ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարան
Տեսակերկրաբանական թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել է1937
ՏնօրենԳայանե Գրիգորյան
Կայքgeology.am/museum/(հայ.)
Քարտեզ
Քարտեզ

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թանգարան Երևանում։ Ստեղծվել է 1937 թվականին ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ (1944 թվականի օգոստոսի 26-ից կոչվում է նրա անունով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների հիման վրա և հետագայում համալրվել Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։

Թանգարանի ստեղծման համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական՝ մոտ 4500 նմուշները։ Տարիների ընթացքում բազմաթիվ երկրաբանների շնորհիվ թանգարանը համալրվել է[1]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնէաբանության բաժին
  • Հրաբխականության բաժին[2]
  • Հանքաբանության բաժին[3]
  • Օգտակար հանածոների բաժին[4]
  • Ապարաբանության բաժին[5]
  • Հանքային ջրերի բաժին[6]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական խնդիրը Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների (ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը) և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ (98%-ը՝ Հայաստանի տարածքից), որոնցից ցուցադրվում է 50%-ը։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։

Ցուցադրված նմուշները պարբերաբար փոխարինվում են նորերով։

Միներալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 16-ին թանգարանում բացվել է Արա Ցոլակի Դիլդիլյանի անվան միներալների սրահը, որտեղ ցուցադրվում են նմուշներ աշխարհի տարբեր հանքավայրերից։ Ցուցանմուշները դասակարգվել են ելնելով դրանց քիմիական կազմից՝ քվարցի խումբ, սիլիկատներ, նռնաքարեր, բնածին էլեմենտներ։ Քվարցի խմբում ցուցադրված են 23 նմուշներ, որոնցից մեծ հետաքրքրություն են ներկայացնում ամեթիստները, հերկիմեր ալմաստը, ցիտրինը և այլն։ Քվարցի խմբի միներալները հանդես են գալիս տարբեր ագրեգատային ձևերով՝ դրուզներով, մոնոբյուրեղներով և այլն։

Երկնաքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիխոտե-Ալին, Ռուսաստան։
Անկման ամսաթիվը՝ 12.02.1947 թվական։
Կշիռը՝ 36.8 կգ։
Դասը՝ երկաթյա, կոպտակառուցվածքային օկտաէդրիտ

Լեյցիտի յուրահատուկ բյուրեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյցիտի յուրահատուկ բյուրեղներ կան Փամբակի լեռներում, Հրազդան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Թեժսարի հանրահայտ ինտրուզիվ համալիրը։ Ազգությամբ հայ ապարագետ Վ. Ն. Լոդոչնիկովը բնութագրել է այն իբրև «մագմատիկ ապարների իսկական հրավառություն Հայաստանի լեռներում»։ Թեժլեռան հարավ արևելյան լանջին, այդ համալիրը կազմող ապարների որոշ տարատեսակներում՝ լեյցիտոֆիրներում հանդիպում են լեյցիտի խոշոր (մինչև 8 սմ), կատարյալ ձևի բյուրեղներ։ Այն սիլիկատների դասի միներալ է, կազմում է «լեյցիտոեդրերի»՝ տետրագոն եռաօկտաէդրերի ձև ունեցող բնորոշ բյուրեղներ։ Լեյցիտի նիստերի մակերեսը փայլատ է, մոխրագույն։ Միներալի բնորոշ առանձնահատկությունն է բյուրեղների հալվածությունը, այդ պատճառով էլ բնության մեջ դրանք հանդիպում են մեծ մասամբ գնդի ձևով։

Բնագունեղ քարերի հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագունեղ քարերն օգտակար հանածոների խոշոր ու կարևոր մի խումբ են, որոնք միավորում են թանկագին, կիսաթանկագին և ոչ թանկարժեք քարերը։ Միներալներով ու լեռնային ապարներով ներկայացված բնագույն քարերն օգտագործվում են ոսկերչական իրերում, հուշանվերներում և զարդարվեստի ստեղծագործություններում։

Փիրուզի հանքավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրուզը ոսկերչական գեղեցկագույն քարերից է և հայտնի է մարդկությանը հնուց։ Թեղուտի փիրուզի հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Ալավերդի քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Թեղուտ գյուղի մոտ, ծովի մակարդակից 1200-1300մ բարձրությունների վրա։ Առանձնապես արժեքավոր է հոծ, եզրերում մասամբ թափանցիկ, վառ երկնագույն ու կանաչավուն-երկնագույն փիրուզը՝ առանց խառնուրդների և օտարածին ներփակումների։ Փիրուզը հանդիպում է 15սմ տրամագծով մինչև 2-5 սմ չափեր ունեցող ներփակումների կամ նրբերակների տեսքով։

Ամեթիստի և Ագաթի հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեթիստը քվարցի թանաքագույն կամ թույլ կարմրավուն տարատեսակն է։ Այն հայտնի է հնուց և քվարցի խմբում ամենաթանկարժեքն է։ Ըստ հին ավանդության, ամեթիստն ունի գերբնական ուժ՝ հաջողություն է բերում։ Ամեթիստն օգտագործվում է զարդարվեստում։ Որպես կանոն, բյուրեղների չափերը 0.5-ից մինչև 10 սմ են։ Իջևանի հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում, Իջևան քաղաքից 15 կմ դեպի հյուսիս։ Ներկայումս արդյունահանումը դադարեցվել է։ Նախշի նրբության ու գունագեղության առումով զարմանալի ագաթներ են հանդիպում Հայաստանի հարավում՝ Արծվանիկ գյուղի շրջակայքում։

Հասպիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվարցային գոյացումների բազմաթիվ տարատեսակների մեջ կա մեկը, որը ներառել է արևի լույսի ամբողջ լուսապատկերը՝ դեղնակարմիրը, կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կանաչը, երկնագույնը, դարչնագույնը, գրեթե սևն ու սպիտակը։ Նման ամբողջական ներկապնակ չունի աշխարհում ոչ մի քար։ Մեր ժամանակներում հասպիսը կիրառվում է ոսկերչական իրեր, քանդակներ, սեղանածածկեր պատրաստելիս, ճարտարապետության մեջ և այլուր։ Հայաստանում հասպիսը բավականին լայն տարածում ունի։ Այն կարելի է հանդիպոլ Վայոց ձորում, Սևանի լեռնաշղթայում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Մեծավան (Շահնազար) գյուղի մոտ, Երևան քաղաքի շրջակայքում (Ջրվեժ գետի կիրճում) և այլուր։ Գունավորմամբ ու նախշերով զարմանալի գեղեցիկ հասպիս կա Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Չինչին գյուղի շրջակայքում։

Քարացած փայտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական գործում զգալի պահանջարկ ունեն քարացած փայտի դեկորատիվ տարատեսակները։ Զոլավորությամբ ու համակենտրոն զոնալային կառուցվածքով նրանք հիշեցնում են ագաթ։ Քարացած փայտն օգտագործվում է վզնոցների, ոչ թանկարժեք ոսկերչական զարդերի ագույցների, հուշանվերների պատրաստման համար։ Հավաքածու կազմողների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում գունեղ օղակաձև նախշով քարացած փայտի ողորկափայլ թերթիկներն ու բեկորները։ Հայաստանում քարացած փայտի տարածման շրջաններ են հրաբխային տարածքները, ուր հրաբուխների ժայթքումները տեղի են ունեցել պալեոգենի ժամանակաշրջանի անտառածածկ գոտիների սահմաններում։ Դեկորատիվ լավ հատկություններ ունի Սարիարի հանքավայրի քարացած փայտը։ Այն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Շիրակի մարզում, Գետիկի՝ Փամբակ գետի ձախ վտակի վերին հոսանքում։

Գունավոր խառնաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության մեջ որևէ առարկային, շենքերի պատերի ու սյուների երեսապատմանը դեկորատիվ տեսք հաղորդելու համար հաճախ օգտագործվում են լեռնային ապարների գունավոր բեկորներից ու գլաքարերից կազմված խճանկարներ։ Բնությունն ինքը ոչ հազվադեպ ստեղծում է զարմանալի ու հոյակապ խճանկարներ, ինչը ստիպում է հիանալ նրա «ստեղծագործությամբ»։ Գունավորումով ու նախշերով հրաշալի գունագեղ խառնաքարեր կան Հաղարծին (Ջարխեչ) գյուղի մոտ՝ Դիլիջան քաղաքից ոչ հեռու։ Խառնաքարերը կազմված են բազմագույն կրաքարային բեկորներից, որոնք ցեմենտացած են նույն կրային նյութերով։ Բեկորներն առավելապես վարդագույն, դեղնավուն, բաց աղյուսագույն են։ Գլաքարերի չափերը 2-3 սմից մինչև 15 սմ են։ Ջարխեչի խառնաքարերն արտահանվել են Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա։ Դրանցով երեսապատվել են Մոսկվայում Համագումարների պալատի ու մետրոպոլիտենի մի շարք կայարանների, իսկ Փարիզում ֆրանսիական պառլամենտի շենքի ներքին պատերը։ Դեկորատիվ արժեք ունեն Վայքի գունավոր խառնաքարերը։ Դրանք տարածված են Արփա գետի կիրճում՝ Հայաստանի հարավում։

Օբսիդիաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական օբսիդիաններն ունեն ոսկերչական ու կիրառական հիանալի հատկություններ։ Օբսիդիանը գործածվում է զարդարվեստում, այլ իրերի ու հուշանվերների պատրաստման համար։ Խոշոր հանքավայրեր են Արտենին, Գյումուշ-Ջրաբերը, Հատիսը և այլն, որոնցից կարելի է հավաքել հրաշալի օբսիդիաններ։

Մարմարային օնիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարային օնիքսը (եղնջաքար) զարմանալի ու շատ գեղեցիկ քար է։ Նախշերով ու գունավորումով այն նման է ագաթին, սակայն տարբերվում է նրանից ավելի փոքր կարծրությամբ։ Մարմարային օնիքը պակաս կարծր է և ոսկերչական գործում գրեթե չի օգտագործվում։ դրանից պատրաստում են ծաղկամաններ, տակդիրներ, զարդատուփեր և այլ հուշանվերներ։ Մարմարային օնիքսի գեղեցիկ նմուշներ կարելի է հավաքել որոտան գետի կիրճում՝ Տաթև գյուղի շրջակայքում։ Հանդիպում են նաև Հանքավանի առողջարանի մերձակայքում, Արտաշատ քաղաքի մոտ և Հայաստանի այլ վայրերում։

Հայաստանի երկրաբանական հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական հուշարձաններ են համարվում ուշադրության արժանի թանկարժեք և հազվագյուտ, հիմնականում անձեռակերտ, բնական գոյացումներն ու լանդշաֆտները, որոնք ձևավորվել են երկրաբանական զանազան պրոցեսների արդյունքում և ունեն գիտական, ուսումնաճանաչողական և գեղագիտական արժեք։ Երկրաբանական հուշարձանները բաժանվում են հետևյալ հիմնական խմնբերի. հրաբխային, արտածին, տեկտոնական, մագմայական, միներալաբանական, հնէաբանական, ջրաերկրաբանական և օգտակար հանածոների։

Հրաբխային ծագման հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքի մեկ երրորդից ավելին ծածկված է հրաբխային գործունեության նյութերով։ Այստեղ կան լավաների և տուֆերի բնորոշ ծածկույթներ՝ ցայտուն արտահայտված հրաբխային սարահարթերով, լավային հոսքեր՝ լավաների սյունաձև ու գնդաձև հրաշալի անջատումներով։ Այդ հոսքերը երբեմն 100 և ավելի կիլոմետր երկարություն ունեն։ Բազմաթիվ են ձևով ու կազմով զանազանվող հրաբխային ռումբերը, որոնց չափերը տեղ-տեղ հասնում են 10 և ավելի մետրի, կան աշխարհում հայտնի՝ պեռլիտների, տուֆերի, օբսիդիանների և հրաբխային գործունեության այլ նյութերի հանքավայրեր ու երևակումներ։ Դրանք լայնորեն տարածված են հանրապետության ամբողջ տարածքում։

