Մանգայի զարգացման պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարից մինչև Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել]

Ասվում է, որ առաջին մանգաները 12-րդ դարի ձեռագրեր են։ Համենայն դեպս, հենց այդ ժամանակ է սկիզբ դրվել աջից ձախ կարդալու ձևին։

Առաջին նկարներով պատմվող պատմությունների մասին հիշատակումները վերաբերում են 13-րդ դարին։ Ընդունված է համարել, որ բուդդայական վանական Տոբան (կամ Կաքույուն) առաջինն էր, ով 4 հումորային պատմություններ է նկարել՝ գրելու փոխարեն։ Դրանք իրենցից ներկայացնում էին չորս ստորագրված տուշով ձեռագրեր ու պատմում էին մարդկանց ու կանոնները խախտող վանականներին այլաբանորեն ներկայացնող կենդանիների մասին։ Հիմա ձեռագրերը պահվում են մենաստանում, որտեղ ապրել է Տոբան։

Զարգանալով, մանգան իր մեջ է ամփոփում ուքիյո-էն ու արևմտյան նկարչական ավանդույթները։ Մեյջի հեղափոխությունից հետո, երբ ճապոնական երկաթե վարագույրը ընկավ ու սկսվեց Ճապոնիայի ակտիվ մոդեռնիզացման շրջանը, երկիր մտան արևմտյան կոմիքսները; տեղացի նկարիչները իրենց արտասահմանցի կոլեգաներից սովորեցին կոմպոզիցիայի, չափերի ու գույնի առանձնահատկությունների մասին՝ սովորեցին մի բան, որի վրա ուքիյո-է ոճի ներկայացուցիչները ժամանակ չէին ծախսում՝ համարելով, որ նկարի ասելիքը արտաքին տեսքից կարևոր է։

1902 թվականին սկսեց հրատարակվել Րաքուտեն Քիթաձավայի հումորային կոմիքսը՝ Tagosaki to Makube no Toukyou։ Սա Ճապոնիայում լույս տեսած առաջին շարունակական կոմքիսն էր։

1900-1940-ական թվականներին մանգան դեռ էական հասարակական երևույթ չէր, ավելի շատ նորաձև երիտասարդական հետաքրքրվածություն։ Սյուժետային կոմիքսներում գերակշռում էր ճապոնական հասարկության բարքերի տռոլլինգը։

Տայշո կայսեր գահակալության տարիներին մանգակաները փորձարկումներ են սկսում անել օտարերկրյա գրաֆիկայի ոճերի հետ, փորձի փոխանակումներ են կազմակերպում այլազգի նկարիչների հետ։ Այդպես, 1920-ական թվականների ճապոնացի նկարիչների խումբ այցելում է ԱՄՆ՝ երկիր, որտեղ կոմիքսային արդյունաբերությունը վերելք էր ապրում։

1926 թվականին Ճապոնիայի կայսրը դարձավ Հիրոհիտոն։ Քաղաքական իշխանությունը մանրից անցնում էր ռազմական գործիչներին։ Սա ազդեց նաև ժամանակի արվեստի վրա. սկսեց գերակշռել ռազմական ու ռազմատենչ թեմատիկան։

Կառավարության կողմից ֆինանասավորվող մանկական կոմքիսները գունավոր էին հրատարակվում, բայց հետագայում մանգան նախընտրեց սև-սպիտակ անալոգը։

Ամենասիրված ու ճանաչված գրաֆիկական ստեղծագործությունն ու միաժամանակ ժամանակի պատկերային սիմվոլը դարձավ 1931 թվականից հրատարակվող Norakuro մանգան։ Այն պատմում էր կենդանիների բանակում ծառայող Նորաքուրո շան մասին։ 1941 թվականին մանգան համարվեց ճապոնական բանակի ձեռ առնոցի ու արգելվեց։

1943 թվականին հրատարակվեց Րյուիչի Յոքոյամայի Kagaku senshi New York ni shutsugen su ֆանտաստիկ կոմիքսը։ Դրանում առաջին անգամ երևաց «հսկայական մարտական ռոբոտ»-ի գաղափարը, ինրը առանցքային դեր ունեցավ թե մանգայի, թե անիմեի հետագա զարգացման մեջ։

Պատմաբաններն ու գրողները ժամանակակից մանգայի առաջացման ու ձևավորման երկու բեկումնային փուլ են առանձնացնում։ Նրանց հայացքները տարբերվում են, երբ հարցը վերաբերում է փուլերի կարևորությանը։ Շատերը վստահ են, որ էականը Երկրորդ Համաշխարհային պատերազմի, մյուսները՝ Մեյջի ու նախա-Մեյջի ժամանակաշրջանների ճապոնական մշակույթն ու արվեստը։

1945-1952 թվականների Ճապոնիայի օկուպացիան ազդեց մանգայի վրա այն առումով, որ ամերիկացի սպաները իրենց հետ բերում էին իրենց հեռուստատեսությունն ու ֆիլմերը, որոնք ամերիկյան մշակույթի ու արվեստի տարրեր էին պարունակում։ Հատկապես կարևոր էին Դիսնեյի մուլտֆիլմերը։ Ու սա մանգա-ուսումնասիրողների մի մասի կարծիքով, ամենամեծ ազդեցությունն ունեցավ մանգայի զարգացման վրա։

Տաքաշի Մուրաքամին ու նրա նման հեղինակները խորն են ապրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, բայց Ճապոնիայի պարտությունy, օկուպացիան ու Հիրոշիմայի ու Նագասաքիի ատոմային ռմբակոծությունը, բացի ճապոնացիների ու ճապոնացի նկարիչների հոգում չսպիացող վերքեր թողնելուց, արտահայտվել է նաև մի շատ համով ոճի՝ քավաիի(可愛い) սկզբնավորմամբ։ Այդուամենայնիվ, Տաքայումի Տացումին գնահատում էր միջազգային էկոնոմիկայի ու մշակույթի կարևորությունը և կիսում միջազգային երիտասարդության համատեղ ստեղծագործելու ոգևորությունը։ Սա, նրա խոսքերով, հնարավորություն տվեց մանգային զարգանալ ու հասնել այն մակարդակին, որն այսօր ունենք։

Մուրաքամին ու Տացումին տրանս-ազգայնականության ջատագովներ էին ու վերաբերում էին նրան հենց որպես մի մշակույթի տարրերի մյուսին փոխանցվելու հոսանքին։ Նրանց խոսքերով, տերմինը չէր վերաբերվում միջազգային կորպորատիվ ընդլայնմանը կամ զբոսաշրջությանը կամ էլ անհատների միջև ընկերությանը, բայց վերաբերվում էր ազգային սահմաններն անտեսող նկարչական ու ինտելեկտուալ ավանդույթների փոխազդեցությանը։ Մշակութային տրանս-ազգայնականության օրինակ նշվում էր Ջորջ Լուկասի «Աստղային Պատերազմներ» ֆիլմը. այն նկարահանվել էր Միացյալ Նահանգներում, մանգան ստեղծել են ճապոնացի նկարիչները, որի մարքետինգով կրկին զբաղվել էին ամերիկացի մասնագետները։ Մեկ այլ օրինակ է ամերիկյան հիփ-հոփ մշակույթի տարածումը Ճապոնիայում։

Վենդի Վոնգը նույնպես ընդունում է տրանս-նացիոնալիզմի կարևորությունունը։

Այդուամենայնիվ, այլ գրողներ առանցքային են համարում Ճապոնիայի մշակույթի ու էսթետիկ ավանդույթների զարգացումը։ Նրանցից են Ֆրեդերիկ L. Շոդտը, Կինքո Իտոն, Ադամ L. Քերնը։

Շոդտը նշում էր ուքիյո-է ու շունգա ոճի փայտե փորագրությունների կապը ժամանակակից մանգայի հետ։ Նա նաև ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 13-րդ դարում կային նկարազարդված ձեռագրեր. օրինակ, «Չոջու-ջինբուցու-գիգա»-ն, որում հումորային հաջորդական նկարներ են։ Չնայած դեռ վիճում են, թե պահապանված ձեռագրերից որն է ավելի հին՝ «Չոջու-ջինբուցու-գիգա»-ն, թե «Շիգիսան-էնգի»-ն, դրանք երկուսն էլ մոտավորապես նույն ժամանակաշրջանից են։ Բայց շատ հարգելի մարդիկ, օրինակ, Իսաո Տաքահատան՝ Գիբլի ընկերության համահիմնադիրը, կարծում են, որ հին ձեռագրերի ու ժամանակակից մանգայի միջև ոչ մի ընդհանրություն չկա։

Շոդտը առանձին դեր է հատկացնում քամիշիբայերին՝ փողոցային թատրոններին, որտեղ, մինչ դերասանները ներկայցումներ էին խաղում, նկարիչները նկարազարդումներ էին անում։

