Յոս Վայտենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոս Վայտենբերգ
Jos Weitenberg
Ծնվել էօգոստոսի 5, 1943(1943-08-05)[1][2]
Նիդերլանդներ Նիդերլանդներ, Գրոնինգեն
Մահացել էապրիլի 14, 2012(2012-04-14) (տարիքը 68)
Բնակության վայր(եր)Նիդերլանդներ Նիդերլանդներ, Լեյդեն
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄասնագիտությունԼեզվաբանություն, Խեթագիտություն, Հայերենագիտություն, Հայագիտություն
Հաստատություն(ներ)

Լեյդենի համալսարան (1979-2009)
Ալմա մատերԱմստերդամի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և հոլանդերեն
Գիտական ղեկավարՀաուվինկ տեն Կատե, Ռոբերտ Բեյկես
Եղել է գիտական ղեկավարԱննա Պրինս, Ալուին Կլուկհորստ, Թեո վան Լինթ, Հրաչ Մարտիրոսյան
Հայտնի աշակերտներԹեո վան Լինթ,
Հրաչ Մարտիրոսյան
Ինչով է հայտնիստեղծել է աշխարհում առաջին էլեկտրոնային Հայերեն Ձեռագիր Տեքստերի Շտեմարանը Լեյդենի համալսարանում (Leiden Armenian Lexical Textbase – LALT)
 Jos Weitenberg Վիքիպահեստում

Յոզեֆ Յոհաննես (Յոս) Վայտենբերգ (հոլ.՝ Joseph Johannes Sicco (Jos) Weitenberg, ծնվել է 1943 թվականի Օգոստոս 5–ին, Գրոնինգեն (հոլ.՝ Groningen) քաղաքում, մահացել է 2012 թվականի Ապրիլ 14–ին, Լեյդենում, թաղված է Զայլպորտ (հոլ.՝ Zijlpoort) կաթոլիկ գերեզմանոցում), հոլանդացի լեզվաբան, խեթագետ, հայերենագետ, հայագետ, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր։

Սկզբում դասավանդել է դպրոցում, իսկ 1979 թվականից սկսել է դասախոսել Լեյդենի համալսարանում Համեմատական լեզվաբանություն առարկան։ Ուսանելով դասական լեզվաբանություն և համեմատական հնդեվրոպական լեզվաբանություն, նախ կենտրոնացել է խեթագիտության վրա։ Նրա դոկտորական ատենախոսությունը, որ նվիրված է խեթերենի ու–հիմքով գոյականների ուսումնասիրությանը, պաշտպանվել է 1984 թվականին Ամստերդամի համալսարանում (ղեկավար՝ պրոֆեսոր Հաուվինկ տեն Կատե, երկրորդ ղեկավար՝ Ռոբերտ Բեյկես), որը և հրատարակվել է նույն թվականին[3]։ Իր ատենախոսության ներդիրի տասը դրույթներից չորսը նվիրել է հայերենին և այդ տարիներից արդեն սկսել է ձևավորվել նրա առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայոց լեզուն։ Այնուհետև իր մասնագիտական կիզակետը տեղափոխել է հայերենագիտության բնագավառ, որին էլ հավատարիմ է մնացել մինչև իր կյանքի վերջը։ Նրան հաջողվել է 1990–ականներին ստեղծել հայագիտության ամբիոն Լեյդենի համալսարանում, դառնալով նրա առաջին և վերջին ղեկավարը։

Գիտակրթական և հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է գերագնահատել Յոս Վայտենբերգի ավանդը հայերենագիտության մեջ։ Նա գրել է մի շարք մենագրություններ ու բազմաթիվ հոդվածներ, կազմակերպել գիտաժողովներ, բազմաթիվ մարդկանց հսկայածավալ գործունեությունը կենտրոնացնելով ստեղծել է աշխարհում առաջին էլեկտրոնային հայագիտական Լեյդենի Հայերեն Ձեռագիր Տեքստերի Շտեմարանը[4]։ Նրա մի շարք ուսումնասիրություններ և նախաձեռնություններ արդյունք են բեղմնավոր համագործակցության՝ բազմաթիվ հայագետների հետ, ինչպիսիք են Փաուլ Յունգմանը, Մայքլ Սթոունը, Ուվե Բլեզինգը, Թեո վան Լինթը, Էռնա Շիրինյանը, Գայանե Գևորգյանը և ուրիշներ։ Սերտ կապեր հաստատելով Հայաստանի, Եվրոպայի և այլ երկրների հայագետների հետ, 1981 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի[5] հետ հիմնադրել է Հայկական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունը[6]։ 2001 թվականին փոխարինել է Մայքլ Սթոունին Ընկերակցության Նախագահի պաշտոնում և ղեկավարել մինչ 2006 թվականը։

