Հրաչյա Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Հրաչյա Ներսիսյան
Հրաչյա Ներսիսյան
HrNersisyan.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Հրաչյա Ներսիսյան
Ծնվել է՝ 1895 թ., նոյեմբերի 12 (1895-11-12)
Ծննդավայր Նիկոմեդիա
Մահացել է նոյեմբերի 6, 1961 (65 տարեկան)
Մահվան վայր Երևան
{{{2}}} Հայաստան
Ազգություն {{{2}}} Հայաստան
Մասնագիտություն Դերասան

Հրաչյա Ներսիսյան (նոյեմբերի 12, 1895, Նիկոմեդիա - նոյեմբերի 6, 1961, Երևան), կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ [1].

Կենսագրություն[խմբագրել]

Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895թ.-ին, Կոստանդնուպոլսին մոտիկ Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունը ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։

Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։

Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։ 1915 թ.-ին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918 թ.-ին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թ.-ին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922 թ.-ին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։

1923 թ.-ից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։

Դերասանական կյանքը[խմբագրել]

Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։

Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։

Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925թ.-ից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961թ.-ին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։

Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։

Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։

1961թ.-ին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին։ [2]

Խաղացած դերերը թատրոնում[խմբագրել]

  • Դոն Կիխոտ՝ «Ազատագրված Դոն Կիխոտ», 1954 թ.
  • Համլետ՝ «Համլետ», 1925 թ.
  • Կիպար՝ «Պաղտասար աղբար», 1927 թ.
  • Վլադիմիր՝ «Բուքը», 1927 թ.
  • Կոշկին՝ «Լյուբով Յարովայա», 1927 թ.
  • Եֆրայիմ Կաբոտ՝ «Սերը ծփիների տակ», 1928 թ.
  • Բերսենև՝ «Բեկում», 1928 թ.
  • Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն», 1929 թ.
  • Մելիք աղա՝ «Օղակում», 1930 թ.
  • Բորոդին՝ «Ահը», 1932 թ.
  • Վերինա, Համլետ՝ «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1926 թ.
  • Օթելլո՝ «Օթելլո», 1940 թ.
  • Գևորգ Մարզպետունի՝ «Գևորգ Մարզպետունի»
  • Սաֆոնով՝ «Ռուս մարդիկ»
  • Մորֆի՝ «Ռուսական հարց»
  • Շտեֆան՝ «Սերը լուսաբացին»
  • Նավասարդ՝ «Կարմիր մանյակ»
  • Գոլովին՝ «Իլյա Գոլովին»
  • Պահլավունի՝ «Անհանգիստ մարդիկ»
  • Արթին պապ՝ «Նույն հարկի տակ»
  • Լիր արքա՝ «Լիր արքա»
  • Անհայտ՝ «Դիմակահանդես», 1949 թ.
  • Պրոտասով՝ «Կենդանի դիակ», 1951 թ.
  • Պաղտասար աղբար՝ «Պաղտասար աղբար», 1954 թ.
  • Մեք-Գրեգոր՝ «Իմ սիրտը լեռներորում է», 1961 թ.
  • Լանդեցկի՝ «Երբ աքաղաղները կանչում են», 1930 թ.
  • Հարտեր՝ «Տեմպ»
  • Պլատոն Կրեչետ՝ «Պլատոն Կրեչետ»
  • Մալկո՝ «Հեռավորը»

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել]

կադր «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմից, 1958 թ.

Գրականություն Հրաչյա Ներսիսյանի մասին[խմբագրել]

  • Լևոն Քալանթար, Արվեստի մայրուղիներում, 1963.
  • Ю. Юзовский, Образ и эпоха, 1947
  • «Սովետական արվեստ», 1955

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
  2. (1967) Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։