Մարկ Շագալ
Մարկ Շագալ (ռուս. Марк Захарович Шагал, ֆր. Marc Chagall, 7 հուլիսի 1887 Լիոնզո, Վիտեբսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն - 28 մարտի 1985 Սեն Պոլ դե Վանս, Պրովանս, Ֆրանսիա) ֆրանսիական նկարիչ: Ազգությամբ հրեա: 1907-09թթ. սովորել է Պետերբուրգում: 1910-14թթ. ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է "Անկախների" և "Աշնանային" սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես: 1914-22թթ. Շագալը Ռուսաստանում էր, 1917-ից` Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար: 1922-23թթ. արտագաղթել է նախ Բեռլին, ապա` Փարիզ: Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը: Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով: Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես և գյուղը", 1911, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք): Շագալը նկարազարդել է Գոգոլի "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-36): Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների` Ստրավինսկու "Հազարան բլբուլ" բալետի ձևավորումը (1944-45), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958): 1973թ., իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ: Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում` Հայաստանի ազգային պատկերասրահում:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |