Մագնիսա-տելուրական զոնդավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսա-տելուրական զոնդավորում (մագնիս և լատ. tellus, սեռական հոլովում՝ telluris-Երկիր), երկրի ներքին կառուցվածքը հետազոտելու մեթոդ. հիմնված է արտերկրային ծագման փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի ուսումնասիրության վրա։ Առաջարկել են (1950-53) խորհրդային գիտնական Ա. Ն. Տիխոնովը և ֆրանսիացի գիտնական Լ. Կանյարը։ Երկրի մակերևույթին որոշակի կետում փոխուղղահայաց կերպով տեղադրում են երկու մագնիսամետր և երկու էլեկտրաչափիչ հողակցված գծեր՝ յուրաքանչյուրը 500 մ երկարությամբ։ Այդ սարքերի օգնությամբ դիտարկում են էլեկտրամագնիսական տատանումները, որոնց պարբերությունը կազմում է վայրկյանի մասերից մինչև օր, և էլեկտրական ու մագնիսական տատանումների ամպլիտուդների հարաբերությամբ որոշում ապարների թվացող (միջին) դիմադրությունը ուսումնասիրվող շրջանում։ Մագնիսա-տելուրական զոնդավորման օգնությամբ կազմում են հիմքի կամ բարձր դիմադրությամբ այլ հորիզոնի ստորգետնյա (խորությունը՝ մինչև 5 Կմ) ռելիեֆի քարտեզներ, հետազոտում ապարների էլեկտրահաղորդականության տեղաբաշխման օրինաչափությունները մինչև 400-500 Կմ խորությունը։ Մագնիսա-տելուրական զոնդավորումը և նրա պարզեցված տարբերակը՝ մագնիսա-տելուրական պրոֆիլավորումը, կիրառում են նավթի ու գազի որոնողական աշխատանքներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121