Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)
Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Ստեղծում1850
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԱմիրյան փողոց
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան՝ 1.6/202
Ներկա վիճակկանգուն, փակ, կոնսերվացված
 Hripsime's School for Girls, Yerevan Վիքիպահեստում

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց կամ Հռիփսիմյան իգական գիմնազիա, 19-րդ դարի կեսերին հիմնված գիմնազիա Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Ամիրյան փողոցում (նախկինում՝ Նազարովսկայա)։ Գիմնազիայի շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիորդաց գիմնազիան հիմնվել է 1850 թվականին Երևանում՝ Կովկասի Սուրբ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով[1]։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884 թվականին դարձել օրիորդաց պրոգիմնազիա, 1898 թվականին՝ իգական գիմնազիա։ Ենթարկվել է պետական դպրոցական իշխանություններին և գործել պետական ծրագրերով։

Ուսուցումը եղել է ռուսերենով։ Դասավանդվել են կրոն, հայերեն, ռուսերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն և ձեռագործ։

1866 թվականին բացվել է նախապատրաստական դասարան, ավելացել են նոր առարկաներ՝ կենսաբանություն, բուսաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն, գեղագիտություն, նկարչություն, երաժշտություն և այլն։

1904 թվականին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան՝ ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով։

1917 թվականին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որից 352-ը՝ հայեր։

1918 թվականին ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա։ Դասավանդումը՝ հայերեն, կարևորվել են հայագիտական առարկաները։

1921 թվականից վերակազմավորվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, 1925 թվականից կրել Ալեքսանդր Մյասնիկյանի անունը[2]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքը ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան։ Կառուցվել է 1898 թ. ճարտարապետ Իվան Վագապովի նախագծով։ 1905 թ. շենքը վերակառուցվել է Վասիլի Միրզոյանի նախագծով։ Շենքի բակային հատվածի վրա ավելացվում է երրորդ հարկը, իսկ աջ կողմից կառուցվում է երկհարկանի ընդարձակ նոր մասնաշենք՝ նկուղով և ձեղնահարկով։ Այդ հատվածն այսօր էլ կանգուն է։

1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի խնամատարության և աշխատանքի նախարարությունը։

Կան տեղեկություններ, որ այս շենքում է հիմնադրվել Բրյուսովի անվան ինստիտուտը։ Ավելի ուշ այստեղ են տեղակայվել տարբեր պետական հաստատություններ[3]։

1982 թվականին շենքը սկսել են վերանորոգել, որպեսզի Երևանի պատմության թանգարանը Կապույտ մզկիթից տեղափոխվի այդտեղ։ Շենքի վերանորոգումը տևել է մեկ տասնամյակից ավելի։ Երբ 1994 թվականին թանգարանը տեղափոխվել է այստեղ, վերանորոգումը դեռ ավարտված չի եղել, ցուցասրահները կառուցված չեն եղել, այդ պատճառով էլ այդ շենքում գտնվելու տարիներին Երևանի պատմության թանգարանը որևէ ցուցադրություն չի կազմակերպել։

1997 թվականին թանգարանը այս շենքից տեղափոխվել է, իսկ շենքը՝ մասնավորեցվել։

1997 թվականին, երբ պարզ դարձավ, որ շենքը վաճառվելու է և Երևանի պատմության թանգարանը տեղափոխվելու է այլ շենք, թանգարանը սկսեց պայքարել այդ շենքում մնալու համար։ Բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական-հասարակական գործիչներ կազմակերպել են բողոքի ցույցեր և պիկետներ։ Ի վերջո, Երևանի պատմության թանգարանը Ամիրյան 28/6 հասցեից տեղափոխվեց Ստեփան Շահումյանի անվան №1 հիմնական դպրոցի շենք։

Շենքի ներկայիս կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թ. շենքը գնել է բրիտանահայ գործարար, անգլիաբնակ Վաչե Մանուկյանը։ Նա նույն թվականին գնել էր նաև Սևան հյուրանոցի շենքը և պարտավորվել 5 տարվա ընթացքում վերակառուցել այն, սակայն, ի վերջո, հրաժարվեց շենքից։

1996-1997 թվականներից, երբ Երևանի պատմության թանգարանը տեղափոխվեց շենքից, այն որևէ նպատակի չի ծառայել և չի օգտագործվել։ Մինչև այսօր էլ շենքի դռները փակ են, իսկ շենքի հետնամասի բակը արգելափակվել է այդտեղ բազմահարկ շենքի կառուցման պատճառով։

1996 թ., երբ Վաչե Մանուկյանը ձեռք է բերել գիմնազիայի շենքը, այն դեռևս ներառված չի եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես պահպանվող հուշարձան։ Հետևաբար գնորդի հետ պահպանման պարտավորագիր չի կնքվել։ Շենքն ընդգրկվել է պահպանվող հուշարձանների ցանկում միայն 2004 թ.։ Այդ ժամանակից մինչև այսօր սեփականատիրոջ հետ առքուվաճառքի պայմանագիրը չի փոփոխվել և շենքի պահպանման պարտավորագիր չի կնքվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռիփսիմյան գիմնազիայի լքված ժառանգությունը
  2. «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ (ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ) | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/202
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 597