Տորրանսը մատնանշում է ժամանակից մանգայի ու 1890-ականներին ու 1940-ականներին Օսակայում հրատարակվող վեպի ընդհանրությունները. ամեն դեպքում, Մեյջի ու նախա-Մեյջի ժամանակաշրջանում տպագրվող ու տարածվող վեպերը նախապատրաստեցին այն հասարակությանը, որը կսիրեր նկարներով ու բառերով պատմվող պատմությունները։

Կինքո Իտոն նույնպես ժամանակակից մանգայի արմատները գցում է նախա-Մեյջի ժամանակաշրջանի արվեստում, բայց Երկրորդ Համաշխարհային Պատերազմին հաջորդող տարիները, ըստ նրա, որոշիչ դեր ունեցան, քանի որ նորովի զարգացող մանգայի ավանդույթները ոգևորություն առաջացրին սպառողների շրջանում։ Իտոն ասում է, որ հենց այս ժամանակ տարանջատվեցին նոր ժանրերն ու կատեգորիաները. այսպես, ուշ 1960-ականներին ասպարեզ է գալիս շոջոն՝ աղջիկների համար գրված մանգան, իսկ 1980-ականներին՝ րեդիսուն՝ հասուն կանանց մանգան։

Քերնը այն վարկածն է առաջադրել, որ քիբյոշիները՝ 18-րդ դարի վերջի նկարազարդ գրքերը, կարող են լինել աշխարհի առաջին կոմիքսները։ Այդ գրաֆիկական պատմվածքները ժամանակակից մանգայի հետ ժանրային ընդհանրություններ ունեն՝ հումոր, սատիրա ու ռոմանտիկա։ Քերնը չի կարծում, որ քիբյոշին մանգայի ուղղակի նախնին է, բայց հենց միայն քիբյոշիների գոյության փաստը ցույց է տալիս ճապոնացիների կոմիքսներ՝ բառերի ու նկարների համադրություն, ստեղծելու ու կարդալու պատրաստակամությունը։

Չարլզ Ինոուէն մանգան համարում է պատկերների ու բառերի խառնուրդ ու դրա առաջացումը կապում է ամերիկյան օկուպացիային նախորդող տարիների հետ։ Ըստ նրա, ճապոնական կերպարվեստը պարտական է չինական գրաֆիկական արվեստին, բայց, ինչպես և գրականությունը, թելադրված է Մեյջի ու նախապատերազմյան ժամանակաշրջանի սոցիալական ու էկոնոմիկական պահանջներով՝ ընդհանուր հասկանալի լեզվով ճապոնական ազգայնական գաղափարների տարածման պահանջներով։ Այս երկու երևույթները, Ինոուէի կարծիքով, մանգայում յուրահատուկ սիմբիոզ ստեղծեցին։

Այսպիսով, նշված գիտնականները մանգայի զարգացումը սերտորեն կապում են Ճապոնիայի մշակութային անցյալի ու հետպատերազմյան շրջանի նորարությունների ու ազգայնականության հետ։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո[խմբագրել]

Ժամանակակից մանգան ստեղծվել է Օկուպացիայի՝ 1945-1952 թվականներին, ու հետ-Օկուպացիայի՝ 1952-ից վաղ 1960-ականներ, տարիներին, երբ ռազմատենչ ու ազգայնական Ճապոնիան վերակառուցում էր իր քաղաքական ու էկոնիկական ենթակառուցվածքը։ Չնայած Միացյալ Նահանգները արգելում էին պատերազմն ու Ճապոնական ռազմարվեստը փառաբանող արվեստն ու գրականությունը, այլ հրատարակությունները, ներառյալ մանգան, կարողանում էին շրջանցել օրենքը։ 1947 թվականին ընդունված Սահմանադրությունն էլ 21-րդ հոդվածով վերացրեց բոլոր տիպի արգելքները, ինչի տրամաբանական հետևանքը այդ շրջանում ստեղծարարության բուռն վերելքն էր։

Այս շրջանում երկու «առաջամարտիկ» մանգաներ շրջադարձային ազդեցություն ունեցան ժանրի զարգացման վրա. Օսամա Տեձուկայի «Mighty Atom»(Միացյալ Նահանգներում՝ Աստրո Բոյ, սկսել է հրատարակվել 1951 թվականից) ու Մաչիկո Հասեգավայի «Սաձաէ-սան»(սկսել է հրատարակվել 1946 թվականից) մանգաները։

