Հովհաննես Բաղրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարշալ Բաղրամյանից)
Հովհաննես Քրիստափորի Բաղրամյան
Դեկտեմբեր 2, 1897 - Սեպտեմբեր 21 1982
Ծննդավայրգ. Չարդախլու, Գանձակ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Հայաստան Հայաստանի Առաջին Հանրապետություն, և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր և հրետանի
Ծառայության տարիներ1915—1982
Կոչում
Հրամանատարն էր11-րդ գվարդիական բանակ
1-ին Մերձբալթյան ռազմաճակատ
Մերձբալթյան ռազմական օկրուգ
Մարտեր/
պատերազմներ
Սարդարապատի ճակատամարտ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (հոկտեմբեր 1938) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (հունիս 1934)
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան
Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Սուվորովի առաջին կարգի շքանաշան Սուվորովի առաջին կարգի շքանաշան
Կուտուզովի առաջին կարգի շքանաշան
ՍտորագրությունИзображение автографа

Հովհաննես Բաղրամյան (Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1897[1] կամ դեկտեմբերի 2, 1897(1897-12-02), Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1982(1982-09-21)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի (ռուսերեն՝ Ованес Хачатурович)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում (ներկայիս այսպես կոչված ադրբեջանական Հանրապետության տարածքում)։ Նախնական կրթությունը ստացել է Գանձակի երկաթուղային դպրոցում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ օսմանյան Կայսրության դեմ։ Կարճ ժամանակ մասնակցելով Կովկասյան ռազմաճակատի մարտերին ընդունվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը։ Այն ավարտելուց հետո, 1917 թվականին կրկին մեկնում է ռազմաճակատ՝ համալրելու Էրզումի շրջանում գործող ռուսական զորքերի շարքերը։ 1917-1918 թվականներին Բաղրամյանը ականատես է լինում Կովկասյան ռազմաճակատում կատարված արմատական փոփոխություններին, մասնակցում հայ ժողովրդի ազատագրության համար մղված կռիվներին, Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար։

Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից նա կարմիր բանակի շարքերում էր։ Իր բարձր ընդունակության, արտակարգ աշխատասիրության, կազմակերպչական կարողության ու կարգապահության, ռազմական գործի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ նա շատ արագորեն է անցել ծառայության սանդուղքներով։ 1921-23 թվականներին հեծյալ էսկադրոնի հրամանատար էր։ Մի որոշ ժամանակ աշխատում էր նաև Խորհրդային Հայաստանի ռազմական ժողկոմատում։ 1923-31 թվականներին հայկական հեծյալ գնդի հրամանատար էր։

1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում։

Ծառայական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւԳլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Օժտված լինելով խոր գիտելիքներով և ռազմամանկավարժական հիանալի տակտով՝ նա լուրջ ավանդ է ներդնում բանակի համար բարձր հրամանատարական կադրեր պատրաստելու գործում՝ դասախոսելով ռազմական արվեստի պատմություն առարկան։ Այդ ընթացքում նաև կարճ ժամանակով բռնադատվել է։ Սակայն ինչպես շատ զինվորականներ, այնպես էլ Բաղրամյանը, գերադասում է ծառայությունը շարունակել բանակում։ Եվ ահա 1940 թվականի սեպտեմբերին նշանակվում է Կիևի Կարմրադրոշ ռազմական հատուկ օկրուգի բանակներից մեկի, ապա օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ 1941 թվականի հունիսի 22-ին, այդ պաշտոնում նա դիմավորում է Հայրենական Մեծ պատերազմը։

Մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Բաղրամյան

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Կիևի պաշտպանության հերոսական և հարավարևմտյան ռազմաճակատի նահանջի ծանր օրերին Բաղրամյանը եղել է շտաբի պետի տեղակալ, ապա շտաբի պետ։ Գեներալ Միխայիլ Կիրպոնոսըզոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Այս ժամանակ Բաղրամյանը անհաջող խոշոր հակահարձակման համար խնդիրներ ունեցավ, սակայն շուտով դրանք հարթվեցին և նրան նշանակեցին Ռոկոսովսկու նախկին` 16-րդ բանակի հրամանատար, որը արդեն կոչվում էր 11-րդ գվարդիական բանակ։ Հենց այս բանակի հրամանատարի պաշտոնում նա վարեց մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, այդ թվում նաև Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։

