Մաժորիտար համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաժորիտար համակարգ (ֆրանս. majorite-մեծամասնություն), բուրժուական երկրներում ընտրությունների արդյունքը որոշելու կարգ։ Ըստ մաժորիտար համակարգի ընտրական օկրուգում դեպուտատական տեղեր ձեռք է բերում այն թեկնածուն կամ կուսակցության թեկնածուների խումբը, որը հավաքել է օրենքով նախատեսված ձայների մեծամասնությունը։ Ներկայումս տարածված են բացարձակ կամ հարաբերական (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Մեքսիկա և այլն) մեծամասնության համակարգերը։ Բացարձակ մեծամասնության դեպքում ընտրվում է ձայների բացարձակ (կամ պարզ) մեծամասնություն (50%+1) հավաքած թեկնածուն։ Հարաբերական մեծամասնության դեպքում անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի մեծ քանակ, քան հակառակորդներից յուրաքանչյուրը։ Մաժորիտար համակարգը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, այս կամ այն կուսակցության դերը երկրի քաղաքական կյանքում։ Բազմակուսակցական երկրներում այդ համակարգը ձեռնտու է բուրժուական խոշոր կուսակցություններին։ Դեմոկրատական ուժերը պայքարում են ներկայացուցչության համամասնական համակարգի համար, որով՝ կուսակցությունների ներկայացուցչությունը պառլամենտում որոշվում է ըստ հավաքած ձայների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png