Մեդիատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդիատորներ (լատիներեն՝ mediator - միջնորդ), միջնորդանյութեր, քիմիական նյութեր, որոնց մոլեկուլները փոխազդում են բջջային թաղանթի հատուկ ռեցեպտորների հետ և, փոխելով որոշակի իոնների թափանցելիությունը, թաղանթում առաջացնում գործողության պոտենցիալ։ Առաջանում են նյարդային դրդման ազդեցությամբ և մասնակցում դրանց հաղորդմանը նյարդային վերջույթից աշխատող օրգանին և նյարդային մեկ բջջից մյուսին։ Մեդիատորները հայտնաբերել է Օ․ Լյովին, սրտի կենտրոնախույս նյարդային վերջույթներում (1921)։ Մեդիատորներից են՝ ացետիլխոլինը, նորադրենալինը, դոֆամինը, սերոտոնինը, 7-ամինակարագաթթուն և այլն։ Էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտություններով պարզվել է, որ ինչպես կենտրոնական նյարդային վերջույթներում, այնպես էլ ծայրամասային նյարդային սինապսներում կան մինչև 300 A տրամագծով, ացետիլխոլին պարունակող մեծ թվով բշտիկներ։ Նյարդային դրդման պրոցեսում բշտիկների մի մասը պայթում է, պարունակությունը լցվում է ետսինապսային ճեղքը և փոխազդում ետսինապսային թաղանթի ացետիլխոլինի նկատմամբ զգայուն մասերի՝ խոլինոռեցեպտորների հետ։ Դրանից խիստ բարձրանում է թաղանթի թափանցելիությունը․ K+ իոնները բջջից դուրս են գալիս և տեղադրվում մակերեսին, իսկ Na+ թափանցում է ներս։ Բջջի ներսում փոքրանում է բացասական էլեկտրական լիցքը, բջջաթաղանթն ապաբևեռանում է, որը հանգեցնում է դրդող ետսինապսային պոտենցիալի առաջացմանը։ Երբ նրա մեծությունը հասնում է շեմքայինի, առաջանում է դրդման էլեկտրական ազդակ (տես Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Առավել ուսումնասիրված և լայնորեն կիրառվող մեդիատորներ են ացետիլխոլինը և ադրենալինը։ Դրան համապատասխան օրգաններին դրդում հաղորդող նյարդային վերջույթները բաժանվում են խոլինէրգիկ և ադրենէրգիկ թելիկների։ Մեդիատորների ազդեցությունը չի սահմանափակվում տեղական ռեակցիաների առաջացմամբ, դրանք մասնակցում են նաև նյարդահումորալ կարգավորման պրոցեսներին։ Մեդիատորների մասին ուսմունքը կարևոր դեր է խաղացել ֆիզիոլոգիայի, նյարդախտաբանության, հոգեբանության և այլ գիտությունների զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 375