Հնէաբանական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանության մեջ սևեռուն ուշադրության են արժանանում երկրաբանական հեռու անցյալի կենդանական (ֆաունա) և բուսական (ֆլորա) աշխարհի մնացորդների գտնված նմուշները։ Դրանց հատուկ նշանակություն է տրվում, քանի որ այդ նմուշների շնորհիվ որոշվում է ներփակվող նստվածքների հասակը, վերականգնվում են երկրաբանական անցած դարակարգերի կլիմայական և ֆիզիկաաշխարհագրական պայմանները։ Հայաստանում ներկայումս հայտնի են բազում մերկացումներ, որտեղ գտնվել են ֆաունայի և ֆլորայի զանազան բրածո մնացորդներ։

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջարանի հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ արևելյան հատվածում, Սյունիքի մարզում, Ողջի գետի վերի հոսանքում, ծովի մակարդակից 1800-2400 մ բարձրությունների վրա։ Հանքավայրի շրջանի երկրաբանական հետազոտման պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից, և գրեթե միաժամանակ սկսվում է նրա շահագործումը։ 1950-ական թվականներին կառուցվել է ոչ մեծ պղնձաձուլարան, որը գործել է 10 տարուց պակաս։ Գրեթե մեկ դար անց Քաջարանի հանքավայրում անցկացվել են մանրամասն երկրաբանահետախուզական աշխատանքներ, հաշվարկվել են հանքանյութերի պաշարները, իսկ 1951 թվականին սկսվել է նրա շահագործումը։ Ներկայումս հանքավայրը շահագործվում է բաց եղանակով՝ բացհանքով։ Շարժվող հատուկ պաստառի օգնությամբ հանքանյութը բացհանքից հասցվում է հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ նրանից ստացվում է պղնձի և մոլիբդենի մեծարժեք խտանյութ։ Հանքանյութում հայտնաբերված են ավելի քան 70 միներալներ, որոնցից գլխավորները խալկոպիրիտն ու մոլիբդենիտն են։ Հիմնական մետաղների հետ մեկտեղ այստեղի հանքանյութը պարունակում է ռենիում, սելեն, տելլուր և այլն։ Իր պաշարներով և պղնձի ու մոլիբդենի հարուստ պարունակություններով Քաջարանի հանքավայրն համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում։ Այն շահագործվում է արդեն գրեթե կես դար, իսկ նրա պաշարները կբավականացնեն ևս հարյուր տարվա համար։ Հանքավայրի բազայի վրա գործում է հզոր պղնձամոլիբդենային կոմբինատ և կառուցվել է Քաջարան քաղաքը։

Սոթքի (Զոդի) ոսկու հանքավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սոթքի գետի վերին հոսանքում, Սևանի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 2200-2500 մ բարձրության վրա։ Հանքավայրն ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն, ոսկին այստեղ ստանում էին դեռևս հեռու անցյալում։ Դրա վկայություններն են հին հանքարանների մնացորդները, աշխատանքի պարզունակ գործիքները, որոնք գտնվել են հանքավայրի տարածքում։ Այն կրկին հայտնաբերվել է 1950 թվականին, իսկ շահագործումը սկսվել է 1976 թվականին։ Հանքանյութերում հայտնաբերված են ավելի քան 120 միներալներ, այդ թվում և բավականին հազվագյուտները՝ նագիագիտը, ռիկարդիտը, վեյսիտը և այլն։ Սոթքի հանքավայրը խոշորագույնն է Կովկասում և Հայաստանի առավել հեռանկարային ոսկեբեր օբյեկտն է։

Հայաստանի շինանյութերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհը շինանյութերի հսկայական շտեմարան է։ Լեռնաշխարհը հատկապես հարուստ է հրաբխային ծագման շինանյութերով՝ բազալտներով, անդեզիտներով, դացիտներով, հրաբխային տուֆերով, պեռլիտներով, պեմզայով և այլն։ Նույն չափով հարուստ է նաև նստվածքային ծագման շինանյութերով՝ ավազաքարերով, կրաքարերով, կավերով, տրավերտինով, գիպսով և կերակրի աղով։ Հայտնի են նաև մետամորֆային ծագման՝ մարմարների, խառնաքարերի և այլ հանքավայրեր։

