Հորատման գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանի հորատում

Հորատման գործիքներ, հորատելիս ապարն անմիջականորեն քայքայող գործիքներ։ Դրանք են՝ հորատագլխիկը, հորատադուրը, հորատանցքի լայնիչը, հորատաձողը և այլն, որոնք պատրաստվում են պողպատից, իսկ առաջին երեքը ամրանավորվում են նաև կարծր համաձուլվածքով կամ ալմաստով։ Հորատման գործիքների համակցություն է հորատը, որը կազմված է հորատագլխիկից, հորատաձողից, պոչամասից և մեքենայից հորատի դուրս գալը կանխող ելուստից։ Հորատի ներսում կա գլանաձև անցք, որտեղից հորատանցքի խորշ է մատուցվում ջուր կամ խտացված օդ՝ հորատամանրուքը հեռացնելու համար։ Կախված հորատվող ապարի հատկություններից և հորատման եղանակից՝ օգտագործվում են տարբեր ձևերի հորատման գործիքներ։ Հորատամուրճով հորատելիս գործածվում են միադուրանի և խաչաձև հորատագլխիկներ, գայլիկոններով հորատելիս՝ հատուկ ձևի կտրիչներ, ձողային հորատման ժամանակ՝ առաջանցիկ դուրային սայրով աստիճանաձև գլխիկներ, հորատման գնդիկային եղանակի դեպքում՝ մի քանի (հաճախ երեք) թաթեր ունեցող ատամնավոր և փշամեխային դուրեր, սյունակային եղանակով հորատելիս՝ ալմաստային գլխիկներ, ալմաստային, կարծր, համաձուլվածքային և կոտորուքային դուրեր, հարվածաճոպանային հորատման ժամանակ՝ բազմաձև դուրեր և այլն։ Ըստ հորատամանրուքի հեռացման եղանակի հորատադուրերը լինում են կենտրոնական, կողային և արտաքին փչամաքրմամբ (լվացմամբ)։ Հորատման գործիքների ամրանավորման համար օգտագործվում են վոլֆրամի և կոբալտի տարբեր համաձուլվածքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 585