Մարտնչող անաստվածների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտնչող անաստվածների միություն (ՄԱՄ), հասարակական հակակրոնական կազմակերպություն ԽՍՀՄ-ում։ 1924 թվականին Մոսկվայում կազմավորվել է «Բեզբոժնիկ» («Безбожник», 1922-1941) թերթի շուրջ համախմբված մարդկանց աթեիստական ընկերություն՝ «Բեգբոժնիկ» թերթի բարեկամների ընկերությունը։ Ընկերության` 1925 թվականին կայացած 1-ին համագումարը հիմնադրեց Անաստվածների միությունը, երկրորդ համագումարը (1929)՝ Մարտնչող անաստվածների միությունը։ Մարտնչող անաստվածների միության հիմնական խնդիրն էր՝ գաղափարական պայքար մղել կրոնի դեմ, կազմակերպել հակակրոնական շարժում։ Այդ նպատակով միությունը ծավալել է աթեիստական պրոպագանդա, ստեղծել թանգարաններ ու ցուցահանդեսներ, հրատարակել գիտական ու գիտահանրամատչելի գրականություն, պարբերականներ։ 1941 թվականին Մարտնչող անաստվածների միությունը ընդգրկել է մոտ 3, 5 մլն անդամ։ Հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում Մարտնչող անաստվածների միությունը ունեցել է իր բջիջները։ Միության աշխատանքները ղեկավարել են ԽՄԿԿ գործիչներ Ե. Մ. Ցարոսլավսկին, Պ. Ա. Կրասիկովը, Ն. Կ. Կրուպսկայան, Ա. Վ. Լունաչարսկին, Ի. Ի. Սկվորցով-Ստեպանովը և ուրիշներ։

1927 թվականին Անաստվածների միության բջիջ է կազմակերպվել նաև ՀԽՍՀ-ում (Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում)։

1928 թվականին միության առաջին համագումարը հաստատել է միության կանոնադրությունը, ընտրել կենտրոնական խորհուրդ։

1929 թվականին հիմնադրվել է ՀԽՍՀ Մարտնչող անաստվածների միություն , որի աշխատանքներին մասնակցել են Հ. Գյուլիքեխյանը, Հ. Ազատյանր, Գ. Վանանդեցին, Դ. Դզնունին, Հ. Մելիքյանը, Պ. Թորոսյանը, Վ. Մնացականյանը, Վ. Թաթիկյանը, է. Չոփուրյանը, Մ. Բաղդասարյանը։ Միությունը հրատարակել է «Անաստված» (1928-1934) հանդեսը։ Մարտնչող անաստվածների միությունը ղեկավարվել է «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ԽՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա։ Միության անդամները ակտիվորեն մասնակցել են սոցիալիզմի կառուցման, նոր կենցաղի ստեղծման, կուլտուրլուսավորական աշխատանքներին։ Մարտնչող անաստվածների միությունը մեծ ավանդ է ներդրել մասսայական աթեիզմի ծավալման, աթեիստական աշխատանքներին գիտական բովանդակություն տալու գործում։ Աթեիստական պրոպագանդայի մեթոդներից շատերը մշակել են Մարտնչող անաստվածների միության անդամները։

Մարտնչող անաստվածների միության գործունեությունը դադարեցվել է 1941 թվականին, իսկ 1947 թվականից նրա պարտականությունները տրվել են «Գիտելիք» ընկերությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png