Հուլիսյան հեղափոխություն (1830)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուլիսյան հեղափոխություն (1830), հեղափոխություն Ֆրանսիայում, որը տապալեց Բուրյանների միապետությունը։ Սկսվել է հուլիսի 27-ին, Փարիզում։ Անմիջական առիթ է ծառայել հուլիսի 25-ին Կարլոս X թագավորի դեպուտատների պալատը (ուր գերակշռում էին լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները) ցրելու, ընտրական իրավունքը հողային ցենզով սահմանափակելու, առաջադիմական մամուլի նկատմամբ հետապնդումները խստացնելու մասին հրամանների ստորագրումը։ Փարիզում (հուլիսի 27-ին) բռնկվեց զինված ապստամբություն, որի գլխավոր շարժիչ ուժն էին բանվորներն ու արհեստավորները և նրանց աջակցող մանր ու միջին բուրժուական տարրերը, որոշ առաջադեմ մտավորականներ։ Ապստամբները, որոնք հանդես էին գալիս ի պաշտպանություն 1814-ի սահմանադրական խարտիայի և ընդդեմ Պոլինյակի հետադեմ կառավարության, հուլիսի 29-ին գրավեցին Թյուիլրին և կառավարական այլ շենքեր։ Կարլոս X հրաժարվեց գահից և փախավ Անգլիա։ Հեղափոխությունը հաղթեց։ Օգտվելով բանվոր դասակարգի անկազմակերպվածությունից և անփորձությունից, մանր բուրժուական դեմոկրատիայի թուլությունից՝ բուրժ. վերնախավը իր ձեռքը վերցրեց իշխանությունը և դեպուտատների պալատում, չնայած հանրապետականների ընդդիմությանը, որոշեց թագը հանձնել Լուի Ֆիչիպ Օռլեանցուն, որը օգոստոսի 7-ին հռչակվեց «ֆրանսիացիների թագավոր»։ Հուլիսյան հեղափոխությամբ Ֆրանսիայում հաստատվեց բուրժուական միապետություն։ Չնայած ժողովրդական զանգվածների հեղափոխական ակտիվությանը, նրանք չկարողացան ձեռք բերել դեմոկրատական ազատություններ, քաղաքական իրավահավասարություն և այլն։ Սակայն Հուլիսյան հեղափոխությունը ունեցավ առաջադիմական նշանակություն, քանի որ վերջ տվեց ազնվականության քաղաքական տիրապետությանն ու ֆեոդալական-միապետական կարգերը վերականգնելու բոլոր փորձերին։ Մեծ էրՀուլիսյան հեղափոխության միջազգային նշանակությունը, այն հարված հասցրեց [[Սրբազան դաշինք]]ի հետադեմ համակարգին, նպաստեց ազգային-ազատագրական շարժման վերելքին Եվրոպայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png