Ազնիվ Հրաչյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրաչյա, Ազնիվից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա (այլ կիրառումներ)
Ազնիվ Հրաչյա
Ծնվել էհունիսի 25, 1853(1853-06-25) կամ մայիսի 20, 1859(1859-05-20)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1919[2] կամ մայիսի 20, 1920(1920-05-20)[3]
Մահվան վայրԴիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր

Ազնիվ Մինասյան, բեմական անունը՝ Հրաչյա[4] (Ազնիվ Գրիգորի Մինասյան, (հունիսի 25, 1853(1853-06-25) կամ մայիսի 20, 1859(1859-05-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919[2] կամ մայիսի 20, 1920(1920-05-20)[3], Դիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնիվ Հրաչյան ծնվել է Կոստանդնուպոլսում։ Բեմ է բարձրացել 1869 թվականին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» և այլն)։ Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Նրա այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատերախմբում։ Այդ շրջանի լավագույն դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՚Արկ (Ֆ. Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ. Օնիեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Դյումայի «Կամելիազարդ տիկինը»)։ 1883 թվականին թողել է բեմը, ապա դարձյալ խաղացել Թիֆլիսի հայկական թատերախմբում (1893-1894), Բաքվի հայկական թատրոնում (1890-1900-ական թթ.)։

Համիդյան ջարդերի հետևանքով 1896 թվականին ընտանիքը գաղթել է Թիֆլիս։ Այնուհետև նյութական ծանր վիճակից ելնելով տեղափոխվել է Բաքու՝ Պերճուհի դստեր մոտ, որն ամուսնացած էր Ստեփան Թումանյանի հետ

Հրաչյան հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նրա արվեստին բնորոշ էր խոր հուզականությունը և դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի համադրումը։ Հրաչյան արմատապես հրաժարվել է դերասանական խաղի մելոդրամային ոճից և հակվել դեպի XIX դարի վերջի և XX դարի սկզբի հոգեբանական թատրոնը[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցում դերասանուհուն խնամել են համքարական ընկերության կողմից վարձած երկու բուժքույր՝ Անահիտ Աղաջանյանը և Վարսենիկ Զաքարյանը[6]։ Մահացել է Դիլիջանում։ Ազնիվ Հրաչյայի թաղումը կազմակերպել է Դիլիջանի համքարային ընկերությունը, իսկ տեղի դարբինները, սեփական նախաձեռնությամբ, նրա գերեզմանի շուրջը երկաթե ձևավոր ցանկապատ են սարքել և վրան փակցրել երկաթատառ տապանագիր. «Հայ բեմի մեծ վարպետ Ազնիվ Հրաչյա»։ Հետագայում Դիլիջանի թատերական ընկերությունը գերեզմանի վրա կանգնեցրել է սև մարմարե հուշաքար՝ վրան սպիտակ մարմարից կերտված Ազնիվ Հրաչյայի կիսադեմը[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականի սեպտեմբերի 14-ին ամուսնացել է Պոլսի Օրթագյուղի մեջ հարգված կաթոլիկ Գարայան Սահակ աղայի զավակի՝ գրագիր Անտոն Գարայանի հետ, որի ծնողները դեմ էին այդ ամուսնությանը ոչ միայն Ազնիվի լուսավորչական լինելու, այլև դերասան լինելու պատճառով։ Նշանվելու մասին իմանալուց հետո հայրը դուրս էր արել որդուն տանից և հեռացրել աշխատանքից։ Սակայն մինչև ամուսնությունը հարթվել էր այդ կնճիռը․ Ազնիվի անբիծ հեղինակության մասին ծանոթներից տեղեկանալով՝ նշանածի հայրը Ազնիվի հետ հանդիպման ժամանակ առաջ էր քաշել պապական եկեղեցով ամուսնանալու հարցը։ Ազնիվը կարողացել էր համոզել, ասելով, որ «դուք ունեք 14 զավակ, իսկ իմ մոր համար ես միակն եմ»[8]։

1878 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Պերճուհին, 1880 թվականի փետրվարին ծնվել է երկրորդ դուստրը՝ Արմենուհին, 1883 թվականի հունվարի 30-ին ծնվել է որդին՝ Հայկը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՐԱՉԵԱՅ (1909). Արշակ Չոպանյան (ed.). «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ (ինքնակենսագրություն)» (PDF) (եռամսյակ պարբերական). թիվ 1-2. Փարիզ: Անահիտ (հանդես). էջեր 18–29. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  • Ազնիվ Հրաչյայի ինքնակենսագրականի շարունակությունը, Անահիտ (հանդես), թիվ 3-4, էջեր 71-91, 1909 թվական, Փարիզ, խմբագիր՝ Արշակ Չոպանյան
  • Ազնիվ Հրաչյայի ինքնակենսագրականի շարունակությունը, Անահիտ (հանդես), թիվ 5-6, էջեր 109-122, 1909 թվական, Փարիզ, խմբագիր՝ Արշակ Չոպանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Anahit_paris/1909/1-2.pdf
  2. 2,0 2,1 2,2 Ազնիվ Հրաչյա, գլուխ 1 Կենսագրական փաստեր ( էջ 17-16)
  3. 3,0 3,1 3,2 AV Production
  4. ՀՐԱՉԵԱՅ (1909). Արշակ Չոպանյան (ed.). «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ (ինքնակենսագրություն)» (PDF) (եռամսյակ պարբերական). թիվ 1-2. Փարիզ: Անահիտ պարբերական. էջեր 12–29. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  5. «AV Production - Ազնիվ Հրաչյա». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  6. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
  7. dilijanstories (2014 թ․ հուլիսի 17). «Հանրաճանաչ դերասանուհու գերեզմանը Դիլիջանում». Դիլիջանյան պատմություններ. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  8. Ազնիվ Հրաչյայի ինքնակենսագրականի շարունակությունը, Անահիտ (հանդես), թիվ 3-4, էջեր 23-43, 1909 թվական, Փարիզ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիկ Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար։ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երևան, «Նաիրի», 2010, 760 էջ + 40 էջ ներդիր
  • Նաիրա Շահվալադյան, Ազնիվ Հրաչյա, ԳԱԹ, Երևան, 2020

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620