Լեռնապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մակարաշենից)
Գյուղ
Լեռնապատ
Լեռնապատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Փամբակ համայնք[1]
Մակերես52,31 կմ²
ԲԾՄ1520 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2279[2] մարդ (2019)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնապատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (322)
Փոստային դասիչ2033
Ավտոմոբիլային կոդ36
Լեռնապատ (Հայաստան)##
Լեռնապատ (Հայաստան)
Լեռնապատ (Լոռու մարզ)##
Լեռնապատ (Լոռու մարզ)

Լեռնապատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։

Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Նախկինում կոչվել է Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թվականի հոկտեմբերի 26-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Լեռնաջուր գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։

Նախկինում Հաջիղարա անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։

17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Արցախից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։

1988 թվականի երկրաշարժից գյուղն ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։

2021 թվականին գյուղն ընդգրկվել է Փամբակ համայնքի կազմում։

Լեռնապատ գյուղը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լեռնապատի մշտական բնակչությունը կազմել է 1661, առկա բնակչությունը՝ 1511 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2011
Բնակիչ 143 1253 1457 1680 1462 1748 1727 2030 1789 1661[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա 1862 թվականին կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[6], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը (2014)

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի փոստ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։

Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն անվանվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։

Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Լեռնապատում կառուցվել է անօդաչու թռչող սարքերի օդակայան, որը կոչվել է Կարեն Վարդանյանի անունով։ Օդակայանի՝ հարյուր մետրից ավելի երկարություն ունեցող թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով և ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ, որը ԱԹՍ-ների համար ապահովում է ավելի փափուկ վայրէջք[7]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացվել է «Հաւք 2021» մրցույթը, որին մասնակցել են շուրջ երեք տասնյակ թիմեր երեք անվանակարգերում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված[8]։ Մրցույթը դարձել է ամենամյա և անցկացվում է սեպտեմբեր ամսին[9][10][11]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Ներկարարյան (1914-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[12],
  • Զարմայր Աշրաֆյան (1898-1936), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929),
  • Միսակ Տեր-Գևորգյան (1882-1968), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. Լեռնապատ
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 358
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  6. «Հայաստան» հանրագիտարան
  7. Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը՝ բացառիկ ճախրանքների խաչմերուկ
  8. Լեռնապատում կազմակերպվեց ԱԹՍ-ների մրցույթ
  9. Հավք 2022. Հայաստանում ԱԹՍ-ների մրցույթ անցկացվեց
  10. «Հավք 2023» ԱԹՍ մրցույթը․ «Քո ձայնը»
  11. «Հավք 2022» ԱԹՍ մրցույթի առաջնային նպատակը մասնագետներ տալն է
  12. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 8, Երևան, 1982, էջ 248:
  13. Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 11, Երևան, 1985, էջ 665: