Ճառագայթային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճառագայթային հիվանդություն
Տեսակմահվան պատճառ և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9990
ՀՄԴ-10T66
 Acute radiation syndrome Վիքիպահեստում

Ճառագայթային հիվանդություն, օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն։ Մարդու ճառագայթային հիվանդությունը զարգանում է իոնացնող ճառագայթների, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսա-աղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ։

Տարբերում են սուր ճառագայթային հիվանդություն․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և քրոնիկական, որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր ճառագայթային հիվանդության կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։

Ճառագայթային հիվանդության կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 ռ-ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում ճառագայթային հիվանդության անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։

Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1-2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։

Սուր ճառագայթային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ծանրությամբ արտահայտվող սուր ճառագայթային հիվանդությունը ընթանում է մի քանի փուլով․

  1. Ճառագայթային հիվանդության ընդհանուր նախնական հակազդեցության փուլ, զարգանում է ճառագայթահարումից անմիջապես հետո, տևում մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Նկատվում է սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն։ Ծայրամասային արյան մեջ լինում է լիմֆոցիտանվազում, նեյարոֆիլային լեյկոցիտոզ, ոսկրածուծում՝ միելոկարիոցիտների քանակի պակասում, բջջային երիտասարդ ձևերի վերացում։
  2. Ճառագայթային հիվանդության գաղտնի կամ թաքնված փուլ, սկսվում է ճառագայթահարումից մի քանի օր հետո և տևում է 3-4 շաբաթ։ Հիվանդի մոտ նախնական հակազդեցության փուլին հատուկ կլինիկական երևույթները պակասում են, տեղի է ունենում կարծեցյալ բարելավում, երբեմն նկատվում է մազաթափություն։ Ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների քանակն արագորեն պակասում է, նվազում են նաև թրոմբոցիտները և ռեթիկուլոցիտները։
  3. Ճառագայթային հիվանդության արտահայտված կլինիկական երևույթների փուլ, հիվանդների ինքնազգացումը կրկին վատանում է, ջերմությունը բարձրանում։ Մաշկում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, ուղեղում առաջ են գալիս արյունազեղումներ (արյունահոսական սինդրոմ)։ Արյան մեջ լեյկոցիտանվազումն ավելի է ուժեղանում (ճառագայթային լեյկոպենիա), սկիզբ է առնում սակավարյունություն, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։
  4. Վերականգնման փուլ (տևում է 2-3 ամիս)։ Տեղի է ունենում ճառագայթային հիվանդության բարեհաջող ընթացքի դեպքում։ Բնորոշվում է ինքնազգացման լավացմամբ, ջերմության կարգավորումով, ախորժակի և քնի վերականգնումով։ Ոսկրածուծի գործունեության բարելավման շնորհիվ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս ռեթիկուլոցիտներ, երիտասարդ լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Վերականգնվում են նաև արյան ու մեզի կենսաքիմիական ցուցանիշները։

Սուր ճառագայթային հիվանդությունից հետո կարող են առաջանալ նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, լեյկոզներ, սերունդների մոտ՝ զարգացման արատներ և ժառանգական հիվանդություններ։ Ճառագայթային հիվանդության ընթացքի առանձնահատկությունները պայմանավորված են անհատական և տարիքային ոադիոզգայնությամբ․ երեխաները, ծերերը և հղի կանայք առավել զգայուն են ճառագայթման հանդեպ։

Քրոնիկական ճառագայթային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական ճառագայթային հիվանդությունն ինքնուրույն ախտաբանական միավոր է և սուր ճառագայթային հիվանդությանը նմանվում է իր փուլային ընթացքով։ Նրան բնորոշ է երկարատևությունը, ընթացքի ալիքավորությունը։ Սուր ճառագայթային հիվանդության բուժումը փոխարինողական և ախտանշանային է։ Արյունաստեղծ օրգանների գործաոությունները կարգավորելու համար՝ արյան փոխներարկում, ոսկրածուծի պատվաստում, արյունաստեղծման պրոցեսները խթանող դեղանյութեր, վարակիչ հիվանդությունների դեմ՝ անտիբիոտիկներ ևն։

Քրոնիկական ճառագայթային հիվանդության բուժման համար կիրառվում են ախտանշանային դեղամիջոցներ (սիրտ-անոթային, ստամոքսա-աղիքային և այլ օրգան համակարգերի գործունեությունը կարգավորելու նպատակով), հատուկ սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա։

Կենդանիների ճառագայթային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների ճառագայթային հիվանդությունն առավել ուսումնասիրված է կաթնասունների ու թռչունների մոտ։ Տարբերում են սուր և քրոնիկական ճառագայթային հիվանդությունները։ Սուր ճառագայթային հիվանդությունն առաջանում է 150-200 (թեթև ընթացք), 200-400 (միջին), 400-600 (ծանր) և 600 ռ-ից բարձր (խիստ ծանր) դոզայով միանվագ ընդհանուր ճառագայթահարումից։ Կախված հիվանդության ծանրության աստիճանից՝ կենդանիների մոտ նկատվում է ընկճվածություն, ախորժակի բացակայություն, փսխում, ծարավի զգացում, ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում, մազաթափություն, լուծ (արյունային), սրտի գործունեության թուլացում, լորձաթաղանթներում արյունազեղումներ, արյան մեջ լեյկոցիտների և լիմֆոցիտների նվազում։ Խիստ ծանր ընթացքի դեպքում՝ երերուն քայլվածք, մկանային ցնցումներ և մահ։ Առողջացումը հնարավոր է հիվանդության միջին և թեթև ընթացքի դեպքում։ Քրոնիկական ճառագայթային հիվանդությունն ուղեկցվում է սրտի աշխատանքի աստիճանական թուլացմամբ, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարմամբ, հյուծվածությամբ, վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկմամբ։ Մինչև բուժումը կենդանիներին դուրս են բերում վարակված վայրից, մաշկածածկույթներից ռադիոակտիվ նյութերը հեռացվում են ջրով, լվացող կամ այլ միջոցներով, այնուհետև արյան փոխներարկում, կլանիչներ, խորխաբեր դեղամիջոցներ։

Բույսերի ճառագայթային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի ճառագայթային հիվանդութներից հատկապես վտանգավոր են α-մասնիկների և նեյտրոնների ազդեցությունից առաջացածները։ Ճառագայթման նկատմամբ առավել զգայուն են արմատներն ու երիտասարդ հյուսվածքները։ Ճառագայթահարման ընդհանուր ախտանշան է աճման դանդաղումը։ Բույսերի առանձին տեսակներ, սորտեր ունեն տարբեր ռադիոզգայնություն․ օրինակ՝ տրադեսկանցիայի ճառագայթման հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 40, թրաշուշանինը՝ 6000 ռ-ով ճառագայթահարելուց։ Մահացու դոզան բարձրակարգ բույսերի համար 2000-3000 ռ-ն է, ստորակարգ բույսերինը, օրինակ, խմորասնկերինը՝ 30000-ը։

Ճառագայթահարված բույսերը և կենդանիներից ստացված մթերքը չի կարելի սննդի մեջ օգտագործել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 84