Մաուրյաների պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրյաների պետություն
Քարտեզ
Քարտեզ

Մաուրյաների պետություն, պետություն Հին Հնդկաստանում։ Հիմնել է Չանդրագուպտա Մաուրյան (մ.թ.ա. 317 - 293)։ Մ.թ.ա. 314–ին (այլ տվյալներով՝ մոտ 322–ին) գրավել է Մագադհա պետության գահը (այդ թվականը համարվում է Մաուրյաների պետության հիմնադրման թիվը), դարձել Հյուսիս–Արևմտյան Հնդկաստանի տիրակալը։ Մ.թ.ա. 305-ին Չանդրագուպտայի և Սելևկոս I Նիկատորի միջև կնքված հաշտությամբ Սելևկոսը ստացել է 500 մարտական փիղ, զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր։

Մաուրիայի պետությունը Բինդուսարայի մահվանից հետո, մ․ թ․ ա․ 260 թվական

Չանդրագուպտայի որդու՝ Բինդուսարայի ժամանակ (մ.թ.ա. մոտ 293 - 268) Մաուրյաների պետությունը գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր։

Մաուրյաների պետություն հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի ժամանակ (մ.թ.ա. 268 - 232) իր մեջ է ներառել ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հարավից)։ Աշոկայի կառավարման վերջին շրջանում զգացվել են կայսրության թուլացման առաջին նշանները։

Աշոկայի հետնորդների ժամանակ Մաուրյաների պետությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան։ Մ.թ.ա. II դարի սկզբին Մաուրյաների պետության հյուսիսարևմտյան մասը գրավել է Հունա–Բակտրիական թագավորությունը։ Վերջին թագավոր Բրիհադրատհի սպանությունից հետո (մ.թ.ա. 187 կամ 185) Մաուրյաների պետությունը դադարել է գոյություն ունենալուց։

Մաուրյաների պետությունը բաժանված էր փոխարքայությունների, նահանգների, շրջանների։ Մայրաքաղաքը Պատալիպուտրան էր։ Մաուրյաների պետությունը ունեցել է մեծաթիվ բանակ։ Պետական–քաղաքական կարգը կրել է արխայիկ շատ գծեր. մեծ դեր են կատարել բարձրաստիճան պալատականների խորհուրդը և աստիճանավորների, քաղաքացիների, համայնքի անդամների ժողովները։ Աշոկայի ժամանակ հովանավորվել է բուդդայականությունը։ Մաուրյաների պետությունը աշխույժ առևտուր է կատարել Ասիայի և միջերկրածովյան հելլենիստական երկրների հետ, դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Սելևկյանների, Պտղոմեյանների, Մակեդոնիայի, Կիրենիայի, Էպիրոսի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бонгард– Левин Г. М., Индия эпохи Маурьев, М., 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364