Մազեր (ուժեղացուցիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազերի նմուշը Վաշինգտոնի ամերիկյան պատմության թանգարանում

Մազեր (անգլերեն` Maser` «Microwave Amplification by Stimulated Emission of Radiation» - «միկրոալիքների ուժեղացում ստիպողական Ճառագայթման միջոցով» արտահայտության բառերի սկզբնատառերից), ռադիո հաճախականությունների տիրույթում ստիպողական առաքման սկզբունքով աշխատող կոհերենտ ճառագայթման աղբյուր կամ ուժեղացուցիչ։ Մազերում որպես բանող նյութ օգտագործվում են ատոմային և մոլեկուլային փնջեր կամ բյուրեղներ։ Ջրածնի կամ ցեզիումի ատոմների փնջով աշխատող Մազերի ստիպողական ճառագայթումը տեղի է ունենում գերնուրբ կառուցվածքի ենթամակարդակների միջև անցումների ժամանակ։ Ցեզիումի Մազերը հնարավորություն է տալիս հաճախականության կայունությունը հասցնել մինչև Δν/νΙΟ13։ Այդ Մազերի ճառագայթման ալիքի պարբերությունը 1967 թվականին ընդունվել է իբրև ժամանակի էտալոն։ Սուտակե Մազերի ստիպողական անցումները տեղի են ունենում Сг+++ իոնների՝ արտաքին մագնիսական դաշտի ազդեցությամբ ճեղքված ենթամակարդակների միջև։ Սուտակե Մազերը կարող է ուժեղացնել մի քանի սանտիմետր երկարության ալիքներ։ Տարածում է գտել նաև ամոնիակի (NH3) մոլեկուլներով աշխատող սարքը, որտեղ օգտագործվում է մոլեկուլի դիպոլային մոմենտի փոփոխությունը, երբ ազոտի ատոմն անցում է կատարում՝ հայտնվելով ջրածնի ատոմների հարթության մյուս կողմում։ Գերբարձր զգայնության շնորհիվ Մազերը անփոխարինելի գործիք է դարձել մոլորակային ռադիոլոկացիայի և ռադիոաստղագիտության բնագավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png