Մարգո թագուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն տեսարանը, որտեղ Լա Մոլը, փախչելով Կոկոննասից, հայտնվում է Մարգոյի սենյակում և օգնություն խնդրում

«Մարգո թագուհին» (ֆր. La Reine Margot), Ալեքսանդր Դյումայի պատմական դրամաներից է, որը կազմում է հուգենոտյան պատերազմների մասին նրա եռապատման առաջին մասը, որին հետևում են «Կոմսուհի դը Մոնսորոն» և «Քառասունհինգը»:

Բովանդակություն

Սյուժե [խմբագրել]

Քաղաքացիական պատերազմների և կաթոլիկների ու հուգենոտների միջև արյունահեղ բախումների դարաշրջան Ֆրանսիայում: 1572թ-ի օգոստոսի 18-ին կաթոլիկ Մարգարիտա դե Վալուային ամուսնացնում են հուգենոտների ղեկավար Հենրի Նավարացու հետ քաղաքական նկատառումներով: Ամուսնության ժամանակ Մարգարիտան սիրային կապ ուներ դուքս Հենրի դը Գիզի հետ, իսկ Հենրի Նավարացին՝ Եկատերինա Մեդիչիի արքունական կանանցից մեկի՝ դը Սովի հետ: Ամուսնական առաջին գիշերը Մարգարիտայի մոտ է գալիս դուքս դը Գիզը, բայց անմիջապես նրանից հետո թագուհու մոտ է գալիս նաև Հենրի Նավարացին, և Գիզը թաքնվում է առանձնասենյակում: Հենրին առաջարկում է Մարգոյին լինել դաշնակիցներ արքունական բոլոր ինտրիգներում և, ստանալով Մարգոյի համաձայնությունը, հեռանում է: Գիզը ևս հեռանում է Մարգարիտայի մոտից՝ խզելով նրա հետ սիրային կապերը: Ամուսնական առաջին գիշերը Մարգոն անցկացնում է միայնակ, քանի որ թե՜ ամուսինը, թե՜ սիրեկանը հեռանում են նրանից:
Բողոքական վերնախավը իր ժամանակը անցկացնում է կաթոլիկական արքունիքի հետ խնջույքներում: Թագավոր Կարլոս IX-ը ադմիրալ դը Կոլինյիին իրեն հայր է համարում: Թվում է, թե փխրուն խաղաղությունը վերականգնված է: Այս ժամանակ Փարիզ է ժամանում բողոքական ազնվական դը Լա Մոլը և իջևանում է «Ուղեցույց աստղ» հյուրանոցում: Այնտեղ նա հանդիպում է կոմս Հաննիբալ դը Կոկոննասին և ընկերանում նրա հետ: Այդ ընթացքում օգոստոսի 22-ին ադմիրալի վրա անհաջող մահափորձ է կատարվում, և բողոքականները պահանջում են գտնել և պատժել կրակողին: Հասունանում է դավադրությունը: Օգոստոսի 24-ին՝ սբ. Բարդուղիմեոսի օրը, սպանում են ադմիրալ Կոլինյիին, որն էլ սկիզբ է դնում հուգենոտների կոտորածին՝ արյունալի Բարդուղիմեոսյան գիշերվան: Արյան ծարավ Կոկոննասը հյուրանոցատիրոջ՝ մետր Լա Յուրիերի հետ փորձում է սպանել Լա Մոլին, որին հաջողվում է փախչել Լուվր: Կոմսը հասնում է նրա հետևից և հանդիպում նրան Մարգարիտայի սենյակում: Խեղճ ու վիրավոր հուգենոտը գրկում է թագուհուն և խնդրում փրկել կյանքը: Դը Կոկոննասը կատաղած փախչում է, իսկ Մարգարիտան իր մոտ է պահում մինչև ականջները իրեն սիրահարված Լա Մոլին, որպեսզի բուժի նրան: Կոմսը վազում է բողոքական վաշխառուի մոտ, ում փող է պարտք և կռվում նրա որդու հետ: Կռվին և Հաննիբալի հաղթանակին հետևում է Հանրիետը՝ Նևըրի դքսուհին ու Մարգարիտայի ընկերուհին: Երբ Կոկոննասը կորցնում է գիտակցությունը Հանրիետը ապաստանում է նրան:
Որոշ ժամանակ անց ամբողջ թագավորական արքունիքը գնում է հիանալու Կոլինյիի դիակով, որտեղ էլ հանդիպում են Կոկոննասն ու Լա Մոլը և պայմանավորվում մենամարտել: Մենամարտի ժամանակ երկուսն էլ վիրավոր են լինում, բայց ավելի ծանր վերքեր է ունենում Հաննիբալը: Մոռանալով հին վեճերը՝ Լերակ դը Լա Մոլը բժշկից գնում է հրաշք դեղ, որը կարճ ժամանակում բուժում է Կոկոննասին: Եվ դառնալով թագուհու և դքսուհու սիրեկանները՝ նրանք խճճվում են արքունական ինտրիգներում, որոնք գլխավորում էր Եկատերինա Մեդիչին՝ թագավորի մայրը: Եվ երբ Լա Մոլը օծանելիքագործ Ռընեին պատվիրում է պատրաստել Մարգարիտայի արձանիկը՝ ասեղը սիրտը մտցրած, որպեսզի հավետ սիրի իրեն, Սև այրին անում է այնպես, որ նրանց մեղավոր ճանաչեն թագավորի դեմ կազմակերպված դավադրության մեջ: Երկու ընկերներին նստեցնում են Բաստիլ: Լա Մոլի ոտքերի ոսկորները խոշտանգումներից փշրվում են, իսկ Կոկոննասը խուսափում է դրանից շնորհիվ անցյալում Փարիզի դահճին տրված ձեռքսեղման: Եվ ձևական տանջանքների ժամանակ Կոկոննասը դատավորներին պատմում է այնպես ինչպես իրենց հարմար էր: Մարգարիտան ու Հանրիետը նրանց համար փախուստ են կազմակերպում, սակայն Լա Մոլը չկարողանալով տեղաշարժվել՝ խնդրում է Կոկոննասին, որ հանուն իրեն փախչի և փրկվի: Կոկոննասը, լինելով հավատարիմ ու նվիրված ընկեր, մնում է Լա Մոլի կողքին մինչև մահ: Երկու քաջարի ազնվականներին մահապատժի են ենթարկում: Նվիրված սիրուհիները նրանց թաղում են ինչպես կաթոլիկների:
Գրքի վերջում Կարլոս թագավորը մահանում է, և գահ է բարձրանում Կատրին Մեդիչիի սիրելի որդին՝ Անժուի դուքսը՝ Հենրի III-ը:

