Արցախյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղարաբաղյան շարժումից)

Արցախյան շարժում, 1988 թվականին փետրավին ձևավորվոած շարժում, որը խթանեց Հայաստանում սկսված և հարաճուն զարգացող ժողովրդավարական շարժմանը:

1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը՝ արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը, դիմեց Ադրբեջանական և Հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄԱդրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը։ Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, հանրապետության Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց դիմումին։ Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը։ Փետրվարյան դեպքերը սկիզբ դրեցին մի շարժման, որը հայտնի է որպես «ղարաբաղյան շարժում»։ Այն խթանեց Հայաստանում սկսված և հարաճուն զարգացող ժողովրդավարական շարժումը։ Շուտով ձևավորվեց Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որն իր առջև խնդիր էր դնում ոչ միայն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, այլ նաև հասնել Հայաստանի անկախությանը և վերափոխել երկրի քաղաքականհասարակական կարգերը։

Ղարաբաղյան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային Միության ղեկավարությանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող է վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրության այլ շրջանների համար։ Խորհրդային Միության պետական անվտանգության մաևմինները, օգտագործելով ադրբեջանական ազգայնամոլներին, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թվական փետրվար), Ադրբեջանի այլ վայրերում, ապա Բաքվում (1990թ. հունվար), որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։ Այս ջարդերից հետո շուրջ 400հզ. հայեր ստիպված թողեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերը և նրանց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Շուտով Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ մեծ վնաս պատճառելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսությանը։

Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերին չտրվեց հստակ քաղաքական գնահատական։ 1990 թվական մայիսին Հայաստանում կայացած ընտրություններից հետո իշխանության գլուխ անցան ժողովրդավարական ուժերը և կոմունիստական վարչակարգը վերացվեց, կենտրոնն ավելի բացահայտորեն սկսեց օժանդակել Ադրբեջանին, ուր դեռ պահպանվել էին կոմունիստական կարգերը։ 1991 թվական գարնանն Ադրբեջանի իշխանությունները՝ խորհրդային բանակի մասնակցությամբ իրագործեցին Շահումյանի և Խանլարի շրջանների մի շարք հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանումը։

Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գոչծիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։