Մանկական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական խաղեր, երեխաների ակտիվ գործունեության տեսակ, որը սովորաբար շրջապատող աշխարհի, մեծերի գործողությունների և փոխհարաբերությունների ընդօրինակում է։ Մանկական խաղերն իրենց ծագումով, բնույթով և բովանդակությամբ սոցիալական են, կրում են ազգային, ժողովրդական բնույթ և փոխանցվում սերնդեսերունդ։ Դրանցում ձևավորվում և դրսևորվում է աշխարհը ճանաչելու, նրա վրա ներգործելու երեխայի պահանջը, զարգանում են նրա կամային, ֆիզիկական հատկությունները։

Մանկավարժության մեջ տարբերում են մանիպուլացված (մինչև 3 տարեկանների), սյուժետային (դերային, թատերականացված, բեմականացված), շարժական և դիդակտիկ մանկական խաղեր։ Մսուրային տարիքի երեխաներին խաղի ընթացքում սովորեցնում են առարկաներով գործողություններ կատարել, ծանոթացնում են դրանց ձևին, գույնին, նշանակությանը և այլն։ Նախադպրոցականների սյուժետային խաղերի համար հաճախ փոքրածավալ թեմաներ են ընտրվում գեղարվեստական գրքերից, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներից, մանկական ու ժողովրդական հեքիաթներից։ Խաղն սկսվում է դերերի բաշխումով։ Երեխաներին տրվում է կենդանու, մեքենայի, ծառի և այլ իրի դեր, խաղի մեջ են մտնում նաև կենցաղային առարկաներ, խաղալիքներ, գործիքներ։ Խաղային իրադրությունը նպաստում է երեխաների գիտելիքների, մտածողության ու երևակայության զարգացմանը։ Թատերականացված խաղերում երեխաները սովորաբար դերերը բաշխում են խաղալիքների միջև և գործում նրանց փոխարեն։

Բեմականացված խաղերում նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաները թատերականացված ձևով վերարտադրում են գրական ստեղծագործությունների բովանդակությունը։ Երեխաներին դերի հետ միասին տրվում են խաղալիքներ, օգտագործվում է նաև տիկնիկային թատրոնը։ Մի շարք խաղեր ունեն կանոններ։ 4-5 տարեկանները խաղալով մրցում են վազքում, թռիչքում և այլ ձևերում։ 5-6 տարեկանների մոտ շարժուն խաղերը ստանում են մարզական բնույթ։

Երեխաների, մանավանդ նախադպրոցականների մտավոր դաստիարակության գործուն միջոցներից են դիդակտիկ խաղերը, որոնց նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել առարկաների, նրանց դասակարգման, նշանակության, հատկությունների, աշխատանքի տեսակների, բնության երևույթների և այլնի մասին։ Լայն տարածում ունեն առանց խաղալիքի, բանավոր մանկական խաղերը ՝ հանելուկները, վանկախաղերը և այլն։

Հաճախ դիդակտիկ մանկական խաղերը կրում են ճանաչողական-մարզական խաղ-վարժությունների և խաղ-մրցույթների բնույթ։

Համամիութենական են «Կաշվե գնդակ» և «Ոսկե տափօղակ» մրցանակային խաղերը, դպրոցականների սպարտակիադաները, ռադիո և հեռուստավիկտորինաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png