Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանկական գրադարանից)
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
ԵրկիրՀայաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1933
ՏեղադրությունԵրևան, Տերյան 42/1
Անվանված էԽնկո Ապեր
Այլ տվյալներ
Կայքfacebook.com/natchildlib.org/
+374 10 52 12 22

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Երևանում։ Գրադարանը տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է, աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1933 թվականինին[Նշում 1]։ 1935 թվականին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, անվանակոչվել է Խնկո Ապոր անվամբ։ 1962 թվականին գրադարանին շնորհվել է հանրապետականի կարգավիճակ, և այն դարձել է Հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնը։ 1963 թվականից գրադարանն իրականացնում է հրատարակչական աշխատանքներ։ 1980 թվականից գրադարանը գործում է Տերյան 42/1 հասցեի նորակառույց տիպային շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)։ Կառույցը ներառված է ՀՀ հուշարձանների պետական ցուցակում։

1980-ականներից գրադարանն իրականացնում է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը[1], 1982 թվականին ստացել է գիտական առաջին կարգ, 1984 թվականին հիմնվել է գրադարանի նկարչական ստուդիան, 1991 թվականին հանրապետությունում առաջինն է կազմակերպել համակարգչային գրագիտության դասընթացներ։ 1997-2011 թվականներին Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանում գործել է Գերմանական ընթերցասրահ՝ գերմանալեզու հարուստ հավաքածուով։ 1997 թվականից ամրագրված խաղացանկով տիկնիկային բեմադրություններ է ցուցադրում գրադարանի «Փաթիլ» տիկնիկային թատրոնը։

2000 թվականից, հանդիսանալով Հայաստանում IEARN միջազգային հեռահաղորդակցական կրթամշակութային ծրագրի համակարգողը, այդ, ինչպես նաև երեխաների քաղաքացիական դաստիարակության միջազգային DEEP ծրագրի շրջանակում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ սեմինարներ, կոնֆերանսներ, էլեկտրոնային ֆորումներ, հանդիպումներ մանկավարժների և աշակերտների հետ, իրականացրել է նաև տեսողական խնդիրներով երեխաների սպասարկում «Արև» ծրագրով։ 2001 թվականից գրադարանը դարձել է «Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամ։ 2002 թվականից ՀԳԱ-ի հետ համատեղ իրականացնում է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը։ 2003 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերանվանվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։ Նույն թվականից, հրատարակիչների և գրատների համագործակցությամբ, կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան ամենամյա տոնավաճառը։ 2003 թվականից գրադարանում գործում է «Արփի» ասմունքի և թատերական ստուդիան, իսկ 2000-2015 թվականններին գրադարանում գործել են տարբեր խմբակներ՝ «Էսպերանտո» օտար լեզվի, պատանի տիկնիկագործների, ասեղնագործության, հյուսքի ու գոբելենի, անգլերենի ուսուցման և ճապոնական օրիգամիի։ 2004 թվականից միացել է Հայկական գրադարանային միացյալ ավտոմատացման ցանցի ստեղծման աշխատանքներին /«Aleph» ծրագրով/: Նույն թվականից նշում է Գրադարանավարի օրը։ 2006 թվականից գրադարանում գործում է Իրանական ընթերցասրահը, 2010-2015 թվականներին իրականացվել է Մշակույթի նախարարության նախաձեռնած «Գրադարանային գիշեր» ծրագիրը, 2010 թվականից կազմակերպվել է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնը, 2012 թվականին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական գրատպության 500-ամյակ» իրողությունների համատեքստում իրականացրել է մի շարք ծրագրեր, 2013 թվականից անդամակցել, այնուհետև շարունակաբար համագործակցում է IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե) հետ, մասնակցում միջազգային տարաբնույթ ծրագրերի, 2014 թվականից գրադարանում գործում է Չինական անկյունը, 2014 թվականից իրականացվում են թվայնացման աշխատանքներ, իսկ նույն թ.-ին ստեղծված էլեկտրոնային տվյալների շտեմարանը կիրառվում է սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով, 2017 թվականից գրադարանում մեկնարկել է «Ամառային դպրոց» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է փոխգործուն, ինտելեկտուալ և ժամանցային դաս-խաղերով ավելի հետաքրքիր դարձնել երեխաների արձակուրդային առօրյան, 2019 թվականից գրադարանում հիմնվել է Արաբական անկյուն։ 

