Մարաթական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարաթական գրականություն, մարաթի ժողովուրդների գրականությունը (Հարավ-Արևմտյան Հնդկաստան, Մահարաշտրա նահանգ)՝ մարաթի լեզվով։

Կազմավորումը սերտորեն կապված է XI-XII դդ. կրոնա-բարենորոգչական շարժումների հետ, որոնց գաղափարախոսները հրաժարվեցին սանսկրիտից և դիմեցին ժողովրդական կենդանի լեզուներին։ Միջնադարյան Մարաթական գրականության խոշորագույն ներկայացուցիչներն են բանաստեղծներ Մուկունդարաջան (1128-1198), Դնյաննեշվարը (1271-1296), Նամդևը (1270-1350), Էկնաթը (1533-1599), Տուկարամը (1608-1649), Ռամդասը (1608-1681) և այլն։ XVII դ. Մարաթական գրականությունը հարստացավ պովադա (հերոսական բալլադ) և լավինի (սիրային քնարերգություն) ժողովրդական բանաստեղծական ձևերով։ Առաջացավ բրահմանա-ազնվականական «գիտական պոեգիա»-ն (Վաման, Մորոպանտ)։

XIX դ. 1-ին կեսին մարաթական իշխանություններում հաստատվեց անգլիական գաղութային տիրապետություն։ Մարաթական մտավորականությունը ծանոթացավ բուրժուական փիլիսոփայությանն ու գրականությանը, Հնդկաստանում զարգացան բուրժուական հարաբերությունները, այս հանգամանքը նպաստեց Մարաթական գրականության նորացմանը։ Առաջատար ժանրը դարձան սոցիալ-կենցաղային ու պատմական վեպը և կենցաղային ու քաղաքական դրաման։

XIX դ. վերջին հայտնվեց պատմվածքի ժանրը, պոեզիան հագեցվեց քաղաքական բովանդակությամբ։ Վ. Բրահմաչարիի (1825-1870), Զ. Փուլեի (1827-1890), Հ. Ահարքարի (1856-1895), Բ. Թիլաքի (1856-1920) հրապարակախոսությունը և արձակագիր Հ. Ապտեի (1864-1919), բանաստեղծներ Կեշավսուտի (Կ. Դամլե, 1866-1905), Ն. Դուպտեի (1872-1947), դրամատուրգներ Դ. Դևալի (1854-1916), Կ. Քադիլքարի (1872-1948) և ուրիշների ստեղծագործությունները լի էին ֆեոդալական սովորույթների ու սահմանակարգումների, ինչպես նաև անգլիական գաղութարարների դեմ բողոքով։ 1920-ական թթ. պոեզիան ներկայացված է «Արևի ճառագայթ» ռոմանտիկ դպրոցով։ 1930-1940-ական թթ. Հնդկաստանում ազգային-ազատագրական շարժումը նպաստեց ռեալիստական արձակի ուժեղացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295