Ջերմուկի հանքային ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի հանքային ջրերը հայտնի են բուժիչ հատկություններով դեռևս պատմական ժամանակներից։ Քաղաքի մասին առաջին տեղեկությունները հանդիպում են միջնադարյան հին ձեռագրերում։ Ջերմուկ ամրոցը կառուցվել է Արշակունյաց տոհմի թագավորության օրոք (1-ին դար) ու ծառայել է որպես ամառանոց-բուժարան։ Մի քանի հանքային աղբյուրների մոտ մինչև օրս էլ պահպանվել են հնադարյան լողարանների մնացորդներ։ Մեր օրերի Ջերմուկում կարելի է տեսնել ամրոցի պարսպի ավերակները, որ կառուցվել է դեռևս Ք.ա. 189 թվականին։ Քաղաքի շրջակայքը հարուստ է քաղցրահամ ու հանքային ջրերի եզակի աղբյուրներով։ Ջերմուկում շատրվանում է ջերմաստիճանների լայ տիրույթ ունեցող հանքային աղբյուրների մի խումբ, բնական ելքերում 13-ից մինչև 35 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ մինչև 50 մ խորությամբ փորված հորատանցքերում՝ 55 աստիճան ըստ ցելսիուսի։ Ջրերի ելքն ամենուր ուղեկցվում է տրավերտինի կուտակումով աղբյուրի շուրջը։ Բուժիչ ջրի բաղադրությունը բարդ է՝ հիդրոկարբոնատ-սուլֆատ-նատրիում-կալցիումային։ Ընդհանուր հանքայնացումը տատանվում է 3.0-4.82 գ/լ։ Լինելով համաշխարհային ճանաչում ունեցող «Կարլովի վարի» հանքային ջրի նմանօրինակը, Ջերմուկի ջրերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու։

Տրոգոնթերյան փիղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական թանգարանի զարդն է համարվում տրոգոնթերյան փղի կմախքը, որը թանգարանի ամենամեծ ցուցանմուշն է։ Թանգարանային այս նմուշն ունի տվյալ տեսակի համար անսովոր մեծ չափեր։ Նրա երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Կենդանական աշխարհի այս հսկան ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Նրա կմախքը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում։

Խոշոր նումուլիտներ Հայաստանի պալեոգենյան նստվածքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձորի մարզում, Ազատեկ գյուղի մոտ, որը գտնվում է Վայք ավանից 7 կմ դեպի հարավ, կրային ավազաքարերում ու խառնաքարերում գտնվում են չափերով եզակի ֆորամինիֆերների՝ նումուլիտների (Nummulites) զանգվածային կուտակումներ։ Ֆորամինիֆերներն արմատոտնիների դասի առավելապես միկրոսկոպիկ, ծովային և քաղցրահամ ջրերի օրգանիզմներ են, իսկ նումուլիտները (լատիներեն Nummulus բառից) կրաքարային խոշոր ֆորամինիֆերների մի ենթադաս են, որոնց միջին չափերը 0.2-1.5 սմ են, շատ հազվագյուտ դեպքերում էլ 10 սմ։ Դրանց գալարաձև խեցին ունի տափակ սկավառակի կամ ոսպի ձև։ Պալեոգենի նստվածքներում, Ազատեկ գյուղի մոտ, առատորեն կան նումուլիտների մինչև 7 սմ և ավելի չափեր ունեցող բրածո մնացորդներ, ինչպես նաև ծովային ոզնիների և փափկամարմինների քարացուկներ։ Միաժամանակ, նույն տեղում կարելի է հավաքել ոչ թանկարժեք գեղեցիկ քարերի՝ հասպիսների նմուշներ։

Նախնադարյան եզան գանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվել է 1940 թվականին Զանգիբասար (այժմ՝ Մասիս քաղաք) շրջանի Էլյաս գյուղի մոտ գտնվող ավազահանքում (Երևանից 12 կմ հարավ-արևմուտք գտնվող ավազահանքում՝ հողային աշխատանքների ժամանակ)։ Գանգը հայտնաբերվել է 2 մ խորության վրա՝ ռիս-վյուրմ հասակի ավազներում (Ն. Կ. Պաֆֆենհոլցի տվյալներով)։ Նրա հետ միասին գտնվել է նաև պարանոցի երկրորդ ողը (epistropheus)։

Բրածո ռնգեղջյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռնգեղջյուրը ներկայացված է ստորին ծնոտի միակ ձախ հորիզոնական ճյուղով, որը գտնվել է Լենինականի ավազահանքից, Elephas, Equus, Camelus, Cervus և այլ մնացորդների հետ։

Բրածո եղջերու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացորդներ, գտնված Սևանա լճի ավազանից (Բաբաջան, Մազրա), եղջյուրները պատկանում են բրածո ազնվական եղջերվի (Cervus sp.)։

Սյունաձև բազալտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բազալտե երգեհոնը» Գառնի գետի կիրճում

Հայաստանի բազմաթիվ լավային հոսքերում հաճախ հանդիպում են բազալտների ու անդեզիտաբազալտների զանգվածներ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ կազմվածքով։ Բազալտային կամ անդեզիտաբազալտային հոսքը մասնատված է լինում վեցանկյուն-հնգանկյուն հատույթ ունեցող սյուների։ Հայաստանում կան մի շարք հետաքրքիր, իսկ առանձին դեպքերում էլ իրենց գեղեցկությամբ ու ձևերի կանոնավորությամբ եզակի բնական երկրաբանական հուշարձաններ՝ սյունաձև բազալտներ և անդեզիտաբազալտներ։ Այդպիսի երկրաբանական հուշարձաններից են «Բազալտե երգեհոնը» և կորացած բազալտային սյուները Գառնի գետի կիրճում։

Հրաբխային ռումբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխի ժայթքման ընթացքում դուրս նետված և այս կամ այն ձևն ընդունած լավայի կտորները ստացել են հրաբխային ռումբեր անվանումը։ Նրանց ներքին մասը սովորաբար ծակոտկեն կամ բշտիկավոր է, իսկ արտաքին կեղևը պինդ է և ապակու նման՝ օդում արագ սառչելու շնորհիվ։ Հրաբխային ռումբերի չափերը լինում են մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր։ Ձևից կամ մակերեսի ֆակտուրայից կախված տարանջատում են հացակեղևի տիպի, բլիթաձև և իլիկանման հրաբխային ռումբեր։ Առաջին երկու տիպերը բնորոշ են մածուցիկ և շատ հեղուկ լավաներին, որոնք ունեն անդեզիտաբազալտային ու բազալտային կազմ և լայնորեն տարածված են Հայաստանում։ Հրաբխային ռումբերը մեծ քանակությամբ հանդիպում են Արագած, Արայի լեռ հրաբուխների և Գեղամա, Վարդենիսի ու Սյունիքի բարձրավանդակների խարամային կոների լանջերին։ Իլիկանման ձևից բացի, հանդիպում են ոլորուն , պտտման երկարավուն մարմիններ՝ ձգված ծայրերով, երբեմն էլ երկայնակի բացված ճեղքով, ինչպես նաև կիտրոնաձև ու գնդաձև ռումբեր։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են բաց դասընթացներ, հանդիպումներ, խաղեր, էքսկուրսիաներ դպրոցականների, ուսանողների համար[7][8][9][10][11]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Լուսյան (1937-1938)
  • Ա. Ն. Հակոբյան (1938)
  • Ս. Տ. Տիգրանյան (1938-1949)
  • Ն. Ա. Սահակյան-Գոզալյան (1949-1954)
  • Ի. Գ. Գասպարյան (1955-1956)
  • Լ. Ա. Ավագյան (1956-1976)
  • Գ. Բ. Մեժլումյան (1977-1996)
  • Ա. Գ. Գրիգորյան (1996-2011)
  • Գ. Ռ. Գրիգորյան (2011 թվականից առ այսօր)

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա շենքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը
  2. Հրաբխականության բաժին
  3. Հանքաբանության (Միներալների) բաժին
  4. Օգտակար հանածոների բաժին
  5. Ապարաբանության բաժին
  6. Հանքային ջրերի բաժին
  7. Երկրաբանական թանգարանում կայացել է ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում
  8. Լեռների միջազգային օրվան նվիրված էկոկրթական միջոցառում
  9. «Այցելություն Երևանի երկրաբանական թանգարան | Avedisian School». avedisianschool.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «Այցելել էին երկրաբանության թանգարան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Yerevan School N 55 after A.P. Chekhov». chekhov.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 616