Գործող անձինք [խմբագրել]

Գլխավոր հերոսներ [խմբագրել]

  • Մարգարիտա դը Վալուա (Մարգո)- Ֆրանսիայի արքայադուստրը, Նավարայի թագուհին
  • Հենրի Նավարացի (Բեարնացի)- Նավարայի թագավորը, հուգենոտների առաջնորդը
  • Եկատերինա Մեդիչի- Ֆրանսիայի Հենրի II թագավորի կինը
  • Կարլոս դը Վալուա (Կարլոս IX)- Ֆրանսիայի թագավորը
  • Լերակ դը Լա Մոլ- հուգենոտ ազնվական, Մարգոյի սիրեկանը
  • Հաննիբալ դը Կոկոննաս- կաթոլիկ ազնվական, Հանրիետի սիրեկանը
  • Ֆրանսուա դ'Ալանսոն- Ֆրանսիայի արքայազնը

Երկրորդական հերոսներ [խմբագրել]

  • Հենրի դը Վալուա- Անժուի դուքսը, Ֆրանսիայի գահաժառանգ արքայազնը
  • Հենրի դը Գիզ- Ֆրանսիայի բարձրատոհիկ ազնվական
  • Ռընե- քիմիկոս, օծանելիքագործ, բախտագուշակ
  • Հանրիետ- Նևըրի դքսուհին, Կոկոննասի սիրուհին
  • Շարլոտ դը Սով- Կատրին Մեդիչիի շքախմբի պալատական կանանցից, Հենրի Նավարացու սիրուհին
  • դը Մուի դը Սենտ-Ֆալ- հուգենոտների առաջնորդներից
  • մետր Լա Յուրիեր- «Ուղեցույց աստղ» հյուրանոցի տերը
  • մետր Ամբրուազ Պարե- արքունական բժիշկը
  • Մորվել- Կատրին Մեդիչիի հավատարիմ մարդկանցից
  • ադմիրալ Կոլինյի- հուգենոտների առաջնորդը
  • Ժիյոնն- Մարգոյի ծառան
  • Մադլոն- Կարլոս IX-ի ծծմայրը
  • մետր Կաբոշ- Փարիզի դահիճը

Էկրանավորում [խմբագրել]

  • «Մարգո թագուհին» (Ֆիլմ, 1910), Ֆրանսիա, ռեժիսոր Կամիլլ դե Մորտոն
  • «Մարգո թագուհին» (Ֆիլմ, 1954), Ֆրանսիա, ռեժիսոր Ժան Դրեվիլ
  • «Մարգո թագուհին» (Ֆիլմ, 1961), Ֆրանսիա, ռեժիսոր Ռենե Լյուկոտ
  • «Մարգո թագուհին» (Ֆիլմ, 1994), Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա, ռեժիսոր Պատրիս Շերո
  • «Մարգո թագուհին» (Հեռուստասերիալ, 1996), Ռուսաստան, ռեժիսոր ԱլեքսանդրՄուրատով