Մեծ ճահճահովվիկ (անգլ.՝ Porzana porzana), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը 21-25 սմ է[1], թևերի բացվածքը՝ 37-42 սմ, քաշը 80-130 գ[2]։ Հասունի փետրածածկը վերևից դարչնագույն է, դիմային մասը՝ մոխրագույն։ Կուրծքը պատված է խիտ սպիտակ պտերով։ Ներքնապոչը բաց դարչնագույն-դեղին է։ Կտուցը դեղին է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն։ Երիտասարդի դիմային մասը բաց գույնի է, կզակն ու կոկորդը՝ սպիտակ, կտուցը՝ կանաչավուն։ Կուրծքը և մարմնի կողքերը սպիտակ պտերով են։ Թաքնված թռչուն է։ Լողալիս և քայլելիս պոչը տմբտմբացնում է։
Բնակվում է ճահճուտներում, դանդաղահոս գետակներում։ Սնվում է ջրային միջատներով, բույսերով։ Բույնը նման է հարթակի, պատրաստում է ջրային բույսերից, բնադրում է ջրի մոտակայքում։ Դնում է 34 մմ տրամագծով, ձիթապտղա-դարչնագույն՝ կարմրադարչնագույն պտերով 10-12 ձու։ ՀՀ-ում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1990 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։