Մարիա Մոնտեսսորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարիա Մոնտեսորրի (Montessori) (1870-1952), իտալացի մանկավարժ։

Ավարտել է Հռոմի համալսարանը (1896)։ Որպես համալսարանի հոգեբուժության կլինիկայի ընթերակա աշխատել է մտավոր կարողություններով ետ մնացող երեխաների հետ։ Կանանց բարձրագույն դպրոցի մարդաբանության և հիգիենայի պրոֆեսոր (1900-1908) և Հռոմի համալսարանի մանկավարժական մարդաբանության դասախոս (1904-1908)։ Ըստ Մոնտեսորրիի, տարրական դպրոցը հնարավորություն է տալիս ուսումնասիրել երեխաների հոգեկան կյանքը։ Մշակել է հատուկ նախադպրոցական հիմնարկներում և տարրական դպրոցներում երեխաների սենսորային զարգացման յուրօրինակ համակարգ։ Մոնտեսորրին կողմնակից էր ազատ դաստիարակության գաղափարին։ Իտալիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո տարագրվել է արտասահման, դպրոցներ հիմնել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Հնդկաստանում և այլուր, որոնք աշխատել են իր ստեղծած համակարգով։ Կազմակերպել է միջազգային կոնգրեսներ, հանդես է եկել պատերազմի դեմ։ Իտալիա է վերադարձել երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png