Մատենադարանի ձեռագրերը աստվածաբանության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստվածաբանություն[խմբագրել]

Հայ միջնադարյան միտքը անկարելի է պատկերացնել առանց աստվածաբանության։ Նրանով են ներթափանցված միջնադարյան մշակույթի և գիտության գրեթե բոլոր մարզերը։ Քրիստոնեական աստվածաբանությունն իբրև գիտություն ծնունդ է առել եկեղեցու շվաքում։ Նրա ծնունդը մեծապես պայմանավորված է Ատվածաշնչի և ավանդության մեջ հայտնությունը մեկնաբանելու, համակարգելու, ունկնդրին կամ ընթերցողին մատչելի դարձնելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ զատորոշվում են միջնադարյան կենցաղավարած աստվածաբանության չորս հիմնական տեսակները։

  • Մեկնաբանական,
  • Դավանաբանական,
  • Բարոյախոսական,
  • Ծիսական։

Մեկնաբանական աստվածաբանության նպատակն էր բացատրել Աստվածաշունչը, պարզաբանել նրա խրթին ու մութ հատվածները։ Հայ Եկեղեցու հայրերը արդեն 5-րդ դարից, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից հետո հասարակության հոգևոր պետքերը դարմանելու նպատակով բացատրել են Աստվածաշունչը։ Առավել նշանավոր մեկնիչ հայրերից են Եղիշեն, Մամբրե Վերծանողը (5-րդ դար), Ստեփանոս Սյունեցին (+735), Տիմոթեոս Վարդապետը (9-րդ դար), Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Ներսես Շնորհալին, Իգնատիոս Սրլեռնցին, Սարգիս Կունդը (12-րդ դար), Սարգիս Շնորհալին (12-13րդ դարեր), Բարսեղ Մաշկևորցին (13-րդ դար), Վարդան Արևելցին (+1271), Եսայի Նշեցին (+1338), Հովհան Որոտնեցին (+1389), Գրիգոր Տաթևացին (+1409), Պետրոս Բերթումյան Նախիջևանցին (17-րդ դար)։

Հայ հեղինակները խուսափելով մեկնաբանության Անտիոքյան դպրոցին հատուկ պատմաբանասիրական, բառացի և Ալեքսանդրյան դպրոցին հատուկ այլաբանական եղանակով պարտադրած ծայրահեղություններից՝ որդեգրել են միջին ընթացք։ Նրանք առաջնորդվել են Աստվածաշնչի մեկնաբանվող գրքի բովանդակության պահանջով, պատմական բնույթի գրքերը մեկնաբանելիս գերադասել են պատմաբանասիրական եղանակը, իսկ մարգարեությունները և իմաստության գրքերը բացատրելիս հակվել են այլաբանական մեկնության կողմը։ Եվ սա արվել է Աստվածաշնչի բովանդակությունը ոչ միայն պարզորեն բացատրելու և իմացությունն ընդլայնելու, այլև աստվածաբանական ընդհանրացման ճանապարհով ընթերցողի միտքը դաստիարակելու նպատակով։ Դավանաբանական կամ Վարդապետական աստվածաբանությունը հայտնի է իր երկու գլխավոր ճյուղերով. Ջատագովություն և Մարտաբանություն-Հակաճառություն։ Դավանաբանական աստվածաբանության նպատակն է հայտնության մեջ դրսևորված աստվածային ճշմարտությունները, Եկեղեցու մեջ ձեռք բերված իմաստական փորձառությունները ներկայացնել դասդասված, համակարգված օրինաչափությամբ՝ այն կիրառելի դարձնելով քրիստոնյայի հոգևոր կյանքում։

Հայտնի է, որ աստվածաբանական իրողությունների խստորոշ դասակարգումը շատ ավելի հատուկ էր Արևմտյան միջնադարին։ Սակայն սա չի նշանակում, թե հայ դավանաբանական միտքն իր մեջ չի ներառել հարցերի այն շրջանակը (իմացաբանական աստվածաբանություն, Աստվածագիտություն, Արարչագիտություն, Քրիստոսաբանություն, Մարդաբանություն,. Մարեմաբանություն, Հոգիաբանություն, Հրեշտակաբանություն, Եկեղեցաբանություն, Խորհրդագիտություն, Շնորհաբանություն, Վախճանաբանություն), որ հատուկ էր իր առարկային։ Այս տեսակետից խիստ բնութագրական են Գրիգոր Լուսավորչի անվամբ հայտնի “Հաճախապատում ճառերը”, “Վարդապետությունը”, “Հարցմունքը”, Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոցը” (Վերջին երկուսը) մասնավորապես ուշագրավ են ջատագովական աստվածաբանության ուսումնասիրման համար ՝ 6-րդ դար), “Կնիք հավատո”-ն (7-րդ դար), “Գիրք թղթոց”-ը (5-12-րդ դար), Վրթանես Քերթողի “Ընդդեմ պատկերամարտաց”-ը, Հովհան Օձնեցի կաթողիկոսի (717-728) “Ճառ ընդդեմ երևութականաց”, “Ճառ ընդդեմ պավլիկյանց”, Խոսրովիկ Թարգմանչի (7-րդ դար) “Առ այնոսիկ որ ասեն բնությամբ անձև…”, ինչպես նաև Անանիա Սանահնեցու (11-րդ դար) “Հակաճառություն ընդդեմ երկբնակաց”, Ստեփանոս Սյունեցու “Հաղագս անապականության մարմնո”, Հովհաննես Սարկավագի, Վարդան Այգեկցու դավանաբանական երկերը, Գրիգոր Տաթևացու “Ոսկեփորիկը”, “Գիրք հարցմանցը”: Վերջինիս մեջ հանրագիտարանային համակողմանիությամբ համակարգված է հայ միջնադարում ամբարված աստվածաբանական բովանդակ գիտելիքը։ Այն կազմված է դպրոցական (սքոլաստիկ) ոճին հարազատ հարցուպատասխանների սկզբունքով (Questiones disputatae)։ Օգտվելով անցյալի վարդապետական մտակառուցման հարուստ փորձից՝ Տաթևացին Դավանաբանական աստվածաբանությունը բաժանում է չորս հիմնական մասերի, տպավորական, պատճառաբանական, նշանական և խորհրդական։ Արդի ըմբռնումներով, այս չորս մասերը արտահայտում են հիմնական, համեմատական (Analogia entis), խորհրդանշական (Symbolism ), միստիկ կամ ներհայեցողական (= խորհրդապաշտական) աստվածաբանությունները։ Բարոյագործական աստվածաբանության առավել բնորոշ նմուշները. Հովհան Մանդակունի կաթողիկոսի (478-490), Եղիշեի, Անանիա Նարեկացու ճառերը, Վարդան Այգեկցու, Հովհաննես Երզնկացի Պլուզի, Տիրատուր վարդապետի, Գրիգոր Տաթևացու, Մատթեոս Ջուղայեցու, Սիմեոն Երևանցու, Հակոբ Նալյանի, Պետրոս Բերթումյան Նախիջևանցու քարոզները, որոնք ունեն տոնախոսական և ընդհանւոր բարոյախոսական ուղղվածություն։ Հայ միջնադարի տեսական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի Ծիսական աստվածաբանությունը։ Այս բնագավառին պատկանող երկեր են Ժամակարգության, Պատարագի մեկնությունները, ինչպես նաև՝ “Հաղագս Եկեղեցվո”, “Ի խորհուրդ Եկեղեցվո”, “Հաղագս կարգաց Եկեղեցվո” և նման կարգի աշխատությունները. Մովսես Քերթող, Հովհան Մայրագոմեցի, Ստեփանոս Սյունեցի, Հովհան Օձնեցի, որոնք մասնավորապես շահեկան են եկեղեցաբանական մտքի, խորհրդանշանի և ընհանրապես մշակույթի աստվածաբանության հետազոտման համար։