Մարտիրոս Գասելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Գասելյան
Ծնվել է1881
ԾննդավայրՇար, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27, 1968(1968-11-27)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինԿյուլիզար Գույումճյան

Մարտիրոս Գասելյան (Մարտիրոս Աղբայ) (1881, Շար, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 27, 1968, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Գասելյանը ծնվել է 1881 թվականին Շար գյուղում, հաճընցի ծնողների աղքատ ընտանիքում։ Հետագայում նրան կոչել են հաճընցի հերոս տոքթոր Մարտիրոս կամ Մարտիրոս Աղբայ։ Մանկուց սկսել է աշխատել՝ հովիվ-խաշնարած, հողագործ։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես ծառայության է մտել թուրքական բանակում։ Կոստանդնուպոլսում նկատելով պատանուն՝ ուղարկել են զինվորական հիվանդանոցում աշխատելու։ Հոսպիտալում ծառայելու ընթացքում դարձել է վիրաբույժի օգնականը։ Յուրացնելով հիվանդներին խնամելու և տարրական բժշկական օգնություն ցույց տալու սկզբունքները՝ շուտով դարձել է անվանի հիվանդապահ։ Չանաքալայի ռմբակոծության ժամանակ վիրավորվել է ու զրկվել մի աչքից։ Հոսպիտալում բուժվելուց հետո կրկին վերադարձել է իր ծառայությանը հոսպիտալում։ 1918 թվականի պատերազմն ավարտվելուց հետո ստացել է հավատարիմ ծառայողի վկայական և զորացրվել։

1918 թվականին վերադարձել է Ադանա։ Ադանայում թուրքական ոստիկանության կողմից մի քանի անգամ ձերբակալվել է, սակայն վկայականի շնորհիվ ազատ է արձակվել։ Այնուհետև տեղափոխվել է Հաճըն և գտել հորեղբոր որդի Սիմոնին, որին թուրքերը չէին տեղահանել իրենց գյուղերի միակ կլայագործը լինելու պատճառով։ Աշխատել է Սիմոնի մոտ՝ որպես օգնական։ Գաղթած հաճընցիների և շարցիների վերադառնալուց հետո գնացել է իր ծննդավայր Շար գյուղը, վերականգնել պապենական օջախը և զբաղվել հողագործությամբ։ 1920 թվականին քեմալական հարձակման և Շար գյուղի պաշարման ժամանակ ցերեկները հիվանդներին ու վիրավորներին է բուժել, իսկ գիշերները՝ ճակատը պաշտպանել։

Շար գյուղի անկումից հետո մի խումբ զինվորների հետ բարձրացել է լեռները և թուրքերի դեմ կռվելով հասել Հաճըն։ Հաճընում բժիշկ Տիրան Թերզյանի հրավերով մնացել է հիվանդանոցում և զբաղվել հիվանդ ու վիրավոր մարտիկների բուժմամբ։ Այնուհետև որպես բժիշկ միացել է Ռումլուի հարձակումին կռվող զինվորներին։ Ճակատամարտի ժամանակ ծանր վիրավորվել է Վարդան Ճերեճյանի թևը։ Եվ Մարտիրոսը, հմտորեն անդամահատելով թևը, նրան փրկել է մահից։ Հետագայում Վարդանը ստացել է «Կուրո» մականունը, ինչպես եղել էր ֆրանսիացի անվանի զորավար Կուրոն։ Այդ օրվանից էլ Մարտիրոսին կոչել են դոկտոր։ Փոխհրամանատար Արամ Կայծակը նրան տվել է դոկտորի վկայագիր։

1925 թվականին վերստին ամուսնացել է այրի տիկին Կյուլիզար Գույումճյանի հետ, ում երկու զավակներին պահեց ու դաստիարակեց հարազատ հոր պես։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Ուրուգվայ և հաստատվել Մոնտեվիդեո քաղաքում։ Այստեղ ստեղծել են սեփական տուն և նպարավաճառի խանութ։ Ամուսինները հետագայում ունեցել են ևս երեք աղջիկ ու մեկ տղա՝ Խուանին։ Մշտապես հետաքրքրվել է Խորհրդային Հայաստանի վիճակով։ Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 27-ին։ Թաղվել է Մոնտեվիդեոյի Նորթե գերեզմանոցում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխճեան Մ. «Հաճընցի հերոս շարցի տոքթ.», Բուենոս Այրես, «Նոր Հաճըն», 1969, հ. 1-2