Հրանունկազգիներ (ընտանիք)
Հրանունկազգիներ (լատ.՝ Ranunculaceae) — բույսերի հրանունկածաղկավորներիի կարգի ընտանիք։ Թփեր, կիսաթփեր կամ խոտաբույսեր են՝ հերթադիր կամ հակադիր ռերևադասավորությամբ։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ կտրտված, դասավորված պարուրաձև։ Ծաղկապատը հասարակ է կամ կրկնակի, բաժակաթերթիկները հաճախ վառ գունավորված են, իսկ պսակաթերթիկները վերածվել են տարբեր ձևի նեկտարանոցների։ Ծաղիկները կանոնավոր են կամ անկանոն, առէջները մեծ մասամբ բազմաթիվ են, ազատ, պտղաթերթիկները շատ են, նույնպես ազատ։ Պտուղը մեկ կամ բազմաթերթիկ տերևապտուղ է, սերմիկ կամ ընկուզիկ։ Սերմը ունի յուղալի էնդոսպերմ։
Ընտանիքը ընդգրկում է 48 ցեղ և մոտ 1400 տեսակ, որոնք տարածված են Հարավային և Հյուսիսային կիսագնդերի բարեխառն մարզերում։ Ծառաթփային ներկայացուցիչները պատկանում են քաջվարդ, աթրագեն և մամրիչ ցեղերին։
Հրանունկազգիների ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը թունավոր, իսկ որոշ մասն էլ բուժիչ բույսեր են։[1]
Հղումներ [խմբագրել]
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985