Գործունեությունը հետպատերազմյան տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ տարիներին նա մեծ ներդրում կատարեց երկրամասում ֆաշիստական օկուպացիոն ռեժիմի հետևանքները վերացնելու գործում։ Էստոնիայում, Լատվիայում, Կալինինգրադի մարզում Բաղրամյանը բարի անուն է թողել ոչ միայն զորքերի, այլև աշխատավորության, կուսակցության, խորհրդային ակտիվի ամենալայն շրջաններում։ Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Այդ պատասխանատու պաշտոններում լայնորեն են դրսևորվում մարշալի կազմակերպչական կարողությունները։ Հիշենք գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ բանակում և նավատորմում տեղի ունեցած տեխնիկական վերափոխումները և դրա հիման վրա բանակի նյութատեխնիկական հագեցման պրոբլեմը, որոնց լուծման գործում իր տաղանդն է ներդրել նաև Հ․ բաղրամյանը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։

Հայաստանի փոստային նամականիշ. Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով
Հովհաննես Բաղրամյանը ՀՀ հուշադրամի վրա, 1997
Մարշալ Բաղրամյանի արձանը, Երևան
Հովհաննես Բաղրամյան

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանը եղել է ընտանիքին նվիրված հայր, կինը՝ Թամարան, երեխաների կրթության և դաստիարակության նվիրյալ։ Որդին՝ Մովսեսը, պատերազմի մասնակից է առաջին օրվանից, սպա է։ Դուստրը՝ Մարգարիտան, գերազանցությամբ ավարտել է առաջին բժշկական ինստիտուտը՝ ակնաբույժի մասնագիտությամբ։ Թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը, ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Թոռնուհին՝ Կարինե Նաջարյանը, ավարտել է օտար լեզուների ինստիտուտը, դասավանդում է ռազմական ակադեմիայում, ունի փոխգնդապետի կոչում։

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հիմնել է «Մարշալ Բաղրամյան» մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։

2019 թվականին Վիտեբսկ քաղաքի 1045-ամյակի և նացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Մարշալ Բաղրամյանի անունով։ Դպրոցի շենքի վրա պատկերված է Հովհաննես Բաղրամյանի նկարը, որի հեղինակը նկարիչ Յուրի Դուբովսկին է[4]։

Մարշալ Բաղրամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն գլխավոր հրամանատարության կայանի փաստաթղթերում պահպանվել է մի ուշագրավ գրառում, ուր Բաղրամյանի մասին ասված է․

Նա համեստ է ու զուսպ, ատում է կեղծավորությունը, ճակատամարտի օրը կամ ռազմերթի ժամանակ ամեն ինչ կշռադատում է, ամեն ինչ խորհում։ Նա երբեք չի տարվում հանգամանքների բերումին, այլ դրանք ենթարկում է իրենմ միշտ գործում է արթուն, խորաթափանցության կանոններով։
Անկասկած Բաղրամյանը բնատուր կարողություններով օժտված զորավար է․ նա ունի և՛ հրամանատարական և՛ շտաբային փորձ, որը օգնել է նրան հաջողությամբ որոշել զորքերի ղեկավարման հարցերը, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանների մշակման, ընդ որում նա ձգտում էր հաղթանակի հասնել ամենակարճ ճանապարհով։ Բաղրամյանի բնավորությունը նույնպես հաստատուն է և ամուր[5]։
- Խորհրդային Միության մարշալ Վասիլևսկի

Միջադեպ Զորավար Անդրանիկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին։ Բաղրամյանը պատմեց, որ 1918 թվականին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», - ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965, էջ, 217-243։
  • Մերժանով Մարտին «Զինվոր, գեներալ, մարշալ (Հ. Ք. Բաղրամյանի մասին)», Երևան, 1975, 468 էջ։
  • Մնացականյան Արամայիս «Մարշալ Բաղրամյան (կյանքի և գործունեության ուրվագիծ)», Երևան, 1978, 313 էջ։
  • Ղարիբջանյան Գևորգ, Սիմոնյան Աբել «Մարշալ Բաղրամյան (ծննդյան 90–ամյակի առթիվ)», Երևան, 1987, 32 էջ։
  • Ղարիբջանյան Գևորգ «Հայ մեծ զորավարը (Խորհրդային Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը)», Երևան, 1997, 104 էջ։
  • Հարությունյան Կլիմենտ «Մարշալ Բաղրամյան (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 1997, 136 էջ։
  • Մկրտչյան Վահան «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», Երևան, 2007, 63 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 TracesOfWar
  4. Կաղապար:Cite w eb
  5. Василевский А. Маршал Советского Союза И. X. Баграмян (К 80-летию со дня рождения)Военно-исторический журнал 1977 №12.с. 111-115.
  6. «Զորավարի ապտակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 258