Կազմակերպությունը բազմիցս պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը համակարգում և խնդիրները լուծում է մանկապատանեկան ընթերցանությանը նպաստելու, գրքին և համաշխարհային մշակութային արժեքներին երեխաներին ծանոթացնելու, նրանց հոգեմտավոր պահանջմունքները բավարարելու առաքելությանը համապատասխան։

Որպես ազգային նշանակության գրադարան՝ նպաստում է գրադարանային գործի զարգացմանը. կազմակերպում է գիտագործնական խորհրդակցություններ, սեմինարներ, որակավորման դասընթացներ, մասնակցում միջազգային համաժողովների, շարունակաբար կատարելագործում աշխատանքային մեթոդները՝ ձգտելով համապատասխանել միջազգային չափանիշներին։ Որպես մանկապատանեկան գրքի ազգային պահոց՝ հավաքում, մշակում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում հայատառ տպագիր, մասնավորաբար մանուկներին ու պատանիներին հասցեագրված լիակատար հավաքածու։

Իրականացնում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում ըստ տարիքային առանձնահատկությունների տարբերակված սրահների առձեռն և գրապահոցային ֆոնդերի, միջգրադարանային բաժնույթի և համացանցային ռեսուրսների միջոցով.

  • Սպասարկում է 3-18 տարեկան օգտվողների, ուսանողների, մանկապատանեկան գրականության ընթերցանությունը կազմակերպողների,
  • Կատարում է տեղեկատու-մատենագիտական աշխատանքներ,
  • Ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը և հավաքածուի վերաբերյալ տեղեկույթ տրամադրում էլ. շտեմարանի /Կոհա համակարգի միջոցով/, իրականացնում է տեղեկատվական աղբյուրների որոնում համացանցում և խորհրդատվություն։ Պարսկերեն, արաբերեն և չինարեն գրականություն է սպասարկում համապատասխանաբար Իրանական ընթերցասրահի, Արաբական ու Չինական անկյունների միջոցով։

Մանկապատանեկան ընթերցանությունը, ինքնակրթությունը և սոցիալական հաղորդակցման գործընթացը խթանելու նպատակով կազմակերպում է կրթադաստիարակչական աշխատանքներ (գրադարանային էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, ցուցահանդեսներ), սոցիոլոգիական հետազոտություններ, զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, տեսություններ, պոեզիայի ժամեր, մրցույթներ, վիկտորինաներ, հանդիսություններ, վերջին տարիներին նաև գրքի տոնավաճառներ, «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը։ Ավանդաբար նշում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, Ազգային գրադարանային շաբաթը, Երեխաների պաշտպանության և Մանկական գրքի միջազգային, ինչպես նաև Գրադարանավարի ու Գիտելիքի օրերը. անցկացնում օտարալեզու գրականության և մշակույթի տասնօրյակներ, միամսյակներ, վարպետության դասեր, կրթական ու մշակութային ծրագրեր (այդ թվում՝ «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» և Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ում «Բալասան» մանկապատանեկան ընթերցանության և մտավոր ժամանցի անկյան բացումը 2019 թվականին)։

Երեխաներին հասցեագրված գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը սպասարկվում են սրահների առձեռն և գրապահոցային ֆոնդերի միջոցով։

Ընթերցասրահից տարբեր տարիքային խմբեր կարող են օգտվել մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հավաքածուից, արվեստի և գիտության բազմաճյուղ գրականությունից, ամսագրերից, ալբոմներից, համացանցի ռեսուրսներից և քինդլներից։

Ձայնադարանում կարելի է ունկնդրել տարաժանր երաժշտություն՝ խմբով կամ անհատական։

Փոքրիկ ընթերցողների համար գործում է հեքիաթի սրահը, որը միշտ մարդաշատ է։ Այն մանուկների ամենասիրելի անկյունն է, որտեղ նրանք ունկնդրում են հեքիաթներ, ծանոթանում մանկական գրքերի հերոսներին։

Կրտսեր, միջին և բարձր տարիքի դպրոցականների համար կազմակերպվող գրքերի տեսություն-քննարկումները, շնորհանդեսները, ցերեկույթները, վիկտորինաները, ցուցահանդեսները, գրողների և արվեստագետների հետ հանդիպումները, նպաստում են թիրախային տարիքային խմբերի աշխարհայացքի ընդլայնմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը և ընթերցանության մշակույթի ձևավորմանը։

Երեխաների ազատ ժամանցը կազմակերպելու և գեղագիտական ճաշակը զարգացնելու նպատակով գործում են խմբակներ և ստուդիաներ.

  • նկարչական ստուդիայի սաները մասնակցում են բազմաթիվ տեղական և միջազգային ցուցահանդեսների, ակցիաների, արժանանում մրցանակների,
  • 2 թատերական խմբակների սաները սովորում են բեմական խաղ, ասմունք, թատերական վարպետություն։

Գործունեությունն իրականացվում է ըստ գործառույթների դասակարգված բաժինների և նրանց կառուցվածքում գործող ենթաբաժինների միջոցով։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակման և համալրման
  • Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման
  • Գրադարանագիտության և տեղեկատու-մատենագիտական աշխատանքների
  • Գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների կազմակերպման և միջազգային կապերի
  • Գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
  • Զանգվածային միջոցառումների կազմակերպման և սոցիոլոգիական հետազոտությունների
  • Օտարալեզու գրականության
  • Երաժշտական-նոտագիր գրականության սպասարկման

Ենթաբաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանային հավաքածուի վերականգնման հիգիենայի կազմակերպման
  • Նախադպրոցականների և 1-4-րդ դասարանցիների սպասարկման
  • 5-8-րդ դասարանցիների սպասարկման
  • 9-12-րդ դասարանցիների սպասարկման
  • Ընթերցասրահի և մամուլի
  • Ընթերցանությունը կազմակերպողների
  • Երեխաների ազատ ժամանցի կազմակերպման
  • Երաժշտության ունկնդրման
  • Օտարալեզու գրականության /Իրանական ընթերցասրահ, Չինական անկյուն, Արաբական անկյուն/

Գրանցվելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցվում են անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական և ծնողի անձնագիր, միայն անձնագիր/ չափահասների համար)։ Գրանցվողը պետք է ունենա Երևան քաղաքի հաշվառում. հաշվառում չունեցողները հավաքածուից կարող են օգտվել տեղում կամ պատճենահանման եղանակով։ Բնակության վայրի կամ այլ էական փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է զգուշացնել գրադարանին։

Բաժանորդագրից օգտվելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքատրամադրում իրականացվում է գրադարանից դուրս կամ ընթերցասրահում օգտվելու համար։
  • Գրադարանից դուրս չեն տրամադրվում ամսագրեր, թերթեր, բառարաններ, տեղեկատուներ, մեկ օրինակ գրքեր։
  • Ընթերցողը կարող է փաստաթղթից (գրքից) օգտվել 15 օր սահմանափակումով և ժամկետը 2 անգամ երկարաձգելու իրավունքով. նոտաներից` 2 ամիս ժամկետով և 5 անգամ երկարաձգելու իրավունքով (տվյալ ժամանակահատվածում պահանջարկի բացակայության դեպքում)։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի շուրջ 0,5 միլիոն՝ գրքերից, պարբերական մամուլից, քարտեզներից, նոտագրերից, ձայնապնակներից, լուսանկարներից, տեսալսողական նյութերից, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներից (լազերային և մուլտիմեդիա սկավառակներ) բաղկացած, բազմաբնույթ պահպանության միավոր՝ հայերեն և 55-ից ավելի օտար լեզվով։ Համալրումն իրականացվում է` նկատի ունենալով ընթերցողական պահանջարկը։ Հավաքածուից տարեկան օգտվում է շուրջ 20.000 ընթերցող, սպասարկվում է 400.000-500.000 միավոր գրականություն։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս հրատարակվել է ավելի քան 500 անուն մասնագիտական գրականություն՝ մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, մատենագիտություններ, հայ դասական և ժամանակակից մանկագիրների և կոմպոզիտորների կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» օրացույցը, ալբոմներ, ամսագրեր, հայ մանկապատանեկան տպագիր գրքի և մամուլի մատենագիտական ցանկեր և այլն։

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցությունը վերջին տասնամյակներում գրադարանի գործունեության առաջնահերթություններից է։ Գրադարանը համագործակցում է ՀՀ-ում գործող դեսպանատների, մանկական և հանրակրթական հաստատությունների, պետական, հասարակական տեղական և միջազգային մանկապատանեկան և մշակութային մի շարք կազմակերպությունների՝ IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե), IFLA-ի (Գրադարանների միջազգային ասոցիացիա), Հրատարակիչների ազգային ասոցիացիայի,

Հայկական գրադարանային ասոցիացիայի, Հայաստանի գրողների միության, Գեղագիտության ազգային կենտրոնի և այլ հաստատությունների հետ։ Պարբերաբար համատեղ իրականացվում են մանկապատանեկան ընթերցանության խթանմանը և մանուկների ու պատանիների արտադպրոցական հանգստի և ազատ ժամանցի կազմակերպմանը միտված համագործակցային և հեղինակային մեկանգամյա և շարունակական ծրագրեր, այդ թվում՝

  • Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը /ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀԱԱ-ի հետ համատեղ 2003 թվականից/
  •  «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը, որն իր բազմաբնույթ միջոցառումներով միտված էր խթանելու ընթերցանությունը, նպաստելու գրքարվեստի և գրատպության մշակույթի զարգացմանը /«Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ 2010 թ.-ից/
  • «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ են ներկայացնում մանուկ ընթերցողներին 2010 թվականից։                                            

2012 թվականի հոբելյանական միջոցառումների (Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք և Հայկական գրատպության 500-ամյակ) համատեքստում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվել են համագործակցային մեկանգամյա խոշոր ծրագրեր.                      

  1. «Ես գիրք եմ ստեղծում» երկփուլ մանկապատանեկան գրական, ուսուցողական ծրագիրը, որը գրադարանն իրականացնում էր «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ
  2. Երաժշտական գրադարանների միջազգային գիտաժողովը` «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» կարգախոսի ներքո ՀԳԱ-ի և Երաժշտագիտական գրադարանի հետ համատեղ (Վերջինս 2016 թվականից վերակազմակերպվել է՝ միացվելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին 24 նոյեմբերի 2016 թվականի N 1204-Ն ՀՀ կառավարության որոշման հիման վրա)։ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտաժողովը կրել է «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագիրը և միջմշակութային նոր փոխառնչությունների, ՏՏ նորագույն ձեռքբերումներին և թվայնացման միջազգային փորձին ծանոթանալու, եվրոպական փորձի տեղայնացման հնարավորություն ընձեռել։

Համագործակցության արդյունքում գրադարանում մշտապես գործում են ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած օտարալեզու անկյուններ։

Գրադարանի օտարալեզու անկյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական ընթերցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական ընթերցասրահը[2] ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և մշակույթի զարգացման մանկական կենտրոնի նախաձեռնությամբ պարսկերեն ուսումնասիրողների համար գործում է 2006 թվականից[3]. գրքերի հավաքածուն ավելի քան 1600 միավոր։

Համագործակցության արդյունքում՝

  • 2015 թվականին գրադարանը մասնակցել է Իրանի Քերմանշահ քաղաքում կայացած Հեքիաթասացության 17-րդ միջազգային փառատոնին՝ գրադարանի հեքիաթասացուհու և Սպահան քաղաքում կայացած պոեզիային նվիրված միջոցառմանը՝ պարսիկ և հայ երեխաների մասնակցությամբ
  • Իրականացվել է հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը, որի շրջանակում 2015 և 2016 թվականների փոխայցելությունները Հայաստան-Իրան 100 հայ և իրանցի պատանիների համար հնարավորություն են ստեղծել ավելի մոտիկից ծանոթանալու հարևան երկրին
  • Կազմակերպվել է հանդիպում պարսիկ հայտնի մանկագիր Ֆահրադ Հասանզադեի հետ /գրադարանի 85-ամյակի միջոցառումների շրջանակում, 2018/
  • «Կապույտ մզկիթի» և Հայաստանում պարսկերեն ուսումնասիրող կրթօջախների համագործակցությամբ իրականացվել է ծառատունկ Երևանի Կապույտ մզկիթում և Գառնիում /2019, ապրիլ/
  • Անցկացվել է պարսկական պոեզիային նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը /2019, մայիս-նոյեմբեր/:

Գրադարանում պարբերաբար իրականացվում են պոեզիայի ժամեր, նկարչական մրցույթներ, գրքի շնորհանդեսներ և տարաբնույթ միջոցառումներ նվիրված հարևան երկրի նշանակալի իրադարձություններին՝ Իրանական ազգային երաժշտության և աշակերտի օրերին, պարսկական Նովրուզ տոնին, պարսկերենին։ «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում իրանցի դիվանագետները պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների սաների համար ընթերցում են հեքիաթներ։

Չինական անկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական անկյունը Չինաստանի Hanban /Չինարենի տարածման կենտրոն/ ընկերության նախաձեռնությամբ. գրադարան-ընկերություն համագործակցության արդյունքում գործում է 2014 թվականի նոյեմբերից։

350 միավոր բազմաժանր հավաքածուն՝ ուսուցողական գրքեր, տեսալսողական նյութեր, մանկական, գեղարվեստական և այլ հրատարակություններ, չինարեն ուսումնասիրելու, Չինաստանի հարուստ պատմությանը, գրականությանը, արվեստին, մշակույթին, կենցաղին և ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն են ստեղծել։ Անկյունում իրականացվում են հեքիաթապատումներ, էքսկուրսիաներ, թեյախմություններ, Չինաստանի պատմությանը, արվեստին և գրականությանը, մշակույթին և ավանդույթներին նվիրված կրթամշակութային միջոցառումներ։ 

Արաբական անկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ում ԱՄէ դեսպանատան աջակցությամբ գրադարանում տեղի է ունեցել Արաբական անկյան բացումը, որը երկամյա համագործակցության նախապատմություն ուներ. հիմքերը դրվել էին Շարժայի միջազգային գրքի տոնավաճառում IBBY Հայաստան և IBBY ԱՄէ գործընկերությամբ (2018 թվականին IBBY Հայաստանի գործընկեր IBBY ԱՄէ-ն երեխաների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արաբական «Կալիմաթ» հիմնադրամի օժանդակությամբ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու գրադարանում Արաբական անկյան հիմնմանը)։

Անկյունը համալրված է շուրջ 1500 միավոր՝ բնական գիտությունների, սոցիոլոգիայի մասին գրքերով, մանկական հեքիաթներով, գեղարվեստական գրականությամբ, որտեղ պարբերաբար արաբական մշակույթին և պատմությանը նվիրված միջոցառումներ են իրականացվում։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տերյան 42/1 շենքում, հեռախոս՝ +374 10 521222։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուկների հյուրընկալ տունը (ուղեցույց) Եր.: Խնկո Ապոր անվան մանկ. գրադ. հրատ., 1984, 32 էջ, գուն. նկ.(Գիրքը՝ հայ., ռուս. և անգլ.)։
  • Մանկական գրքի  առաջին օջախը։ Եր. Լույս, 1983, 85 էջ (Գիրքը՝ հայ. և ռուս.): 78.39 Մ 26։
  • Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան.-«Հայկական համառոտ հանրագիտարան. 4 հատորով, Հտ. 2» գրքում. Եր., 1995, էջ 515։ 92 Հ 24։
  • Գրադարան(նաև Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան մասին, լուսանկ.)։ «Դպրոցական մեծ հանրագիտարան, Գ. II, Հտ. 1 » գրքում. Եր., 2009, էջ 209։ Մտ 92 Դ 82։
  • Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (նաև լուսանկար)։ «Հայաստանի հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գրքում. Եր., 2012, էջ 743։ 92 Հ 24։
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։ «Հայտնի և անհայտ գրադարաններ, անվանի գրադարանավարներ» գրքում. Եր., 2012, էջ 50-51։ 78.3 Հ 29։
  • Երկու խոսք։ [Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան մասին]։ «Գրադարանի մասին հրատարակված նյութերի մատենագիտություն (1953-2008)» գրքում. Եր., 2008, էջ 3-5։ 919 Գ 87։
  • Մելյան Բ.  [Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի մասին]։ Խնկո Ապոր անվան հանրապետական գրադարանի հրատարակությունների ցանկ(1963-1966 թթ.).-Եր., 1969, էջ 3-6։ 91 Խ 64.
  • Երկու խոսք։ [Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան մասին]։ Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանի հրատարակությունները (1983-2003 թթ.) գրքում. Եր., 2004, էջ 3-4։ 91.9 Խ 64.
  • Գրադարան (նաև Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան մասին, լուսանկ.)։ «Ինչ է, ով է.Հանրագիտարան 4 հատորով։ Հտ. 1» գրքում. 1984, էջ 318։ Կտ․ 9 Ի 61։
  • Գրադարան (նաև Խնկո Ապոր անվան մանկական գրադարան մասին, լուսանկ.)։ «Ոսկեփորիկ մանկական հանրագիտարան. 3 հատորով։ Հտ. 1 » գրքում. Եր., 1993, էջ 221։ Մտ 9 Ո 46։
  • Национальная детская библиотека им. Хнко Апера..-В книге «Библиотеки Южного Кавказа и кто есть кто в библиотечной сфере. Справочное издание», Ереван, 2003.-стр. 113-114.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի՝ 1923 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Մանկական գրքի շաբաթ` Խնկո-Ապոր գրադարանում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  2. «Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան». www.dasaran.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  3. «Երեւանի Խնկո- Ապոր անվան մանկական գրադարանը համալրվեց պարսկական հեքիաթների եւ պատմվածքների հայերեն թարգմանություններով». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]