Աստրո Բոյը միաժամանակ գերբնական ուժի տեր ռոբոտ ու միամիտ փոքրիկ տղա է։ Տեձուկան երբեք չի խոսել այն մասին, թե որտեղից իր հերոսը այդքան լավ զարգացած հասարակական գիտակցություն ու խիղճ ունի, կամ թե ինչպիսի ծրագավորում պիտի ունենա ռոբոտը, որ էդքան բարի ու զգացմունքային տղա դառնա։ Աստրո Բոյի երկու բնորոշումներն էլ, թվում է, նրանն են ի ծնե. Սա նպատակ ունի ներկայացնելու ճապոնական հասարակությունն ու համայնքը պաշտպանելու կամքը, որն արմատապես տարբերվում է ճապոնական կայսրության ժամանակաշրջանին բնորոշ կայսրի անձի պաշտամունքից ու ուժին հնազանդությունից։ Աստրո Բոյը շատ արագ դարձավ (և շարունակում է մնալ) սիրված հերոս Ճապոնիայում ու այլուր, որպես նոր՝ խաղաղության ու պատերազմից հրաժարվող աշխարհի խորհրդանիշ, ինչն արտացոլվում է նաև Սահմանադրության 9-րդ հոդվածում։ Նմանատիպ թեմաներ են արծարծվում Տեձուկայի New World ու Metropolis մանգաներում։ Աստրո Բոյի հաջողությունը զարկ տվեց նաև մնացած մանգակներին. օրինակ, Միցուտէրու Յոքոյաման նկարեց ճապոնական ռոբոտի մասին պատմող Tetsujin 28-go մանգան։

Տեձուկայի գործերին է հակադրվում Մաչիկո Հասեգավայի՝ երիտասարդ նկարչուհու, 1946 թվականից «Ասահի շինբուն» ամսագրում յոնքոմա ֆորամտով. հրատարակվող մանգայի՝ «Սաձաէ-սան»-ի գլխավոր հերոսուհին՝ Սաձաէ-սանը։ Նա պատերազմից հետո անտուն մնացած միլլիոնավոր ճապոնացիների նման հայտնվել էր անելանելի վիճակում,նա հեշտ կյանք չէր ունեցել, բայց Աստրո Բոյի նման խորը քաղաքացիական ու հասարակական գիտակցություն ուներ ու ներգրավված էր ընտանեկան գործերում։ Համատեղությամբ նա շատ ուժեղ կերպար է ու հակադարձում է նախկին ռազմական համակարգով պրոպագանդվող «լավ կին, իմաստուն մայր» (良妻賢母, րյոսայ կենբո) սկզբունքին։ Սաձաէ-սանը նայում է աշխարհին անսպառ լավատեսությամբ. սա է Հայաո Կավայը անվանում «տոկուն կին»։

Հաջորդ հիսուն տարում ամբողջ աշխարհում կվաճառվի «Սաձաէ-սան»-ի ավելի քան 62 միլլիոն օրինակ։

Տեձուկան ու Հասեգավան նաև ոճային նորարարներ էին։ Տեձուկայի կինեմատոգրաֆիկ տեխնիկան՝ շարժումները ավելի դիտողական դարձնելու համար ներկայացնել առանձին կադրերը դանդաղեցված ռեժիմով, երբեմն կտրում կրճատելով հերոսի ու «տեսախցիկի» միջև հեռավորությունը։ Ու, ինչն ավելի կարևոր է, Տեձուկան համապատասխանեցրել է ֆրեյմերի փոփոխության արագությունը ընթերցման արագության հետ, որպեսզի ընթերցողի մոտ շարժման պատրանք ստեղծվի։ Վիզուալ դինամիկայի այս ոճը հետագայում փոխառվել է շատ մանգակների կողմից։

Իսկ Մաչիկո Հասեգավայի բարձրացրած թեման, հիմնված ամենօրյա կյանքի ու կանացի փորձի վրա, հետագայում կդառնա շոջո-մանգայի գլխավոր տարբերիչ գծերից մեկը։

1950-ից 1969 թվականներին վերջնականապես կայացավ մանգա ընթերցող հասարակությունը ու տարբերակվեցին երկու հիմնական ժանրերը՝ շոնեն(տղաների համար գրված մանգա) ու շոջո(աղջիկների համար գրված մանգա)։ 1969 թվականից շոջո-մանգան հիմնականում ստեղծվում էր հասուն տղամարդկանց կողմից, մինչև շուկան «հետ գրավեց» Նիջույոն նեն գումի մանգակա-կանանց խումբը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

[1]