Հովհաննես Ե Դրասխտանակերտցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ե Դրասխտանակերտցի
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Հայոց (55-րդ)
Ժամանակամիջոց (898-929)
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Ծնվել է (845-850929)
Ծննդավայր Դրասխանակերտ, Այրարատ
Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
Մաշտոց Ա    Armenian Apostolic Church logo.png    Ստեփանոս Բ

Հովհաննես Ե Դրասխանակերտցի (845-850 - 929), Դվինի վերջին հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։

Կենսագրություն[խմբագրել]

Հովհաննես Դրախստանակերտցին ծնվել է 845-850 թվականների միջև, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Դրասխանակերտ դաստակերտում։ Հիմնական կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, Մաշտոց կաթողիկոսի մոտ, որն իր ազգականն էր։ Ինքնաշխատությամբ խոր տեսական գիտելիքներ է ձեռք բերում ոչ միայն կրոնագիտության, աստվածաբանության, այլև քերականական, հռետորական արվեստի և փիլիսոփայության բնագավառներում։

Դեռ VII դարի քառասունական թվականներին Արաբական խալիֆայությունն իր տիրապետությունն էր հաստատել Հայաստանում։ 9-րդ դարում խալիֆայության ընդհանուր վարչաքաղաքական հենարանը թուլանում է, վերսկսվում են արաբա-բյուզանդական պատերազմները։ Հայ ժողովուրդը գլուխ է բարձրացնում օտար տիրապետության դեմ։ 850-855 թվականների ապստամբության հաղթանակից տարիներ անց՝ 862 թվականին, Աշոտ Բագրատունին ստանում է «իշխանաց իշխան» տիտղոսը՝ Արմինիա փոխարքայության (Հայաստան, Աղվանք և Արևելյան Վրաստան) վրա իր իշխանությունը տարածելու իրավունքով։ Աշոտ Բագրատունին ճանաչվում է նաև Հայոց իշխան․ դա կուսակալության երկրորդ պաշտոնն էր՝ արաբ կուսակալ–ոստիկանից հետո։

885 թվականին Աշոտը արդեն թագավոր է ճանաչվում Արաբական խալիֆայության, և Բյուզանդական կայսրության կողմից։ 450 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերստին ստեղծում է քաղաքական-պետական անկախ իշխանություն։ Անկախության պահպանման համար հայ ժողովուրդը Աշոտ Բագրատունու և նրան հաջորդած Սմբատ Ա, Աշոտ Երկաթ թագավորների ժամանակ օրհասական պայքարի է դուրս գալիս արտաքին և ներքին թշնամիների դեմ հանուն անկախության պահպանման։

Դվին

Այսպիսի քաղաքական դրության պայմաններում 898 թվականին Դվինի կաթողիկոսական գահին է բազմում Հովհաննես Դրախստանակերտցին։ Մինչ այդ նա վարել է եկեղեցական բարձր պաշտոններ, եղել է «դրան եպիսկոպոս», այսինքն եկեղեցական գրեթե երկրորդ դեմքը, և մասնակցել հասարակական-քաղաքական իրադարձություններին։ Կաթողիկոսության տարիներին բնականաբար մեծանում է նրա գործունեության ծավալն ու հասարակական կշիռը։ Արաբ իշխանավոր Յուսուֆին սիրաշահելու նպատակով մեծարժեք ընծաներով գնում է նրա մոտ, որպեսզի կանխի վերջինիս ծրագրած հարձակումը Սմբատ Ա թագավորի տիրույթների վրա։ Ոստիկանը ընծաներն ընդունում է, բայց ոչ միայն չի ընդառաջում կաթողիկոսի թախանձանքներին, այլև կալանավորում է նրան, ապա և հետ տանում, որպեսզի թուլացնի հայերի րնդդիմադիր ուժը և ահաբեկի ժողովրդին։ Դրասխանակերտցին փախուստի է դիմում։ Հայաստանում մնալը ապահով չհամարելով, նախ անցնում է Աղվանք, միառժամանակ հետո՝ Վրաստան, ըստ երևույթին ոչ միայն ապավինելու Արտներսեհ թագավորի մոտ, այլև ավելի ամրապնդելու հայ-վրացական քաղաքական և ռազմական գործակցությունը։

Հովհաննես Դրասխանակերտցին այնուհետև վերադառնում է Հայաստան և հաստատվում Տարոնում։ Տեսնելով, որ շարունակվում են արշավանքները, ստիպված դիմում է բյուգանդական կայսեր օգնությանը։ Պատասխանը լինում է այն, որ ինքը, Աշոտ Երկրորդ (Երկաթ) թագավորի հետ հրավիրվում է Կոստանդնուպոլիս։ Սակայն Տարոնից գալիս է Դերջան, ապա Մանյա այր, շուրջ մեկ տարի այստեղ ապրելուց հետո կրկին վերադառնում է Դվին։ Նրա այս քայլերի իմաստն այն էր, որ նա գնալով Կոստանդնուպոլիս միանշանակ հանդիպելու քաղկեդոնականության խնդիրը, սակայն նա կարողացավ խույս տալ դրանից: Այնուհետև ևս նրա կյանքը շարունակական խռովքի մեջ է անցնում։ Արաբ Նըսրր ոստիկանից խույս տալով, առանձնանում է նախ Գեղա կոչված բերդում, հետո՝ Սևանի կղզում։ Ապա կաթողիկոսը գնում է Բյուրական՝ Դվինում վերահաստատվելու ակնկալությամբ, հանգրվանում հայոց մայրաքաղաք Բագարանում։ Մինչ նա այստեղ էր, մի կողմից Նըսըր և Բեշիր ոստիկանների չարագործությունները, մյուս կողմից՝ ներքին պառակտումները՝ շարունակում էին խռովել Հայաստանը։

Ընդառաջելով Գագիկ Արծրունի թագավորին, նա մեկնում է Վասպուրական՝ դարձյալ Դվինի կաթողիկոսանիստ աթոռը վերադառնալու ակնկալությամբ։ Սակայն, արդեն Նըսըրը գրավել էր Դվինը։

Աշխատություններ[խմբագրել]

Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է գլխավորապես որպես պատմիչ։ Մեզ է հասել կաթողիկոսի հեղինակած երկու աշխատություն։ Դրանցից առաջինը կոչվում է «Վարք կաթողիկոսացն հայոց», մյուսը՝ «Պատմութիւն հայոց»։ Դրասխանակերտցին գրել է նաև «Շարից հայրապետացն Հայոց» աշխատությունը, որտեղ ներկայացնում է Հայոց կաթողիկոսների շարքը՝ սկսելով Բարդուղիմեոսից և Թադևոսից և հասցնելով մինչև իր աթոռակալությունը։ Յուրաքանչյուր կաթողիկոսի վերաբերյալ հաղորդվում է կենսագրական համառոտ տվյալներ։

«Վարք կաթողիկոսացն հայոց» աշխատությունը հայ կաթողիկոսների վերաբերյալ փոքրածավալ մի ցանկ է՝ ՝ սկսած հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչից մինչև իր ժամանակը՝ կենսագրական համառոտ նշումներով։ Չունենալով հանդերձ ուրույն ստեղծագործության բնույթ և, բնականաբար, չլինելով լիարժեք պատմական սկզբնաղբյուր, քանի որ նյութը մեզ ծանոթ է նախընթաց հայ հեղինակների երկերից, այնուամենայնիվ պահպանում է պատմա-բանասիրական որոշակի հետաքրքրություն։ Սույն երկը հնարավորություն է տալիս երբեմն շտկելու ինչ-որ տեղ խախտված ժամանակագրությունը, զատորոշելու շփոթված անուններ, վերականգնելու կաթողիկոսների մերթ ընդմիջված հաջորդականությունը և այլն։

Պատմություն Հայոց[խմբագրել]

Աշոտ Երկաթ՝ հայոց թագավոր

Հովհաննես Դրասխանակերտցին հայ մատենագրության պատմության մեջ հատուկ տեղ է գրավել իր մյուս՝ «Պատմութիւն հայոց» վերնագիրը կրող երկով։ Այն աշխարհաբար է թարգմանել Գ.Բ. Թոսունյանը։ Աշխատությունը հայոց պատմագրության առավել գնահատված աշխատություններից մեկն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության չափազանց ընդարձակ մի հատվածը՝ առասպելական շրջանից մինչև մեր թվարկության 924 թվականը։ Ունի համառոտ առաջաբան, որտեղ հեղինակը ծրագրային կարգով ներկայացնում է բովանդակությունը։ Ենթադրվում է, որ այն գրված է Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու խնդրանքով։ Առաջին մասը քաղված է նախընթաց հայ պատմիչների (Կորյունից մինչև Ղևոնդ) երկերից։

Պատմության երկրորդ մասն ունի ճանաչողական բացառիկ արժեք, քանի որ գրված է ոչ միայն ժամանակակից, այլև ականջալուր, ականատես ու դեպքերին մասնակից հեղինակի կողմից, անմիջական տպավորությունների ու վերլուծությունների հիման վրա։ Իր հաղորդած եղելությունների մասին նա կշռադատում է ոչ միայն մենակ՝ ինքն իր հետ՝ այլև նրանց հևո, ովքեր հաճախ իրենք էին որոշում դեպքերի ընթացքն ու վախճանը և գնահատում հետևանքները։ Ընդարձակ տեղ է հատկացնում մասնավորապես Հայաստանի քաղաքական պատմությանը։ Աշոտ Առաջինից հետո թագավորական իշխանությունն անցնում է որդուն՝ Սմբատին, որը արագ ստեղծում է քաջարի բանակ, հզորացնում իր իշխանությունը և ընդլայնում սահմանները։ Հեղինակը հաճույքով է խոսում նրա օր-օրի բարձրացող հասարակական-քաղաքական հեղինակության մասին։ Դրասխանակերտցին հանձին Սմբատ Բագրատունու տեսնում էր հայրենի երկրի մոտիկ անցյալում վերանվաճված քաղաքական անկախության պահպանողին ու ամրապնդողին։ Պատմիչը ընդարձակ տեղ է հատկացնում Սմբատի ազատագրական երկարատև պայքարին Ատրպատականի Սաջյան էմիրության նվաճողական ոտնձգությունների դեմ։ Նա այդ պայքարը շարունակեց մինչև իր կյանքի ողբերգական մահը։

Սմբատ Ա–ի իշխանության սկզբնական տարիները անցնելով համեմատաբար խաղաղ պայմաններում, երկրի տնտեսական բարգավաճման, շինարարական ու մշակութային կյանքի համար բարենպաստ հող էին ստեղծում։ Այս մասին ևս պատմիչը արժեքավոր մանրամասներ է հաղորդում։ Դրասխանակերտցին ոչ նվազ գոհունակությամբ պատմում է Հայաստանի պետական-քաղաքական վերելքի մասին նաև Սմբատի որդու՝ Աշոտ Երկրորդի (Երկաթի) թագավորության տարիներին։ Աշոտ Երկաթը հանդես է գալիս որպես ռազմական արվեստում քաջահմուտ ու արտակարգ խիզախ զորական, օտար նվաճողներին դուրս է շպրտում հայրենի երկրից և վերստին ազատագրում բռնագրավված հողերն ու ամրոցները։ Նա հետզհետե մաքրում է Բագրևանդի, Շիրակի, Գուգարքի, Տաշիրի գավառները, վրաց մայրաքաղաք Տփղիսը։

Արմինիա կուսակալությունը 750-885 թվականներին

Դրասխանակերտցին վկայություններ է հաղորդում նաև Հայաստանի այլ գավառներում Գագիկ Արծրունու և եղբոր՝ Գուրգենի մղած ազատագրական մարտերի մասին։ Կարևոր հաջողությունների են հասնում հայերը միաժամանակ «Սիսականայ» կողմերը, որոնք երկիր ներխուժած թշնամու «արեանց ճապաղիս հեղուին»։ Ազատագրական կռիվները հաջողությամբ էին պսակվում, թշնամին քայլ առ քայլ զիջում էր իր բռնագրաված բերդերն ու հողերը, ամրապնդվում էր հայ-վրացական միասնությունը, աճում էր երկրի քաղաքական հեղինակությունը, տեղի էր տալիս ժողովրդի հուսալքությունը։ Ձեռք բերված ռազմաքաղաքական հաջողությունները երկարատև չէին լինում, բազմիցս վտանգվում էր երկրի պետական անկախությունը, քայքայվում էր տնտեսությունը, ահավոր սովի տարիներ էին գալիս, կանգ էր առնում շինարարական, մշակութային կյանքը։ Նա բազմաթիվ էջեր է հատկացրել երկրի ներսում տիրող երկպառակություններին, դրանց շարժառիթներին, զարգացման ընթացքին ու, մանավանդ, աղետալի հետևանքներին։ Որպես հասարակական գործիչ, նա գիտակցում էր, որ հատկապես տվյալ ժամանակաշրջանում երկրի համար կենսական անհրաժեշտություն էր ազգային միասնությունը, հասարակական-քաղաքական մարտունակ ուժերի համախմբումը մեկ ընդհանուր կենտրոնական իշխանության շուրջ։ Իսկ այդ էլ հենց պակասում էր։ Հակառակ նաև իր՝ Դրասխանակերտցու ջանքերին, հնարավոր չէր լինում ջլատված միությունը վերականգնել, համախմբել կենտրոնախույս ուժերը։ Այս կացությունը ամենայն նենգությամբ օգտագործվում էր արաբ ոստիկանների քաղաքական ու ռազմական սադրանքների համար, մինչևիսկ եղբայրասպան կռիվների բազում առիթներ ստեղծում։

Պատմագրության նշանակությունը[խմբագրել]

Դրասխանակերտցու Պատմությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև Անդրկովկասի, հատկապես վրաց և աղվան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Շահեկան են մասնավորապես Սմբատ Առաջինի, Աշոտ Երկաթի, իր և Ատրներսեհ Կյուրոպաղատի փոխհարաբերությունների վերաբերյալ հաղորդումները։ Դրանք վկայում են հայ-վրացական բարեկամական համագործակցության, IX—X դարերում ներքին ու ռաղմաքաղաքական միասնությունր ամրապնդելու համար և Արաբական խալիֆայության դեմ մղած պայքարի, Վրաստանի քաղաքական պատմության, մասամբ նաև սոցիալ-տնտեսական կյանքի ու աշխարհագրական, տեղադրական պայմանների մասին։

Աղվանքի և Ուտիքի վերաբերյալ Դրասխանակերտցու Պատմության ամփոփած տեղեկությունների հիմնական մասը թեև ծաղկաքաղ է նախորդ հեղինակներից, բայց և կան ուրույն ու արժեքավոր հաղորդումներ, հատկապես այդ երկրամասերի ներքին կյանքի, Ափշին և Յուսուփ արաբ ոստիկանների այնտեղ կատարած նվաճողական գործունեության և մշակութային առնչությունների մասին։ Դրասխանակերտցու Պատմությունը հայերեն այն սկզբնաղբյուրներից է, որոնք արժեքավոր փաստագրական նյութ են մատակարարում արաբական խալիֆաթի՝ դեպի Անդրկովկաս կատարած արշավանքների մասին։ Այդ տեսակետից Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Ղևոնդ Երեցի, Թովմա Արծրունու պատմագրական երկերի շարքում այն ունի անփոխարինելի արժեք։ Հատկապես կարևոր են Ատրպատականի արաբական ամիրայության IX դարի երկրորդ կեսի և X դարի առաջին քառորդի ռաղմաքաղաքական պատմության, նվաճված ժողովուրդների հանդեպ վարած տնտեսական ու դիվանագիտական քաղաքականության և իրավավարչական համակարգի վերաբերյալ տեղեկությունները։

Դրասխանակերտցին պատմական փաստերը հետագա սերունդներին միայն ի գիտություն հաղորդող հեղինակ չէ, ունի իր ոչ միայն ականատեսի ու մասնակցի, այլև, այսպես կոչված, հեղինակային վերաբերմունքը դեպքերի, երևույթների, մանավանդ, դեմքերի նկատմամբ։ Խտացած ու շիկացած խոսքերով է մատուցում արաբ իշխանապետերի շահատակությունները, հայ իշխանավորների անհեռատես վարքագիծը և իբրև այս բոլորի հետևանք Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր իրավիճակը։ Բայց պայծառ տրամադրությամբ է ներկայացնում Աշոտ Ա, Սմբատ Ա, Աշոտ Երկաթ արքաներին, Գևորգ Մարզպետունուն և այլոց՝ իբրև քաղաքական անկախություն նվաճած և այն պահպանելու համար անհավասար պայքարի ելած գործիչների։ Հայաստանի տնտեսության ու մշակույթի բարգավաճման մեջ նրա խոսքը ներգործող ուժ ունի ազգային-հասարակական լիցքով։

Դրասխանակերտցուն նախորդել է կաթողիկոս Մաշտոց Ա Եղվարդեցին, իսկ հաջորդողը՝ Ստեփանոս Բ Ռշտունին, ով կաթողիկոսական աթոռը տեղափոխել է Աղթամար կղզի՝ Սուրբ Խաչ։

Աշխատություններ և թարգմանություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Նախորդող
Մաշտոց Ա Եղվարդեցի
Armenian cross2.jpg
Հայոց կաթողիկոս
Հովհաննես Դրասխանակերտցի

898-929
Հաջորդող
Ստեփանոս Բ Ռշտունի