Մեխանիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանիցիզմ, աշխարհըմբռնում և մտածողության եղանակ, ըստ որի բնության բազմազան երևույթների հիմքում ընկած են մեխանիկական շարժման օրենքները, ուստի և դրանք հանգեցնելի են այդ օրենքներին, բացատրելի են դրանցով։ Մեխանիցիզմը բնորոշ է եղել նոր ժամանակի բնագիտությանը և փիլիսոփայությանը, որոնց դասական ներկայացուցիչները (Ռ․ Դեկարտ, Գ․ Գալիլեյ, Ի․ Նյուտոն, Պ․ Լապլաս, Ֆ․ Բեկոն, Թ․ Հոբս, ֆրանսիացի մատերիալիստներ) հնարավոր էին համարում բնության բոլոր երևույթներն արտածել մեխանիկայի օրենքներից և ներկայացնել մաթեմատիկական հավասարումների տեսքով։ Այս մտածելակերպին համապատասխանում է մեխանիկական պատկերացումը մատերիայի ներքին կառուցվածքի մասին, երբ բոլոր մարմինները դիտվում են որպես հեռավորութան վրա անմիջականորեն փոխազդող նյութական կետերի հավաքականություն (ագրեգատ)։ Համապատասխանաբար, աշխարհի ընդհանրական պատկերը ներկայանում է որպես ներփակ մեխանիկական համակարգ, որի վիճակների նկարագրության համար միանգամայն բավարար է մեխանիկական պատճառականության սկզբունքը (այսպես կոչված, լապլասյան դետերմինիզմ)։ Սակայն մեխանիկայի սկզբունքների տարածումը որակական նոր բնագավառների վրա՝ ջերմային, էլեկտրամագնիսական, քիմիական երևույթների մեխանիկական տեսությունների կառուցումը, պահանջում էր մուծել փորձնական հաստատում չգտնող մտակառույց էություններ (եթեր, ֆլյուիդներ և այլն), իսկ դա հակասում էր փորձնական բնագիտության աշխարհայացքային և մեթոդաբանական ելակետային սկզբունքներին։ Ուստի, 19-րդ դարի վերջին դասական մեխանիկայի քննադատության հետ միասին մեխանիցիզմն իջավ ասպարեզից։ Ներկայումս «Մեխանիցիզմ» անվանում են ամեն մի մոտեցում, ըստ որի առհասարակ մատերիայի շարժման բարձր ձևերը հանգեցնելի են ավելի ցածր ձևերին (հասարակական երևույթները՝ կենսաբանական-հոգեբանական օրինաչափություններին, գիտակցությունն ու մտածողությունը՝ նյարդային գործունեության ֆիզիոլոգիային, կենսաբանական երևույթները՝ ֆիզիկական և քիմիական օրինաչափություններին և այլն)։ ժամանակակից մեխանիցիզմին առանձնապես սնում են մարդու վարքի, գործունեության, մտածողության կիբեռնետիկական մոդելավորման հաջողությունները։ Աշխարհի որակական բազմազանության իր մեկնաբանությամբ՝ վերլուծման և հանգեցման (ռեդուկցիայի) մտածելակերպով, մեխանիցիզմը մետաֆիզիկայի, որպես հակադիալեկտիկայի, առաջացման և գոյության նախապայմաններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png