Հրաչուհի Ջինանյան
Հրաչուհի Ջինանյան (նոյեմբերի 25, 1919 - սեպտեմբերի 19, 2012), դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի։
Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսում: 1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941 թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը: