Մագնիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսներից մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ։  Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ։ Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում։ Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը հեռացնենք։ Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական հատկությունները։ Մագնիսական հատկությունները պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն մագնիսներ։ Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից կամ համաձուլվածքներից։ Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային։ Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի հարավային բևեռին, և հակառակը։ Այսպիսով, 2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանունները՝ վանում։ Ցանկացած մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող բևեռներից։

Ինչպես են գործում մագնիսները


Մագնիսական կողմնացույց     Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս։ Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում։ Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է։ Սովորական վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում են։ Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան վերածվում է մի մեծ մագնիսի։ Մագնիսի շրջապատի տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ։