Մալիշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մալիշկա
Մալիշկա գյուղը գարնանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետՆազարյան Գարիկ
Մակերես86 կմ²
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4460 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մալիշկա (Հայաստան)##
Մալիշկա (Հայաստան)
Մալիշկա (Վայոց ձորի մարզ)##
Մալիշկա (Վայոց ձորի մարզ)

Մալիշկա, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից 4 կմ հարավ-արևելք, Արփայի աջակողմյան Մալիշկա վտակի ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը փռված է Արփա գետի աջ ափին, շուրջ 250 հա-ի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 7150 հա, սահմանակից է Եղեգնաձոր և Վայք քաղաքներին, Գլաձոր, Վերնաշեն, Կարմրաշեն, Հերհեր, Արին, Զեդեա և Ագարակաձոր գյուղերին։ Գյուղի տարածքով է անցնում Հայաստան-Իրան միջպետական ավտոմայրուղին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը վերաբնակցվել է 1828-1831 թթ. Իրանի Խոյի և Սալմաստի գավառներից ներգաղթած հայ ընտանիքներով։ Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք։

Մալիշկայի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 261 717 1281 1808 2368 2715 3538 3980 4766 4591 4460[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիշկայում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1850 թ.), իսկ 3 կմ հարավ-արևելք պատմական Մոզ քաղաքի ավերակները (VII-XV դդ.), VII դարի ամրոց, IX-XIV դարերի խաչքարեր։ Գյուղի շրջակայքում են գտնվում “Բերդաջուր” և “Ահեկաբերդ” միջնադարյան ամրոցները, իսկ 1,5 կմ արևելք՝ XVIII դարի կամուրջ։

Գյուղում անցած դարում կառուցվել է երկու հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված մալիշկեցիների հիշատակին, իսկ այս տարի կառուցվել է հուշաքար աղբյուր՝ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Մալիշկայում ներկայումս գործում է սուրբ Աննա եկեղեցին, որի հարակից բարեկարգ տարածքը հարմարավետ հանգստի գոտի է դարձել բնակչության, առանձնապես երիտասարդների, համար։

Կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, առողջապահական կենտրոն, առևտրի 20 կետ, զովացուցիչ ջրերի 2 փոքր արտադրամասեր, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդեսատրների գործարանը շուրջ 600 աշխատեղով, որը այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։

Մշակույթի տանը գործում է գրադարանը, պարի, նկարչության, ըմբշամարտի, խմբակներ։

Մալիշկայի տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին գյուղում եռանդուն գործունեություն է ծավալել ծնունդով շամախեցի, ռուսական բանակի կապիտան, բանաստեղծ, Վայոց ձորի գավառի տեսուչ Պետրոս Մադաթյանը (մականունը՝ Սեյադ)։ Նրա ջանքերով գյուղում կառուցվել է առևտրական 60 կրպակ։ Պիտի բացվեր նաև արհեստավորաց տուն և վարժարան, որոնց շնորհիվ պիտի ծաղկում ապրեին հայկական մի քանի հնագույն արհեստներ։ 1857 թվականին Պետրոս Մադաթյանը թույլատրություն է ստանում ռուսական կառավարությունից Մալիշկա գյուղում տոնավաճառ կազմակերպելու համար։ Այս տոնավաճառը պետք է դառնար ավանդական և տեղի ունենար ամեն տարվա մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը։ Այս նախաձեռնությունը ձախողվում է, իսկ կրպակներն ու տոնավաճառի համար հանպատրաստից տաղավարները քանդվում են։ Հետագայում փորձեր են արվել վերակենդանացնել այս գաղափարը, բայց անհաջող[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 13-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Հանրագիտակ օրացույց, 1991, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիշկա» հոդվածին։