Որպես վերին աստիճանի բարեխիղճ գիտնական, Յոս Վայտենբերգը պատշաճ բծախնդրությամբ քննում էր հայերենի լեզվական իրողությունները՝ գրաբար–միջին հայերեն–բարբառներ տարածաժամանակային հենքի վրա։ 2009 թվականին անցնելով թոշակի, նա ամբողջությամբ տրվեց իր կարևորագույն առաքելությանը՝ «Հայոց Լեզուի Քերականութիւն» աշխատությանը[7], որը մնաց անավարտ։

Յոս Վայտենբերգը եղել է հրաշալի մարդ, հոգատար ամուսին ու հայր, բարեխիղճ մանկավարժ։ Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են գրվել և հաջողությամբ պաշտպանվել ինչպես խեթագիտության՝ Աննա Պրինս և Ալուին Կլուկհորստ, այնպէս էլ հայագիտության՝ Թեո վան Լինթ (այժմ Օքսֆորդի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր է)[8] և Հրաչ Մարտիրոսյան (վերջինս եղել է նրա վերջին թեկնածուական ուսանողը[9], և այժմ հրավիրված դասախոս է Լեյդենի համալսարանում[10]

Նա ակտիվ մասնակցել է հոլանդահայ համայնքի մշակութային կյանքին ու եղել է հայոց ճակատագրի անկաշառ թարգմանը Հոլանդիայում։ Իր գործունեության դեռ վաղ տարիներին նա կապվել է հոլանդահայության հետ, դասընթացներ կազմակերպել Ամստերդամում «Արարատ» հաստատության հովանու ներքո, եղել (ի թիվս այլոց) Աբովյան Մշակութային Միության և հոլանդահայ կազմակերպությունների դաշնության «Ապրիլ 24» հանձնախմբի հանձնարարող խորհրդի անդամ։ Որպես վերահսկիչ հանձնաժողովի անդամ մասնակցել է հոլանդահայ գաղութի հետազոտության ծրագրին և հոլանդահայ կազմակերպությունների դաշնության կողմից 2008 թվականին հրատարակված «Հայերը Նիդերլանդներում»[11] գրքույկի կազմելու աշխատանքներին։

Մեծ հաճոյքով այս բոլոր տարիներուն յիշողութիւնները կը պահեմ՝ ինչպէս Հոլլանդահայ համայնքի խօսեցայ, դասախօսեցայ, ուսումնասիրեցայ։ Ամստերդամ, Հագա, Ամըրսֆօրթ, Ալմելօ այցելած եմ, Ձեզի հետ ծանօթացայ եւ Դուք ինձի միշտ ջերմօրէն ընկալած էք։ Հպարտ եմ որ այս Լեիդենական աթոռը Ձեզի համար ալ մի կարեւոր կենտրոն էր։ Հայ հոլանդական համայնքի համար որոշ չափով ընկալագրութիւն մըն էր, թէպետեւ ինձմէ թերեւս աւելի կամ տարբեր տիպի օժանդակ սպասած էիք քան թէ տուած եմ։ Յուսանք որ ինչ որ կերպով այս համալսարական աթոռը կրնանք շարունակել։ Ձեր համայնքի նպաստ անոր համար կարեւոր է։ Տարիներուն ընթացքում Հայ համայնքը փոխուեց, ուժեղացաւ։ Կասկած չունիմ որ գտնէք միջոցներ՝ Հայոց Հոլանդական ներկայութիւնը երևելցնելու ու շեշտելու։

Յոս Վայտենբերգ, Յունուար 22, 2009 թիւ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Leidse Hoogleraren (նիդերլ.)
  3. Die Hethitischen U-stämme, Amsterdam, “Rodopi”, 1984(նիդեր.)
  4. Leiden Armenian Lexical Textbase – LALT
  5. Michael Stone Արխիվացված 2014-05-16 Wayback Machine,(անգլ.) Մայքլ Սթոուն (համառոտ կենսագրություն)
  6. Association Internationale des Études Arméniennes(անգլ.) - International Association of Armenian Studies
    Հիմնադիր փաստաթղթեր և կանոնադրություն(անգլ.)
  7. 7,0 7,1 Prof.dr. I.f.S. Weitenberg, Wetenschap, canons en Armeense woordenlijstjes, Universiteit Leiden, 2009(նիդեր.)
  8. Theo Maarten Van Lint Արխիվացված 2014-10-18 Wayback Machine(անգլ.) – Professor of Armenian Studies, University of Oxford.
  9. Hrach Martirosyan, Studies in Armenian Etymology with Special Emphasis on Dialects and Culture(անգլ.), Dissertation promotor: Prof. Dr J.J.S. Weitenberg, Leiden University,13 February 2008.
  10. Course "Classical Armenian"(անգլ.), Dr. Hrach K. Martirosyan, Leiden University.
  11. Armeniսrs in Nederland, Leinden, 2008(նիդեր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]