական առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյձիի հեղափոխությունը արագացրեց Ճապոնիայի արդյունականացումը՝ հանգեցնելով վերջինիս ռազմական ներուժի աճին՝ 1905 թվականին որդեգրելով հետևյալ կարգախոսը. «Պետության հարստացում, զինված ուժերի ամրապնդում»։ Ճապոնիայի արագ արդյունաբերականացումը և արդիականացումը թույլատրեցին և միաժամանակ պարտադրեցին արտադրանքի զգալի աճ և ենթակառուցվածքների մեծացում։ Ճապոնիայում սկսեցին կառուցվել նավամատույցներ, երկաթե գործարաններ և մանածագործական ֆաբրիկաներ, որոնք հետագայում վաճառվեցին բազմաթիվ կապերի տեր և հաջողակ գործարարներին։ Այդպիսով, տեղական ընկերությունները սկսեցին կիրառել արևմտյան տեխնոլոգիաներ։ Դրա շնորհիվ նրանց արտադրանքը միջազգային շուկայում վաճառվում էր բավականին էժան գնով։ Միաժամանակ արդյունաբերական գոտիների թիվը բավականին արագ էր ավելանում, ինչի հետևանքով գյուղական բնակավայրերից սկսվեց զանգվածային միգրացիա դեպի արդյունաբերական կենտրոններ։ Արդյուբերականցմանը զուգընթաց զարգանում էին նաև երկաթգծի շինարարությունը և կապի և հաղորդակցման արդի միջոցները[11]։

Ճապոնիայում հում մետաքսի արդարանքը և արտահանումը (տոննաներով)
Տարի Արտադրանք Արտահանում
1868-1872 1026 646
1883 1682 1347
1889-1893 4098 2444
1899-1903 7103 4098
1909-1914 12460 9462
Ածուխի արտադրություն
Տարի Միլիոն
տոննա
Միլիոն
Երկար տոննա
Միլիոն
Կարճ տոննա
1875 0.6 0.59 0.66
1885 1.2 1.2 1.3
1895 5 4.9 5.5
1905 13 13 14
1913 21.3 21.0 23.5

Ածուխն անհրաժեշտ էր շոգենավերի և շոգեքարշների համար։ Այս ոլորտների աճը ցուցադրված է ստորև։

Առևտրական նավերի թիվը
Տարի Շոգեքարշների թիվը
1873 26
1894 169
1904 797
1913 1,514
Գնացքի երթուղու երկարությունը
Տարի մն կմ
1872 18 29
1883 240 390
1887 640 1,030
1894 2,100 3,400
1904 4,700 7,600
1914 7,100 11,400

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.
  2. 2,0 2,1 Henry Kissinger On China. 2011 p.79
  3. Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al.. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.
  4. Լավրենտի Անանյան, Լիդա Պետրոսյան, Տնտեսական պատմություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2005, էջ 115-116։
  5. Գևորգ Քիլիմջյան, Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի Միջնադարի ու Նոր ժամանակների պատմություն, Դասախոսություններ, Երևան, 2017, էջ 165
  6. "One can date the 'restoration' of imperial rule from the edict of 3 January 1868." Jansen (2000), p. 334.
  7. Quoted and translated in A Diplomat In Japan, Sir Ernest Satow, p. 353, 978-1-933330-16-7
  8. Fairbank, 108.
  9. Bestor, Theodore C. "Japan." Countries and Their Cultures. Eds. Melvin Ember and Carol Ember. Vol. 2. New York: Macmillan Reference USA, 2001. 1140-1158. 4 vols. Gale Virtual Reference Library. Gale. Pepperdine University SCELC. 23 November 2009 [1].
  10. Shih, Chih-yu (Spring 2011). «A Rising Unknown: Rediscovering China in Japan's East Asia». China Review. Chinese University Press. 11 (1): 2. JSTOR 23462195. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  11. Yamamura, Kozo (1977). «Success Illgotten? The Role of Meiji Militarism in Japan's Technological Progress». The Journal of Economic History. Cambridge University Press. 37 (1). JSTOR 2119450. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akamatsu, Paul (1972). Meiji 1868: Revolution and Counter-Revolution in Japan. New York: Harper & Row. էջ 1247.
  • Beasley, William G., . (1972). The Meiji Restoration. Stanford: Stanford University Press. {{cite book}}: |first= has numeric name (օգնություն)
  • Beasley, William G. (1995). The Rise of Modern Japan: Political, Economic and Social Change Since 1850. New York: St. Martin's Press.
  • Craig, Albert M. (1961). Chōshū in the Meiji Restoration. Cambridge: Harvard University Press.
  • Jansen, Marius B.; Gilbert Rozman, eds. (1986). Japan in Transition: From Tokugawa to Meiji. Princeton: Princeton University Press. {{cite book}}: |author2= has generic name (օգնություն)
  • Jansen, Marius B. (2000). The Making of Modern Japan. Cambridge: Harvard University Press.
  • Murphey, Rhoads (1997). East Asia: A New History. New York: Addison Wesley Longman.
  • Satow, Ernest Mason. A Diplomat in Japan. ISBN 4-925080-28-8.
  • Wall, Rachel F. (1971). Japan's Century: An Interpretation of Japanese History since the Eighteen-fifties. London: The Historical Association.
  • Breen, John, 'The Imperial Oath of April 1868: ritual, power and politics in Restoration Japan', Monumenta Nipponica,51,4 (1996)
  • Francisco Barberan & Rafael Domingo Osle, Codigo civil japones. Estudio preliminar, traduccion y notas (2 ed. Thomsons Aranzadi, 2006).
  • Harry D. Harootunian, Toward Restoration (Berkeley: University of California Press, 1970), "Introduction", pp 1 – 46; on Yoshida: chapter IV "The Culture of Action - Yoshida Shōin", pp 184 – 219.
  • Najita Tetsuo, The Intellectual Foundations of Modern Japanese Politics (Chicago & London: University of Chicago Press), chapter 3: "Restorationism in Late Tokugawa", pp 43 – 68.
  • H. Van Straelen, Yoshida Shōin, Forerunner of the Meiji Restoration: A Biographical Study (Leiden: E. J. Brill, 1952).
  • David M. Earl, Emperor and Nation in Japan (Seattle: University of Washington Press, 1972), on Yoshida: "Attitude toward the Emperor/Nation", pp 161 – 192. Also pp. 82 – 105.
  • Marius B Jansen, Sakamoto Ryōma and the Meiji Restoration (New York: Columbia University Press, 1994) especially chapter VIII: "Restoration", pp 312 – 346.
  • W. G. Beasley, The Meiji Restoration (Stanford, California: Stanford University Press, 1972), especially chapter VI: "Dissenting Samurai", pp 140 – 171.
  • Conrad Totman, "From Reformism to Transformism, bakufu Policy 1853-1868", in: T. Najita & V. J. Koshmann, Conflict in Modern Japanese History (New Jersay: Princeton University Press, 1988), pp. 62 – 80.
  • Jansen, Marius B.: The Meiji Restoration, in: Jansen, Marius B. (ed.): The Cambridge history of Japan, Volume 5: The nineteenth century (New York: Cambridge UP, 1989), pp. 308–366.
  • Robert W. Strayer, Ways of the World with Sources Vol. 2 (2nd ed.), pp 950 (2013)