Հրեշտակապետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որպես հրեշտակապետեր` Սբ. Գրքում հիշատակված են երեքի անունները` Գաբրիել, Միքայել, Ռաֆայել: Եզրասի Գ գրքում, որը բացակայում է հայ Եկեղեցու աստվածաշնչական կանոնից, հիշատակվում են նաև Երեմիելը և Ուրիելը: Ընդհանրապես մեզ հայտնի հրեշտակապետերի թիվը հասնում է 11-ի, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը, ինչը բնորոշում է նրա ծառայությունը և դիրքը Աստծո առաջ (յուրաքանչյուր անվան վերջում առկա է «Էլ» վերջավորությունը, որը եբրայերենում Աստծո անվան կարճ տարբերակն է): Հրեշտակապետերի անուններն են`

  • Գաբրիել – Աստծո պատկեր
    Միքայել Հրեշտակապետ:
    Միքայել Հրեշտակապետ:
  • Միքայել – Աստծո նման, Աստծո հզոր
  • Ռաֆայել – Աստծո բժշկություն
  • Անայել – Աստծո լրում
  • Ուրիել – Աստծո տեսում
  • Դակուել – Ինքն աստվածային
  • Բարաքիել – Աստվածային սկիզբ
  • Ադոնիել – իմ տերն Աստված է
  • Փանուել – Աստծո հայտնություն
  • Երեմիել
  • Սաղաթիել

Հրեշտակպետերից առավել մանրամասն տեղեկություններ կարելի է իմանալ միայն Գաբրիելի, Միքայելի և Ռաֆայելի մասին, քանզի միակներն են, որ բացահայտված են մեր կանոնական Աստվածաշնչում: Չնայած սբ. Գրիգոր Տաթևացին Գաբրիելի անունը թարգմանում է որպես Աստծո պատկեր, սակայն ընդունված է այն թարգմանել «Աստծո մարդ» (Այր Աստծոյ) կամ «Աստծո զորություն», ինչը Տաթևացին վերագրում է նաև Միքայել հրեշտակապետին:

Եբրայական գրականության մեջ Գաբրիելը միշտ կանգնած է աստծո գահի առաջ, օրհնում է մարդկանց և բարեխոսում է մարդկանց համար: Ենոքի պարականոն գրքում նա հատուկ պատասխանատվություն է կրում դրախտի համար: Նա մյուս հրեշտակապետերի հետ պիտի մասնակցի վերջին դատաստանին, ինչն արտաահյտվել է նաև Նոր կտակարանում (Հայտն. 8:2): Նա վերջին դատաստանի ժամանակ պետք է հնչեցնի մեռյալների հարության փողը. «Գաբրիելեան փողն գոչէ սուրբք ամենայն անդր հաւաքին» (Սուրբ Ներսես Շնորհալի): Սբ. Գրքում Գաբրիելի մասին առաջինը կարդում ենք Դանիելի գրքում (Դան. 8:16, 9:21), ինչից բացահայտում ենք, որ որպես հրեշտակ Գաբրիելը նույնպես արագաշարժ է ու «թռչում է» (Դան. 9:21) և ստացել է մարդկային տեսք, որից, սակայն, մարգարեն ապշում է (Դան. 8:17), ինչպես Զաքարիա քահանան խնկերի սեղանի մոտ (Ղուկ. 1:11-13): Զաքարիային հրեշտակը բացահայտում է իր ով լինելը` ասելով. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը ավետելու» (Ղուկ. 1:19): Սա, ինչպես նաև Աստվածածնի ավետումը (Ղուկ. 1:26-35) ցույց են տալիս, որ Գաբրիելը Աստծո անձնական և անմիջական պաշտոնյան է, որը կատարում է Նրա կարևորագույն հրամանները, որոշումները, տնօրինումները:

Գաբրիելը ավետում է Մարիամին Քրիստոսի ծնունդը

Գաբրիելը հաճախ պատկերներում ներկայացվում է փողը ձեռքիմ կամ շուրթերին, իսկ ավետման դրվագներում` ձեռքին ճերմակ ծաղիկ (բրաբիոն): Միքայել հրեշտակապետի անունն առավելապես ունի հարցական կառուցվածք` «Ո՞վ է Աստծո նման»: Ըստ ավանդության` ա՛յս է եղել նրա մարտական աղաղակն այն ժամանկ, երբ սադրիչ Արուսյակը ապստամբել և ինքն իրեն դրել էր Աստծո տեղ: Միաքայելն էլ առաջին անգամ Սբ. Գրքում հանդիպում է Դանիելի մարգարեության մեջ, ուր ներկայացվում է որպես «ավագ իշխան» (10:13, 21, 12:1): Նրա մասին ակնարկ կա նաև Հուդա Տյառնեղբոր (Հուդա 9) և Հայտնության գրքերում (Հայտն. 12:7): Այս վերջինում որպես «Տիրոջ զորքի զորավար» (տե՛ս Հեսու 5:13-16) պայքարում է բարու և ճշմարտության համար` ընդդեմ վիշապի և նրա զորքերի: Հեսուի գրքի հատվածի վրա հիմնվելով (5:13) և զորավարի պատկերը ամբողջացնելու համար Միքայելի ձեռքին հաճախ պատկերում են մերկացրած սուր, իսկ ոտքերի տակ կրնկակոխ եղած վիշապ: Երբեմն պատկերում են նաև կշեռքը ձեռքին, ինչը ցույց է տալիս արդարներին և մեղավորներին դատելու իրավունքը: Առավել քիչ են տեղեկությունները Ռաֆայել հրեշտակապետի մասին: Դրան հանդիպում ենք միայն Տոբիթի երկրորդականոն գրքում (Տոբ. 5:5-6), ուր հայտնվում է ծպտված կերպով, բժշկում է Տոբիթին և Տուբիի ապագա կնոջը` Սառային (Տոբ. 6:18-21, 11:13-15), ինչպես իր` «Աստծո բժշկություն» կամ «Աստված բժշկում է» անունն էլ է վկայում: Ռաֆայելը ներկայացվում է նաև որպես աղոթքներն առ Աստված հասցնող հրեշտակ (Տոբ. 12:12):

Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու` զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին`«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002թ
  3. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ:
  4. Շնորհք արք. Գալուստեան, Հայազգի Սուրբեր, Երևան, 1997թ.:
  5. Ժամագիրք ատենի, Երուսաղեմ, 1986թ:
  6. Толковая Библия, Том 3, Стокгольм, 1987г.
  7. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով