Մեծ Եղբայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«1984» վեպի հերոս Մեծ Եղբայրը ցուցապաստառի վրա

Մեծ Եղբայր (երբեմն թարգմանում են նաև որպես Ավագ Եղբայր) (անգլ. Big Brother), Ջորջ Օրուելի «1984» վեպի հերոս, Օվկիանիա պետության և «Անգսոց» կուսակցության միանձնյա ղեկավարը։ «Մեծ եղբայր» եզրույթը կիրառվում է բնորոշելու բոլոր այն ինստիտուտների և կառույցների ամբողջությունը, որոնք ոտնձգություն են կատարում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և նրա անձնական կյանքի նկատմամբ։

Կերպարը[խմբագրել]

«Մեծ եղբայր»-ը նկարագրվում է որպես սև բեղերով տղամարդ, ով մոտավորապես 45 տարեկան է. ունի կոշտ, սակայն միևնույն ժամանակ գրավիչ դեմք։ Գրքում «Մեծ եղբոր» դեմքը ցուցադրվում է Լոնդոնի ողջ տարածքում կախված բազմաթիվ ցուցապաստառներում։

Aquote1.png
— Յուրաքանչյուր հրապարակում պատից նայում էր միևնույն դեմքը: Դիմանկարն այնպես էր արված, որ ուր էլ որ կանգնեիր, աչքերը քեզ բաց չէին թողնում: ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԵԶ,- ասվում էր գրության մեջ: «1984», մաս առաջին, գլուխ առաջին:
Aquote2.png


Հեռուստահաղորդումներում նա հանդես է գալիս որպես ողջ Օվկիանիայի անսխալական առաջնորդ։ Արդյոք գոյություն ունի Ավագ Եղբայրը որպես անձ, թե միայն քարոզչության կողմից ստեղծված կերպար է, ոչ ոքի հայտնի չէ։ Գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթը հարցնում է իր դահիճ Օ'Բրայենին. «Արդյոք նա գոյություն ունի այն իմաստով, որով ես գոյություն ունեմ»։ Օ'Բրայենը պատասխանում է, որ Ավագ Եղբայրը անմահ է և գոյություն ունի որպես կուսակցության մարմնավորում։

Ճանապարհ դեպի իշխանություն[խմբագրել]

Մեծ Եղբայրը հիսունական թվականներին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հեղափոխության առաջնորդներից մեկն էր եղել։ Ավագ Եղբոր միահեծան իշխանության հաստատումը սկսվել էր 1960 թ.-ին. այդ ժամանակ էլ սկսվում է հեղափոխությանն անմիջականորեն մասնակցած կուսակցական ղեկավարների ջարդը։ Մասնավորապես, վաթսունական թվականների կեսերին կեղծ մեղադրանքներով մահապատժի են ենթարկվել կուսակցական ղեկավարներ Ջոնսը, Արոնսոնը և Ռեզերֆորդը, իսկ Էմանուել Գոլդսթեյնը փախել էր երկրից։ 1970-ական թթ.-ի սկզբին Ավագ Եղբայրը դառնում է Օվկիանիայի միանձնյա առաջնորդը։ Նրա իշխանության գալուց հետո ամբողջությամբ վերաշարադրվում է Օվկիանիայի պատմությունը, Ավագ Եղբայրը դառնում է նրա միակ գործող անձը և կուսակցական առաջնորդը դեռևս մինչհեղափոխական ժամանակաշրջանից։

Հնարավոր նախատիպերը[խմբագրել]

«Երկիրը քո կարիքն ունի», Հորացիո Կիտչեները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա անգլիալեզու ցուցապաստառի վրա
Իոսիֆ Ստալին` Մեծ Եղբոր հնարավոր նախատիպերից

Գոյություն ունի մի քանի տարբերակ, թե ով կարող է իրականում լինել Ավագ Եղբոր նախատիպը։ Օվկիանիայի բռնապետի որպես հնարավոր նախատիպեր նշում են Իոսիֆ Ստալինին և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմական նախարար Հորացիո Հերբերտ Կիտչեներին։ Այս մարդկանց արտաքինը և կառավարման ոճը համընկնում է վեպում նկարագրված Մեծ Եղբոր կերպարի հետ։

Թարգմանության խնդիրները[խմբագրել]

Խոսակցական անգլերենում «Մեծ Եղբայր»-ը նշանակում է (անգլ. «Big Brother») «ավագ եղբայր», այսինքն եղբայր, որը մեծ է ոչ թե չափսերով, այլ տարիքով։ Ռուսերեն մի շարք թարգմանություններում տարածված է «ավագ եղբայր» տարբերակը, իսկ ահա վեպի ֆրանսերեն թարգմանությունում թողնվել է հենց անգլերեն տարբերակը` «Big Brother»։

Զանգվածային մշակույթում[խմբագրել]

Վեպի հրատարակությունից հետո «Մեծ Եղբայր» անվանումը հատուկ դարձավ այնպիսի պետությունների և կազմակերպությունների համար, որոնք փորձում են ամբողջական վերահսկողություն հաստատել իրենց ենթակաների կամ ողջ ազգաբնակչության վրա։

1998 թ.-ին սահմանվել է ամենամյա «Մեծ Եղբոր մրցանակ»-ը, որը տրվում է կազմակերպության կամ պետության կողմից սեփական քաղաքացիների իրավունքների ամենաբիրտխախտումներիհամար։