Մայքելսոնի փորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքելսոնի փորձի կահավորումը

Մայքելսոնի փորձ Լույսի արագության վրա Երկրի շարժման ազդեցությունը չափելու նպատակով 1881 թվականին Մայքելսոնի կատարած փորձը։ Մայքելսոնի փորձի բացասական արդյունքը հարաբերականության հատուկ տեսության հիմքում ընկած փորձնական կարևոր Փաստերից էր։ 19-րդ դարի վերջին ֆիզիկայում ընդունված էր այն տեսակետը, թե լույսը տարածվում է ինչ-որ հատուկ միջավայրում՝ եթերում։ Անշարժ եթերի վարկածի համաձայն՝ լույսի արագությունը Երկրի նկատմամբ պետք է կախված լինի եթերում Երկրի շարժման ուղղության նկատմամբ լուսային ճառագայթի ունեցած ուղղությունից։ Փորձը կատարվել է Մայքելսոնի հավասարաբազուկ ինտերֆերոմետրով, որի բազուկներից մեկն ուղղվում էր Երկրի շարժման ուղղությամբ, իսկ մյուսը՝ դրան ուղղահայաց։ Ամբողջ սարքը 90°-ով շրջելիս՝ ճառագայթների ընթացքների տարբերությունը պետք է փոխի նշանը, որի հետևանքով և պետք է շեղվի ինտերֆերենցիոն պատկերը։ Հաշվարկը ցույց է տվել, որ այդ շեղումը՝ Δ= (2l/λ) (ν2/c2), որտեղ l-ը ինտերֆերոմետրի բազուկի երկարությունն է, λ-ն՝ կիրառված լույսի ալիքի երկարությունը, c-ն՝ լույսի արագությունը եթերում, v-ն՝ Երկրի ուղեծրային արագությունը։ Քանի որ Երկրի ուղեծրային շարժման դեպքում v/c մեծությունը 104 կարգի է, ապա սպասվող շեղումը շատ փոքր է և այդ Փորձում կազմում էր ընդամենը 0, 04։ Այսուհանդերձ, Մայքելսոնի այդ փորձը բավական էր համոզվելու համար, որ անշարժ եթերի վարկածը ճիշտ չէ։ 1885-1887 թվականներին Մայքելսոնը է. Ու. Մոռլիի հետ նոր փորձեր է կատարել սնդիկի մեջ լողացող զանգվածեղ սալի վրա տեղադրված ինտերֆերոմետրով։ Չափումները դարձյալ հաստատել են Մայքելսոնի փորձի բացասական արդյունքը։ Հետագայում Մայքելսոնի փորձը բազմիցս կրկնվել է։ 1958 թվականին Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ) մեկ անգամ ևս ցույց է տրվել անշարժ եթերի բացակայությունը։ Դասական ֆիզիկան ի վիճակի չէր բացատրելու Մայքելսոնի փորձի բացասական արդյունքը և այն համաձայնեցնելու շարժվող միջավայրերի էլեկտրադինամիկայի այլ երևույթների հետ։ Մինչդեռ հարաբերականության տեսության մեջ լույսի արագության հաստատուն լինելը հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերում ընդունվում է իբրև բազմաթիվ փորձերով հաստատված պոստուլատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 208