Հովսեփ Տեր-Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Տեր-Ստեփանյան
Ծնվել է1866/1867
ԾննդավայրՊելեճիկ, Նիկոմեդիայի գավառ, Իզմիթի նահանգ, Թուրքիա
Մահացել է26 փետրվարի, 1943
Մահվան վայրԹեհրան
Ազգությունհայ
ԿրթությունԼոնդոնի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պաշտոնբժշկապետ, որ­բա­նո­ցի տնօ­րեն

Հովսեփ Տեր-Ստեփանյան (1866/1867, Պելեճիկ, Նիկոմեդիայի գավառ, Իզմիթի նահանգ, Թուրքիա- 26 փետրվարի, 1943, Թեհրան), հայ բժիշկ, մանկավարժ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1866/1867 թվականին Թուրքիայի Իզմիթի նահանգի Նիկոմեդիայի գավառի Պելեճիկ (Պիլեճիկ) հայկական քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Ռոդոսթո (Թեքիրդաղ) քաղաքի թաղային վարժարանում։ 1883 թվականին ավարտել է Պարտիզակ քաղաքի Ամերիկյան բարձրագույն վարժարանը։ 1887 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի Ռոբերթ քոլեջը՝ պսակավորի աստիճանով։

1888-1890/1893 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել վիրաբուժական և բժշկական կրկնակի դիպլոմներ։ 1893 թվականին վերադարձել է Ռոդոսթո և աշխատել բժիշկ։ 1896 թվականին տեղափոխվել է Պարտիզակ և շարունակել զբաղվել բժշկությամբ։ Ավելի քան 20 տարի բնախոսություն (ֆիզիոլոգիա) և հոգեբանություն է դասավանդել Գոնիայի «Ճե­նա­նյան» և Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն քոլեջներում։

Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում դասավանդել է անգլերեն և գրականություն, ինչին տիրապետել է բարձր մակարդակով։ Նախասիրած գրքերը եղել են Շեքսպիրի «Հու­լի­ոս Կե­սա­րը» և Գոլթսմիթի «Ամա­յա­ցած գյու­ղը», որոնք յուրաքանչյուր ուսումնական տարեշրջան թարգմանել և տող առ տող վերլուծել է մաքուր և գեղեցիկ հայերենով։ Թարգմանել է Շեքսպիրի «Վե­նե­տի­կի վա­ճա­ռա­կա­նը» ստեղծագործությունը։ Բարձրագույն վարժարանում դասավանդել է նաև մարդակազմություն, առողջաբանություն և հոգեբանություն, որոնք մատուցել է մեծ սիրով, հետաքրքրությամբ ու հումորով՝ աշակերտների մեջ սեր առաջացնելով այդ առարկաների նկատմամբ։ Եղել է հմուտ մանկավարժ, սիրված՝ աշակերտների և հարգված՝ գործընկերների ու Պարտիզակի բնակչության կողմից։

Հեղինակել է «Բիւ­զան­դի­ոն», «Մա­սիս» և այլ պարբերականներում տպագրված բազմաթիվ գիտահանրամատչելի հոդվածներ, ինչպես նաև մարդակազմությանը, ժողովրդական բժշկությանը և առողջաբանությանը նվիրված գրքեր։ 1909-1912 թվականներին եղել է խմբագիրը Պարտիզակի Բարձրագույն վարժարանի Ընթացավարտների ընկերության վեցամսյա «Պար­տի­զակ» հանդեսի (48 էջ), որը լույս է տեսել ընդամենը 7 համար։

1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ, հայրենակիցների հետ թուրքական կառավարության կողմից տեղահանվել ու աքսորվել է դեպի անծանոթ շրջաններ՝ ավարառուներին թողնելով իր երկհարկանի գեղեցիկ տունը, կահ-կարասին ու հարուստ գրադարանը։ Գոնիայում, շնորհիվ երկաթուղու բարձրաստիճան և ազդեցիկ հայ պաշտոնյա պարոն Ավքարյանի ջանքերի, ազատվել է ստույգ մահվան ճիրաններից և նշանակվել նույն ընկերության «Պաշեա­րի» կոչված վայրի հիվանդանոցի բժշկապետ։ Այստեղ նա անձվիրաբար զբաղվել է հայ գաղթականների բուժմամբ և շատերին ազատել աքսորից ու փրկել։ Իր բժշկական արվեստի շնորհիվ փրկվել է անխուսափելի մահից։

1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատել է Քուլելիի կենտրոնական որբանոցի տնօրեն։ Իզմիրի աղետից հետո տեղափոխվել է Հունաստան և մեկ տարի անվարձահատույց աշխատել Սթրունկայի հայկական որբանոցում։ Այնուհետև տեղափոխվել է Ռումինիա` քրոջ` տիկին Սրենցի (Ս. Սրենցի կինը) մոտ։ Այստեղ ևս մեկ տարի զբաղվել է հայ որբերի հարցերով։ Այնուհետև տեղափոխվել է Թեհրան և ապրել ամուսնացած եղբոր՝ անվանի ատամնաբույժ Հարություն Տեր-Ստեփանյանի (1870-1953) մոտ։ Եղել է Թեհրանի հայ բժշկական միության նախագահը։ 1928 թվականի փետրվարին Թեհրանի Հայ ակումբում տոնվել է նրա բժշկական և հասարակական գործունեության 35-ամյակը։ 1943 թվականի սկզբին Ֆրանսիայում տոնել է իր բժշկական գործունեության 50-ամյակը։ Եղել է ամուրի։

Մահացել է 1943 թվականի փետրվարի 26-ին Թեհրանում, 76 տարեկան հասակում։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանչերու թշնամի, գրքույկը նվիրված էր տղաների ձեռնաշարժության վնասներին։
  • Մանչերու բարեկամ։
  • Մարդկային (մարդակազմական) մարմինը։
  • Թոքախտը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Ա.,Դօքտ. Յովս. Տէր-Ստեփանեան (Մահախոսական), Թեհրան, «Ալիք», 1943, մարտ։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1956։
  • Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), կազմ. Ա. Կիրակոսյանը, Ե., 1970։
  • Վարդ Շիկահեր, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975, 120 էջ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։